Միջոցառումը միտված էր նաև հայ հասարակության ներսում արցախցիների դեմ շրջանառվող ու տարածվող կեղծ նարատիվներին իրականությունը հակադրելու և դրանով իսկ պայքարելու` ատելության խոսքի դեմ

Անվտանգային վերլուծությունների ինստիտուտը` նորաստեղծ «Արցախ» ծրագրի շրջանակներում, հունիսի 27-ին կազմակերպել է ինտերակտիվ պանելային քննարկում՝ «Ինքնապաշտպանություն Արցախում սեպտեմբեր 2023» խորագրով։ Քննարկման նպատակն էր` անդրադառնալ 2023 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում Արցախում ինքնապաշտպանության կազմակերպման իրական ընթացքին, ռազմական գործողությունների մասին ճշմարտությանը, ինչպես նաև, արցախցիների առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին ու բռնի տեղահանման շուրջ փաստարկված տվյալներին։
Միջոցառումը միտված էր նաև հայ հասարակության ներսում արցախցիների դեմ շրջանառվող ու տարածվող կեղծ նարատիվներին իրականությունը հակադրելու և դրանով իսկ պայքարելու` ատելության խոսքի դեմ։
Քննարկմանը բանախոսում էին Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, ռազմական փորձագետ Գրիգորի Սահակյանը, Ստեփանակերտի ՀԲԿ անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի վարիչ Գրիգորի Առստամյանը, Արցախի ԱԻՊԾ մամլո խոսնակ Հունան Թադևոսյանը, մարտական գործողությունների մասնակից, Մարտունի քաղաքի ավագանու անդամ Արտակ Մկրտչյանը։
Քննարկման սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան գոյապայքարում իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակը։
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, ողջունելով ներկաներին, հույս հայտնեց, որ հետագա քննարկումներում կկարողանան ապահովել ավելի շատ հայաստանյան հայրենակիցների մասնակցություն, քանի որ արցախցիներն արդեն այդ ամենի միջով անցել են, այդ ամենը տեսել են։
Ռազմական փորձագետ Գրիգորի Սահակյանը ներկայացրեց 2023 թ.-ի ադրբեջանական ագրեսիայի ուղղությունները, նպատակները, մարտավարությունները և դրան Արցախի ՊԲ և աշխատրհազորայինների կողմից ցուցաբերված դիմադրությունը։
Նա նշեց, որ 2020.թ. 44-օրյա պատերազմից հետո այլևս ՊԲ-ն ի վիճակի չէր ամբողջությամբ իր վրա վերցնելու Արցախի Հանրապետության անվտանգությունը։
«Նախկինում մեր երկրի սահմանները մոտ 300 կմ ձգվածություն են ունեցել, ապա 2020թ․ պատերազմից հետո արդեն ունեցել ենք 1,5-2 անգամ ավելի ձգվածություն, որի հետ մեկտեղ, պաշտպանական շրջանները զրկվել էին ինժեներական կառույցներից։ Նախկին համակարգից պաշտպանված են եղել միայն Հաթերքի ուղղությամբ որոշ դիրքեր, իսկ մնացած բոլոր դիրքերը սկսել են կառուցել 2020 թվականից», ասել է Գ․ Սահակյանը։
Խոսելով նոր կառուցված դիրքերի մասին՝ նա ավելացրեց, որ ընդհուպ մինչև 2023թ. սեպտեմբեր ամիսը դիրքերի կահավորման խնդիր է եղել, իսկ ինժեներական աշխատանքների կատարմանը անմիջապես խոչընդոտում էր ադրբեջանական կողմը՝ խաղաղապահ ուժերի համապատասխան պատասխանատուների միջոցով սպառնալիքների փոխանցելով։
«2020թ-ից հետո, մարտ և օգոստոս ամիսներին, հակառակորդը ձեռնամուխ եղավ և գրավեց Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի, իսկ օգոստոսին էլ Սարիբաբի դիրքերը և Արցախի արևմտյան հատվածի բոլոր բարձրունքները։ Դա մեզ համար ազդակ էր, որ հակառակորդը չի կանգնելու իր դիրքերում և բարելավելով այն, ի վերջո, կդիմի պատերազմական գործողությունների», — նշել է նա։
Գ․ Սահակյանը նշեց, որ ինչպես Արցախի ժողովուրդը, այնպես էլ ռազմական ղեկավարությունը, ինչ-որ տեղ, հույս են ունեցել, որ մինչ 2025թ․ խաղաղապահ զորքերը թույլ չեն տա լուրջ գործողություններ լինեն, որոնք կհանգեցնեին էթնիկ զտման։
«Մենք հույս ենք ունեցել, որ խաղաղապահ ուժերը իրենց վրա դրված պարտավորվածությունները լիովին կկատարեն։ Այդ համոզմանն էին նաև զինվորականները, բայց 2022թ․-ի այդ կարևոր գործողություններից հետո մենք սկսեցինք կասկածել և բոլոր գործողություններում տեսանելի էր էթնիկ զտման վտանգ»,-ասել է Սահակյանը։
