Արդարադատության միջազգային դատարանի որոշումներն ամրապնդում են Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը․ Գառնիկ Քերքոնյան
Գլխավոր » Լրահոս » Արդարադատության միջազգային դատարանի որոշումներն ամրապնդում են Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը․ Գառնիկ Քերքոնյան

Արդարադատության միջազգային դատարանի որոշումներն ամրապնդում են Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը․ Գառնիկ Քերքոնյան

«Ապառաժ»-ի հյուրն է Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և հիմնարար այլ իրավունքների պաշտպանության հանձնախմբի անդամ, միջազգային փաստաբան Գառնիկ Քերքոնյանը։

Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների շրջանակներում շատ է խոսվում հավաքական վերադարձի իրավունքի մասին, հնարավոր համարո՞ւմ եք այդ իրավունքի իրացումը։

-Վերադարձի իրավունքը երեք կարևոր սյուն ունի։ Առաջինն այն է, որ հավաքական պետք է լինի այն, երկրորդը, մանավանդ հիմա, որ ատելության խոսքը շարունակվում է Ադրբեջանի կողմից, պետք է այդ վերադարձը լինի միջազգային հանրության կողմից երաշխիքներով։ Երրորդը, որ շատ կարևոր է, ժողովուրդը պետք է վերադառնա իր հիմնարար իրավունքներով։ Խոսքը կյանքի իրավունքի, ինքնորոշման և այլ իրավունքների մասին է։ Մենք չենք կարող ասել, որ մարդը պետք է վերադառնա Արցախ առանց այդ իրավունքների։

Բավական հաջողություններ ենք ունեցել մեկուկես տարվա ընթացքում։ Շվեյցարիայի խորհրդարանի Ստորին պալատն արդեն բանաձև է ընդունել, որով ստեղծվում է հարթակ վերադարձի իրավունքի քննարկումների համար։ Մի քանի օրվա ընթացքում Վերին պալատն էլ պիտի քվեարկի և հուսով ենք, որ կամրապնդի մեր ջանքը, որ ունենանք այսպիսի հարցերի վերաբերյալ քննարկումների հարթակ։

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ տասնյակ տարիներով ժողովուրդները պայքարում են երրորդ ուժի հարթակի ստեղծման համար, մենք լրջորեն աշխատել ենք և գոնե Շվեյցարայի կառավարությանը համոզել ենք, որ միջազգային արդարադատության դատարանի որոշումներն ամրապնդում են Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը, դա իրականացնելու համար հարթակ պետք է ստեղծվի և բավական առաջընթաց կա այդ առումով։

-Որպես միջազգային իրավագետ՝ նման նախադեպի հանդիպե՞լ եք։

-Ամեն հարց բավական տարբեր է աշխարհաքաղաքական պատճառներով։ Այսօր Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը և ապագան շատ ավելի լավ է ամրապնդված, քան թե այլ օրինակներ։ Ասեմ ինչու։ Մյուս ժողովուրդները՝ օրինակ քրդերը, ասորիները, պաղեստինցիները, չունեն այն հիմքերը, որոշումները, որոնք կան Արցախի պարագայում։

Դրանք են՝ Միջազգային արդարատադության դատարանի որոշումները, Եվրոպական խորհրդի բանաձևերը։ Շվեյցարիան և այլ երկրներ ևս հետաքրքրվել են վերադարձի իրավունքի հարթակ ստեղծելով։ Դժվար է համեմատել։ Հայտնի է, որ այս քայլերն անմիջականորեն շատ կարևոր են, որ ամրապնդեն այս կարևոր իրավունքների դերը Արցախի ժողովրդի ապագայի համար։ Նույնիսկ եթե իրականացնելը տևի երկու տարի կամ քսան տարի կամ ավելի, շատ կարևոր է, որ պայքարը շարունակենք, որովհետև արդեն ընդունված են տարբեր պետությունների, կառույցների կողմից։ Այս հաջողությունները ցույց են տալիս, որ կարծես թե միջազգային հանրությունը տարբեր ձևով է նայում Արցախյան պայքարին և ձեռնարկված քայլերը կարևոր են, որ կարողանանք գոնե ապագայում ավելի լրջացնել, հարթակից անցնել ավելի բովանդակային խոսակցությունների։

-Արցախի ժողովրդի իրավունքի մասին խոսելիս նաև սեփականության, գույքի իրավունքն ենք նկատի ունենում, քանդվում են եկեղեցիներ, տներ, գերեզմանոցներ։ Ի՞նչ կարելի է անել այս իրավունքը պաշտպանելու համար։

-Մի քանի դատական դատական գործեր ենք հարուցել, անշուշտ կան նաև պետական հայցեր։ ՀՀ դատական գործերից զատ արդեն այլ գործեր կան Լոնդոնում, ԱՄՆ-ում, Եվրոպական դատարանում։ Մայր աթոռը դատական գործ է հարուցել 2021 թվականին Ադրբեջանի, տարբեր ընկերությունների դեմ, որոնք ներգարվված էին Բաքվի կատարած Ցեղասպանության մեջ։

Հայցերը վերաբերում են մշակութային, անձնական գույքեր և իրավունքներ պաշտպանելուն։ Դատական գործերը երկարատև գործընթացներ են, անմիջական արդյունքներ չեն տալիս, բայց կարևոր է, որ մարդ հասկանա, որ հայերին վիրավորելով չի կարող առաջ գնալ առանց հարված ստանալու։ Դատական գործերը ճիշտ այդ նպատակով են և ապագայում պետք է ավելի լայնորեն օգտագործենք դրանք՝ ներկայացնելու եւ պաշտպանելու Արցախի ժողովրդի իրավունքները։ Այս դատական գործերը իրավաբանական դաշտում աշխատում են դիվանագիտական քայլերի հետ միասին։ Միասնական մոտեցումը երկու առումով արդյունավետ կլինի։ Դժվար է ասել, թե ինչքան շուտ։ Իրավական առումով երկարատև գործընթաց է, բայց դիվանագիտական առումով բավական լուրջ քայլեր են ձեռնարկվել և հուսով ենք, որ Վերին պալատում հաջող քվեարկությունից հետո կստիպի Շվեյցարիայի  ԱԳՆ-ին քայլեր ձեռնարկելու՝ նման հարթակ ստեղծելու համար։

Զրույցը՝ ստորեւ

1