Միացիալ Հայաստանի կերտման ճանապարհին
Գլխավոր » «Ապառաժ»-ի խմբագրական » Միացիալ Հայաստանի կերտման ճանապարհին

Միացիալ Հայաստանի կերտման ճանապարհին

30 տարի առաջ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշմամբ Լեռնային Ղարաբաղը մաս կազմեց ՀԽՍՀ-ին: Այդ որոշումը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի միացմանը Հայաստանին:  Ակնհայտ է, որ դեռեւս գոյություն ուներ Խորհրդային Միությունը, եւ որոշումը կայացվել էր այդ ժամանակ գործող օրենքների հիման վրա:

Միացումը լայն հասկացություն է եւ կարող է ունենալ զանազան դրսեւորումներ: Հայ Յեղափոխական Դաշնակցության առանցքային նպատակը Ազատ, Անկախ եւ Միացյալ Հայաստանի կերտումն է ընկերվարական եւ ժողովրդավարական կարգերով: Միացումը Դաշնակցության առանցքային ծրագրային նպատակների հիմունքներից մեկն է: Դեռեւս 1919 թ. մայիսի 26-ին  Անկախ Հայաստանի խորհրդարանի կողմից Հայաստանի Հանրապետության մեկամյակի կապակցությամբ ընդունվել է «Միացյալ եւ Անկախ Հայաստանի մասին» ակտը: Դրանից հետո խորհրդարանում ներառվեցին Արեւմտյան Հայաստանի պատգամավորները: Նույնը տեղի է ունեցել սրանից 30 տարի առաջ: Թեեւ 1989 թ. դեկտեմբերի 1-ին Հայաստանն անկախ պետություն չէր, այդուամենայնիվ Արցախից ընտրված պատգամավորները նշյալ որոշումից հետո հայկական խորհրդարանում իրենց տեղն ունեցան:

Միասնական Հայաստանի կերտման ուղղությամբ Արցախյան շարժման դերը անշրջանցելի է: 30 տարի առաջ կայացած որոշումը իրավական տեսակետից այդ ուղղությամբ մեր հիմնական ձեռքբերումն է:  Իրերի հոլովույթը մեզ պարտադրեց այլ ուղի որդեգրել: Թեեւ Հայաստանի Հանրապետության Հռչակագրում նշվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի սահմանների ներառումը Հայաստանի Անկախ Հանրապետության մեջ, սակայն պարտավոր եղանք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակել որպես անկախ պետություն:

Անկախ նրանից, որ միջազգային իրավունքի տեսակետից ինչ է պարտադրվում մեզ, պետք է խոստովանենք, որ հայկական երկու հանրապետությունները բազմաթիվ ոլորտներում համակցված համակարգերով են աշխատում: Դրանցից կարեւորները անվտանգության եւ ֆինանսատնտեսական համակարգերն են: Իսկ իրավական տեսանկյունից Արցախի քաղաքացիներն օգտագործում են Հայաստանի Հանրապետության անձնագրեր՝ միջազգային իրավական տեսանկյունից համարվելով  Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ:

Պետք է ընդունենք, որ իրականության եւ իրավական հիմունքներով պետական համակարգի կայացման բախման արդյունքում դեմ հանդիման ենք կանգնել մի խառնիճաղանջ իրողության, որից ելք գտնելն անխուսափելի է:

Անշուշտ, վերջնանպատակը Ազատ, Անկախ եւ Միացյալ Հայաստանի կերտումն է, որն իր մեջ ներառում է թե՛ այժմյա հայկական զույգ պետությունները և  թե՛ Ջավախքն ու Արեւմտյան Հայաստանը: Ինչպես Արցախն է Հայաստան, եւ վերջ, այնպես էլ Արեւմտյան Հայաստանն ու Ջավախքը Հայաստան են, եւ վերջ: Իսկ այդ ուղղությամբ Արցախի անկախ պետությունը վերջնական նպատակին հասնելու հանգրվան է:

«Ապառաժ»-ի խմբագրական,

02 դեկտեմբերի, 2019թ.

1