Մի սուր կացին ունեի, ամեն Աստծո օր սրում էի․ պատկերացրեք, թե ինչո՛վ պիտի պաշտպանեի ընտանիքս․ Միքայել Հաջիյանի պատմությունը
Գլխավոր » Լրահոս » Մի սուր կացին ունեի, ամեն Աստծո օր սրում էի․ պատկերացրեք, թե ինչո՛վ պիտի պաշտպանեի ընտանիքս․ Միքայել Հաջիյանի պատմությունը

Մի սուր կացին ունեի, ամեն Աստծո օր սրում էի․ պատկերացրեք, թե ինչո՛վ պիտի պաշտպանեի ընտանիքս․ Միքայել Հաջիյանի պատմությունը

2023 թ. սեպտեմբերի 28-ի ուշ երեկոյ էր: Ստեփանակերտի իր տանը Միքայէլ Հաջեանը վերցնում է լուսանկարները, փաստաթղթերը, շրջանակներից հանում է նկարները, խողովակ դարձնում, որ քիչ տեղ զբաղեցնեն պայուսակում, ապա վերցնում եւս մի քանի անհրաժեշտ իրեր ու սպասում Արցախից Հայաստան գնացող վերջին հանրակառքերից մէկին:

Գիշերուայ ժամը 2:00-ն էր: Մթութիւնը հեղեղի պէս լցուել էր ոչ միայն Ստեփանակերտի փողոցներ, այլեւ` մարդկանց սրտեր: Գիշերուայ լռութեան մէջ հանրակառքը կանգ առաւ` գուցէ մի փոքր տրորելով խաւարն ու խախտելով ցաւից տիրող լռութեան ձայնը: Հանրակառքն արդէն լիքն էր մարդկանցով ու բեռներով, բայց երեւի աւելի շատ` յուսալքութեամբ ու ցաւով: Միքայէլ Հաջեանը մի հայեացք նետեց ներս, ապա մայթին դրած պայուսակներից ընտրեց ամենաանհրաժեշտն ու ներս բարձրացաւ: Պայուսակներն այդպէս էլ մնացին մայթին, բայց Արցախում մնաց նաեւ շատերի, այդ թւում` իմ զրուցակից Միքայէլ Հաջեանի սիրտը:

Փետրուարեան ձնառատ օրերի միջից արեւը յաղթանակած դուրս էր եկել: Երեւանի Չարբախ թաղամասում եմ` հրշէջ կայանի մօտ, սպասում եմ Արցախում յայտնի վերլուծաբան, խմբագիր Միքայէլ Հաջեանին: Մեղմ ժպիտով մօտենում է, բարեւում, ու մի քանի րոպէ անց թւում է, թէ վաղուց ճանաչել եմ նրան. մի տեսակ հարազատութիւն կայ: Առհասարակ Միքայէլ Հաջեանն այդպիսին է` բարի ու լոյս ճառագող, ինչպէս փետրուարեան ձնառատ օրերից յետոյ արեւն է ջերմացնում:

Ֆլորա Հաջեանը` Միքայէլ Հաջեանի կինը, մեզ դիմաւորում է շքամուտքում ու բարեկամաբար հրաւիրում ներս:

Հիւրասենեակում Արցախից բերուած նկարներն են, որոնք արդէն շրջանակներում են, աշխատասեղանի մօտ որդիների` Նորայրի ու Երուանդի յուշանկիւնն է Արցախի դրօշով:

Մեր զրոյցը երկար էր, ինչպէս արցախահայութեան բռնագաղթի ճանապարհն էր: Սկսում ենք անցեալից ու հասնում մինչեւ մեր օրեր:

Պաքւում հայերի նկատմամբ լարուածութիւն միշտ է եղել

Այս տարուայ փետրուարի 17-ին Միքայէլ Հաջեանը դարձաւ 75 տարեկան: Ծնուել է Ազրպէյճանի Աղսուի շրջանի Գիւրջեւան գիւղում: Դպրոցն աւարտելուց յետոյ ընդունուել է Ազրպէյճանի Լենինի անուան պետական մանկավարժական հիմնարկի հայոց լեզուի եւ գրականութեան բաժին: Աւարտելուց յետոյ, որպէս թղթակից, աշխատել է Պաքուի «Կոմունիստ հայեր» թերթում: 1977 թ. դարձել է Ազրպէյճանի հեռուստատեսութեան եւ ռատիոյի պետական կոմիտէի հայերէն հաղորդման խմբագիր: Այդտեղ աշխատել է մինչեւ 1988 թ.:

