Միասնականությամբ՝ դեպի հաղթանակ
2019 թվականը հասավ ավարտին` յուրաքանչյուրիս մոտ իր հետեւից թողնելով մի պաստառ, որին նայելով կհիշենք անցնող տարվա ուրախ եւ տխուր պահերը: Անցնող տարում յուրաքանչյուրս էլ ունեցել ենք ձեռքբերումներ, հաղթանակներ, նաեւ կորուստներ, որը կյանքի բնական ընթացք է:
Յուրաքանչյուրս, սակայն, պետք է գիտակցի, որ միայն անցյալով ապրելը չի կարող դառնալ զարգացման եւ առաջընթացի աղբյուր: Ապագայի համար ծրագրված քայլերը երաշխավորն են գալիքն ավելի լավ դիմավորելու եւ կյանքի պաստառը հաղթանակներով գունավորելու:
Վերը նշվածը օրինաչափ է ոչ միայն անհատական կյանքում, այլ նաեւ հասարակական դաշտում: Այդ առումով Արցախի հասարակությունը անցյալ տարվա ընթացքում դեմ հանդիման կանգնեց բազմաթիվ վայրիվերումների: Արցախում գործող քաղաքական ուժերը, նախապատրաստվելով 2020 թվականին կայանալիք համապետական ընտրություններին, հիմք ունենալով իրենց տեսլականներն ու ցանկությունները, կայացրին որոշումներ, որոնք վճռորոշ նշանակություն պետք է ունենան մեր երկրի ապագայի հեռանկարը ուրվագծելու գործում:
Այդ ընթացից անմասն չէր ՀՅ Դաշնակցության Արցախի կառույցը: 2019թ. ամռան սկզբին կայացած ՀՅԴ Արցախի հերթական բարձրագույն ժողովը որոշում կայացրեց մասնակցել 2020թ. Արցախում կայանալիք համապետական ընտրություններին, եւ զգալով քաղաքական դաշտում արմատավորվող անհանդուրժողականության մթնոլորտը՝ կոչ արեց համախմբան:
ՀՅ Դաշնակցությունը միշտ էլ կողմնակից է եղել ժողովրդավարության եւ քաղաքական դաշտում առկա ուժերի ազնվության վրա հիմնված ազատ մրցակցային պայքարի: Սակայն, երբ հասարակական դաշտը դեմառդեմ է կանգնում հիշաչարությամբ հագեցած մթնոլորտի, որը ազնիվ պայքարի վեհությունն աղտոտում է, պահն է գալիս սթափվելու:
ՀՅ Դաշնակցությունն իր միասնության կոչը հղեց հենց այդ մտահոգությունից ելնելով եւ կարողացավ ձեւավորել միասնական օրակարգ, որն ընդունելի էր քաղաքական ուժերի կողմից: ՀՅԴ ջանքերը համաձայնեցված թեկնածուի առաջադրման ուղղությամբ հաջողության չհանգեցին: Իսկ ստեղծված կացության համապարփակ քննարկումների արդյունքում ՀՅԴ Արցախի Արտակարգ Շրջանային ժողովը ծանրակշիռ որոշում կայացրեց՝ պատասխանատվություն ստանձնել 2020թ. նախագահական ընտրություններին մասնակցել սեփական թեկնածուով:
ՀՅ Դաշնակցության համար դեռեւս առկա են մտահոգություններ, որ անթույլատրելի են՝ հասարակության մեջ անառողջ մթնոլորտի ձեւավորումը, պառակտող եւ թշնամանք սերմանող «սեւ» քարոզչությունը: Սրանք այն կարմիր գծերն են, որոնց խախտմամբ բոլորիս պայքարն ավարտվելու է պարտությամբ:
Արցախի հանրության յուրաքանչյուր անհատ եւ, առավելաբար, քաղաքական պատասխանատվության հայտ ներկայացնող յուրաքանչյուր ուժ պետք է խորը գիտակցի, որ Արցախի պետականության, հայրենիքի անվտանգության եւ մեր հաղթանակների ամրապնդման համար անհրաժեշտ է՝ 2020թ. համապետական ընտրություններն առիթ դառնան մեկ անգամ եւս մեր միասնությունն ամրապնդելու եւ բաց ճակատով մեր ապագան կերտելու:
Շնորհավո՛ր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:
«Ապառաժ»-ի խմբագրական,
30 դեկտեմբերի, 2019թ.