Խոսելով դիմադրության կազմակերպման մասին՝ նա նշեց, որ ունեցել են համապատասխան զենք-զինամթերք, անձնակազմ, որն ունակ էր իր առջև դրված խնդիրները լուծելու, սակայն 2020թ․ պատերազմից հետո Արցախը հայտնվել էր օղակի մեջ, և ռազմական տեսակետից այդ խնդիրները դարձել էին դժվար կատարելի։
Գրիգորի Սահակյանն ընդգծեց, որ 2020թ-ի պատերազմից հետո հակառակորդն անընդհատ հետախուզություն էր իրականացնում թե՛ օդային, իսկ 2020թ-ից՝ նաև վերգետնյա դիտակետերից, այն աստիճանի, որ արդեն մարտական հերթապահություն էին իրականացնում։
«Չի եղել մի 30 րոպե, որ հակառակորդը մեզ չհետախուզի։ Մեր յուրաքանչյուր շարժ նրանք վերահսկում էին, իսկ, երբ մենք մեր եղած հակաօդային միջոցները ուղղում էինք այն խոցելու համար՝ ՌԴ խաղաղապահ զորքերը արգելում էին՝ ասելով, որ պատերազմ կսկսի», -ասել է Գ․ Սահակյանը։
Անդրադառնալով վերջին պատերազմի հնարավոր այլ արդյունքներին՝ նա նշեց, որ հնարավոր կլիներ ևս 1-2 օր դիմադրել՝ ավելի շատ զոհերով, սակայն վերջնաարդյունքը էլի նույնը կլիներ։
«Մենք կարող էինք շատ մեծ կորուստներով ճեղքել և նույնիսկ դուրս գալ Հայաստանի սահման, եթե այդ պայմանավորվածությունը տեղի չունենար։ ՊԲ խնդիրն այդ ժամանակ եղել է այն, որ Ադրբեջանը ստիպված է եղել չշարունակել պատերազմը, նստել սեղանի շուրջ և ինչ-որ պայմաններով կանգնեցնել այն»,-նշել է նա։
Խոսելով հակառակորդի կորուստների մասին՝ նա նշեց, որ միայն Ճարտարի «Կոհակ» բարձունքի ուղղությամբ թշնամին շուրջ 600 զոհ է ունեցել։
Մարտական գործողությունների մասնակից Արտակ Մկրտչյանը նշել է, որ պատերազմը սկսվել է սեպտեմբերի 19-ին, ժամը 13։10-ին։
«Այդ ժամանակ գտնվում էի Մարտունու դպրոցների մոտ։ Երեխաները վազում էին տուն, մարդիկ մտնում են ապաստարանները, բայց պատկերացրեք մի իրավիճակ, երբ ծնողներն այլ նկուղում էին, երեխաները՝ այլ: Լույս չկար, կապ չկար, մարդիկ չգիտեին իրենց երեխաները ողջ են, թե ՝ ոչ»,-պատմել է Ա․ Մկրտչյանը։
Մարտունիում փոքրից մեծ՝ բոլորը լծվել էին պաշտպանության, որովհետև նահանջելու տեղ չկար։
«Պատերազմը թեժ էր, պետք էր ապահովել պաշտպանություն, քանի որ դիրքերի հիմնական անձնակազմը զոհվել էր, Ազնավուրը 3 հոգու հետ բարձրանում է Կոհակ կոչվող դիրքը՝ ազատագրելու համար։ Դիրքը հետ են վերցնում, սական, ցավոք սրտի, քաղաքապետը զոհվում է մարտերի ընթացքում։ Վստահ էի, որ եթե լուրը Մարտունիում տարածվեր, պատերազմն այլ ելք կունենար․ մարդիկ կոտրված հիասթափված չէին կարողանա կռվել, ուստի այդ պահին փորձում էինք այդ լուրը չտարածել: Իմ համար ծանր էր Ազնավուրի զոհվելու բոթը, ինչպես նար Մոնթե Մելքոնյանի արձանի հանումը»,-ասել է Ա․ Մկրտչյանը։
Ստեփանակերտի ՀԲԿ անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի վարիչ Գրիգորի Առստամյանը ճիշտ չհամարեց առողջապահական համակարգի համար առանձնացնել սեպտեմբերյան վերջին 1,5 օրը։
Նրա խոսքով՝ առողջապահական համակարգի համար պատերազմը սկսվել է 2020-ի սեպտեմբերի 27-ին և ավարտվել է վերջին բժիշկների Արցախից դուրս գալու օրը։
Գ․ Առստամյանն ասաց, որ առողջապահական համակարգի համար կանխատեսելի էր այս ամենը, ուստի իրենք նույնիսկ շրջափակման ժամանակ կարողացել են կուտակել բավարար չափով պատերազմական գործողությունների ընթացքում անհրաժեշտ դեղորայք և բժշկական պարագաներ՝ հույս ունենալով ավելի շատ մարդկանց կյանքեր փրկել։
Արցախի ԱԻՊԾ մամլո խոսնակ Հունան Թադևոսյանը նշեց, որ փրկարարները աշխատում էին բժիշկների հետ համահավասար։
Նա նշեց, որ քաղաքացիական զոհերը եղել են Ասկերանի շրջանի Սառնաղբյուր և Մարտակերտի շրջանի Վանք գյուղերում։
Հունան Թադևոսյանը արձանագրում է, որ բոլոր փաստերը վկայում են, որ Ադրբեջանը նպատակաուղղված թիրախավորում էր քաղաքացիական անձանց։
Ապառաժ