Միջազգային տարբեր ատյաններում ընդհանուր տրամադրություն կա ապահովելու արցախցիների հավաքական վերադարձի իրավունքը
Ընդհանուր տրամադրություն կա միջազգային տարբեր ատյաններում ապահովելու արցախցիների հավաքական վերադարձի իրավունքը՝ միջազգային երաշխիքներով. «Հատկապես օրենսդիր մարմինները Եվրոպական տարբեր երկրներում և Եվրախորհրդարանում՝ քննադատում են Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումները և արցախահայության բռնի ուժով տեղահանությունը, հետևաբար կոչ են անում պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին և պաշտպանել արցախահայության ոտնահարված իրավունքները՝ ապահովելով նրանց հավաքական վերադարձը իրենց պապենական հող»,- «Ապառաժ»-ի հարցին ի պատասխան ասել է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի հասարակական կապերի պատասխանատու Սարինե Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախումբն աշխատում է ամենօրյա ռեժիմով` առաջ քաշելով արցախահայության հիմնախնդիրներն ինչպես գործադիր, այնպես էլ օրենսդիր մարմիններում, որպեսզի հնարավորինս ձեռնարկվեն անհրաժեշտ քայլերը՝ նրանց իրավունքների պաշտպանության հարցում:
Նրա փոխանցմամբ վերջերս ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը, «Եվրոպացիները հանուն Արցախի» նախաձեռնության հետ միասին, նամակ է հղել ԵՄ ղեկավարությանը, որում մասնավորապես ասվել է. «Որպես ԵՄ քաղաքացիներ մենք դիմում ենք ԵՄ ղեկավարությանը՝ ֆինանսական միջոցներ հատկացնել Արցախից բռնի տեղահանված հայ բնակչությանը Հայաստանի Հանրապետությունում (ՀՀ) բնակարանային արժանապատիվ պայմաններ ապահովելու համար, մինչև պաշտպանության միջազգային մեխանիզմների երաշխավորումը, որոնցով հնարավոր կլինի ապահովել նրանց հավաքական վերադարձն Արցախ»:
Ապառաժ