Միահամուռ ուժերով կարող ենք հաղթահարել ցանկացած դժվարություն
Գլխավոր » Լրահոս » Միահամուռ ուժերով կարող ենք հաղթահարել ցանկացած դժվարություն

Միահամուռ ուժերով կարող ենք հաղթահարել ցանկացած դժվարություն

Հացեցին շարունակում է ստեղծված բարդ իրավիճակում պայքարելու իր բանաձևը՝ հայրենի հողին կառչած մնալով, սեփականն ու տեղականը ստեղծելով: Այստեղ հետպատերազմյան շրջանում առաջացած խնդիրներին գումարվել են նաև շրջափակման հետևանքով ստեղծված նոր մարտահրավերները: Համայնքի ղեկավար Սանթուր Սարգսյանի խոսքով՝ պատերազմից անմիջապես հետո, երբ մարդիկ վերադարձել են հայրենի բնակավայր, ավելի հույսով և լավատեսությամբ էին լցված, քան այսօր. «Հույս ունեին, որ իրենց հողում առաջվա պես շարունակելու են ապրել, սակայն հիմա քաղաքական իրավիճակը մարդկանց շատ է ճնշում, բայց էլի շարունակում են ապրել, պայքարել, իրենց հողը մշակել»:

Վերջին տարիներին զգալիորեն կրճատվել է խոշոր եղջերավոր անասունների քանակը: Պատճառն այն է, որ արոտավայրերը գտնվում են թշնամու դիրքերի արանքում, դիտարկվող տարածքներում, իսկ բարձիթողի վիճակում էլ հնարավոր չէ անասնապահությամբ զբաղվել: Ս. Սարգսյանի խոսքով՝ խոտհարքերի հետ կապված խնդիրներ ևս կան, գյուղտեխնիկա պետք է աշխատի, իսկ հակառակորդի ստեղծած խնդիրների հետևանքով նաև անասնակերի խնդիր է առաջանում: Գյուղացիների մի մասը զբաղվում է խոզաբուծությամբ, թռչնաբուծությամբ: Խոզաբուծության քանակը դեռ պահպանվում է, բայց այստեղ էլ մտավախություն կա, որ ընթացիկ տարում քանակի զգալի նվազում կլինի՝ պայմանավորված կերի սակավությամբ: Քիչ քանակությամբ ցորեն ու կորնգան են ցանել, բայց տարին երաշտային է, գյուղացիները բերքահավաքից մեծ ակնկալիքներ չունեն: Համայնքապետի տեղեկացնելով՝ միայն գյուղի վերևի հատվածում հնարավոր կլինի քիչ քանակությամբ բերք հավաքել, դա էլ, եթե բնությունը շռայլ գտնվի ու տեղումներ լինեն:

Չնայած հանդիպած դժվարություններին՝ դիտարկվող տարածքների ուղղությամբ թշնամու կրակոցներին, գյուղից հեռացող չի եղել: Բոլոր դժվարություններից դուրս գալու ելք կգտնեն, միայն թե թողնեն հայրենի հողում ապրեն ու արարեն:

Հացեցիները զբաղվում են նաև ջերմոցային տնտեսությամբ: Հովհաննես Մուսայելյանն իր ուժերով կառուցել է մեկ ջերմոց՝ 110 քառ.մետր տարածքով, նաև «Սահման» ՀԿ-ի կողմից նրան տրամադրվել է մեկ ջերմոց՝ 110 քառ. մետր տարածքով, իսկ Գրիգորի Աթայանին «Սահման» ՀԿ-ի կողմից տրամադրվել է մեկ ջերմոց՝ 110 քառ. մետր տարածքով, համապատասխան ներկայացված բիզնես ծրագրերի:

Նրանք ՀԿ-ի կողմից ստացել են անհրաժեշտ շինանյութն ու կառուցել ջերմոցները: Տարվա բոլոր եղանակներին աճեցնում են կանաչեղեն, լոլիկ, լոբի: Հ.Սարգսյանի խոսքով՝ ջերմոցներից մեկը գտնվում է անմիջապես հակառակորդի նշանառության հատվածում, բայց դա էլ չի խանգարում, որ գյուղացին իր հողը մշակի:

ԿԽՄԿ-ի կողմից հացեցիներին տրամադրվել է 14 հատ 30 քառ.մետր տարածքով ջերմոց: Բոլոր ջերմոցներում մշտապես եռուզեռ է:

Հացի գյուղում ինը ընտանիք զբաղվում Է նաև մեղվաբուծությամբ: Համայնքի ղեկավարի խոսքով՝ տնտեսություն զարգացնելով, միևնույն է, չեն կարող ապահովել իրենց պարենային անվտանգությունը:

Ջուրն ապահովված է միայն համայնքի բնակելի հատվածում՝ տնամերձերում: Դրանից դուրս, նաև ջրի սակավությամբ պայմանավորված, մարդիկ չեն կարողանում հող մշակել: Վառելիքի սակավության պատճառով շատ աշխատանքներ թերի են մնում: Խնդիրների ցանկում է նաև գյուղ տանող ճանապարհի ասֆալտապատման հարցը, որի աշխատանքները սկսվել, բայց այդպես էլ գյուղ չեն հասնում: Ամենակարևոր ու առաջնային խնդիրը, սակայն, Հացիում անվտանգության հարցն է:

Վերջին շրջանում երկու ընտանիք /զոհվածի և բազմազավակ/ հայրենադարձ Շանթ Չարշաֆճեանի հիմնադրած «Լորիկ» մարդասիրական հիմնադրամի կողմից ստացել են արևային ջրատաքացուցիչներ:

Գյուղում երիտասարդներ շատ կան, բայց ամուսնացողներ՝ քիչ: Ս. Սարգսյանը հիմնավորում է. «Համագյուղացի Նելսոն Սարգսյանը, ով տարիներ շարունակ գյուղում տարաբնույթ բարեգործական աշխատատանքներ է իրականացրել, գեղեցիկ ավանդույթ ունի. ամեն ամուսնացող զույգի և ծնվող երեխայի գումար է հատկացնում, բայց էլի ամուսնացողներ ու ծնունդներ շատ քիչ են լինում»:

Ստեղծված իրավիճակում բոլորս պարտավոր ենք օգնել իրար և միահամուռ ուժերով հաղթահարել ցանկացած դժվարություն՝ մեր լավատեսությամբ, վճռականությամբ ու հաստատակամությամբ: Այսպես մենք ենք մտածում, այսպես մտածում են նաև պատմական Հացիում:

Նարինե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Ամարաս թերթ

1