1988 թ. լարուածութիւնն արդէն կիզակէտին էր հասել: Աշխատանքային պայմաններն այլեւս տանելի չէին, ու հնարաւոր չէր մնալ Պաքւում: Քաղաքում սկսուել էին բազմահազարանոց ցոյցեր հայերի դէմ` վերջիններիս կոչ անելով հեռանալ, այլապէս կը սպաննեն, կը կոտորեն: 1988 թ. փետրուարին տեղի ունեցան Սումկայիթի հայերի ջարդերը, որոնց յաջորդեցին Պաքուի ջարդերը 1990-ի յունուարին:

Միքայէլ Հաջեանն ասում է, որ մինչեւ 1988 թ. էլ ազրպէյճանցիների կողմից մշտապէս լարուածութիւն է եղել հայերի, յատկապէս` հայ մտաւորականութեան նկատմամբ: «Բանուորութեան շրջանում գուցէ այդքան նկատելի չէր, որովհետեւ բանուորութեան շրջապատում որպէս արհեստաւորներ եղանակ էին ստեղծում հայերը, իսկ մտաւորականութեան շրջանում իրենք էին եղանակ ստեղծում, որովհետեւ բոլոր պաշտօններն իրենց ձեռքում էին», նշում է զրուցակիցս:

Սումկայիթի ջարդերի մասին Պաքւում ապրող Միքայէլ Հաջեանը լսել էր Ազրպէյճանից Ռուսաստան գնացող գնացքի ռադիօեթերից: Ռուսաստան էր գնում ընտանեկան հարցերով:

Երբ մարտի 5-ին վերադարձել էր տուն, դեռ տուն չմտած, մի ոստիկան էր մօտեցել նրան` մեղադրանքով, թէ Սումկայիթի անկարգութիւնների (ազրպէյճանցիներն այդպէս էին անուանում իրենց իսկ ձեռքով իրականացուած ջարդերը) կազմակերպիչներից մէկն է: Սա` այն դէպքում, երբ Միքայէլ Հաջեանն աշխատավայրից թոյլտուութիւն էր ստացել` Ռուսաստան մեկնելու համար: Ոստիկանական բաժանմունքում որպէս ապացոյց ցոյց էր տուել իր մօտ պահպանուած տոմսերը:

«Ես հասկացայ, որ վերջ, մեր հանդէպ դանակը հասել է ոսկորին», նշում է զրուցակիցս:

Ռուսաստան գնալն էլ հեշտ չէր ստացուել. աշխատավայրից ասել էին, որ թոյլ կը տան մեկնել Ստեփանակերտ գործուղուելուց յետոյ միայն: 1988-ի փետրուարի 21-ին Միքայէլ Հաջեանը Ազրպէյճանի հեռուստառադիօպետկոմի կողմից մի մեծ խմբի հետ գործուղուել էր Ստեփանակերտ: Նրան ասել էին, թէ իբր այստեղ հայերը ջարդեր են կազմակերպել ազրպէյճանցիների նկատմամբ, եւ պէտք է նրանց համոզել դադարեցնել բռնութիւնը` հասնելով ազգամիջեան խաղաղութեան ու համերաշխութեան: Խմբին նոյնիսկ զգուշացրել էին, թէ երբ Ստեփանակերտի երկաթուղային կայարանում իջնեն, նրանց ոչ ոք չի դիմաւորելու, քաղաք պէտք է հասնեն թաքսիներով, բայց վարորդների հետ հայերէն պիտի խօսեն, այլապէս հայերը հնարաւոր է սպաննեն այլազգիներին: Պաքւում ազրպէյճանցիների ներկայացրած այս պատկերը հեռու էր իրականութիւնից: Մ. Հաջեանը պատմում է, որ Ստեփանակերտի Լենինի (հետագայում` Վերածննդի) հրապարակում հայերը խաղաղ ցոյցեր էին անում:

«Ցոյցի ժամանակ պատի դիմաց կանգնած` զգացի, որ արցունքներս թրջում են այտերս: Իմ դիմաց կանգած զանգուածը ալեկոծւում էր: 37 տարեկան էի, առաջին անգամ էի տեսնում ալեկոծուող հայ ժողովուրդին, որ ալեկոծւում է ցաւից: Ստացուել էր այնպէս, որ ես իմ հայրենակիցների դէմ-դիմաց էի կանգնած: Կարծես թէ նրանց դէմ լինէի: Երբ այդ գիտակցութիւնն ինձ հասաւ, արագ դուրս եկայ, գնացի խմբագրութեան շէնք», վերյիշում է ականատեսը, քիչ անց աւելացնում, որ հաւաքին ներկայ էին նաեւ տեղացի ազրպէյճանցիներ, որոնք համակրում էին ցուցարարներին:

5 րոպէ` մի ամսուայ համար

Պաքուի պետական հեռուստատեսութեան շէնքում հայերէն հաղորդման համար խցի նման մի փոքր սենեակ էին յատկացրել աստիճանների տակ: Յիշում է` սենեակն այնքան փոքր էր, որ ստիպուած էին աթոռներին հերթով նստել: Ամբողջ ամսուայ ընթացքում հայերէն հաղորդմանը յատկացւում էր ընդամէնը 5 րոպէ, որի մէջ 9 թողարկում պիտի տեղաւորէին: Հաղորդման խմբագիրը Միքայէլ Հաջեանն էր: Կարճ եթերաժամանակի պատճառով ստիպուած էին լուսանկարներ օգտագործել, որոնք ուղեկցւում էին երաժշտութեամբ:

«Աստիճանների տակ` մի փոքր խցում, 5-6 հոգի էինք նստում, բաժնի պետը թէկուզ հայ էր կոչւում, բայց գրական հայերէնին չէր տիրապետում, Ղարաբաղի բարբառը գիտէր, ազրպէյճանական կրթութիւն ունէր, ազրպէյճանցի գրող էր համարւում: Երկու բեմադրիչ ունէինք, որոնք ազրպէյճանցիներ էին, հայերէն չգիտէին: Ես էի խմբագիր, բանաստեղծ Գէորգ Աղաջանեանը, հայեր էին հաղորդավարը, բեմադրիչի օգնականն ու մեքենագիրը: Հետագայում, երբ նոր շէնք կառուցեցին, մի առանձին սենեակ տուեցին մեզ», ասում է Միքայէլ Հաջեանը:

Ղարաբաղեան շարժման ալիքը հասաւ նաեւ հեռուստատեսութիւն: Զրուցակիցս նշում է, որ իրենց պարտադրում էին շարժմանը հակառակ հաղորդումներ պատրաստել: Ընդ որում` արդէն լիուլի եթերաժամանակ էին տրամադրում, հաղորդումներն ամէնօրեայ էին, իսկ պատուեգիները` բարձր:

Բայց Հաջեանը գտել էր այլ մօտեցում: Ընտրում էր յաջողութիւն գրանցած որեւէ գործարան կամ արտադրամաս, որտեղ նաեւ հայեր էին աշխատում, եւ հաղորդման մէջ այդ յաջողութիւնները շաղկապւում էին հայերի ու ազրպէյճանցիների համատեղ համերաշխ աշխատանքին: «Ղարաբաղեան շարժման մասին ոչ մի բան չէինք անում: Թուրքերն սկզբում դա ընդունում էին, յետոյ հասկացան, որ մենք խաբում ենք իրենց, այլեւս դա պէտք չէ իրենց: Իսկ Պաքւում, մանաւանդ` հայաշատ թաղամասերում, արդէն սկսուել էին հակահայկական ցոյցերը: Սկսել էինք թաղամասերում հերթապահութիւն իրականացնել: Ամբողջ գիշեր հերթապահում էինք, խարոյկ վառում, որ եթէ յարձակուեն, պատրաստ լինենք», ասում է պատմութեան վկան:

– Մի սուր կացին ունէի, ամէն Աստծոյ օր սրում էի: Պատկերացրէք, թէ ինչո՛վ պիտի պաշտպանէի ընտանիքս,- յիշում է Միքայէլ Հաջեանը:

– Իսկ ի՞նչ էիք մտածում կացինը սրելիս:

– Որ կա՛մ ես պիտի սպաննէի, կա՛մ ինձ դրանով կը սպաննէին, հասկանո՞ւմ ես: Հոգեբանօրէն ինձ ամրացնելու համար էի անում, զգում էի, որ զինուած եմ,- պատասխանում է նա:

Թաղամասով կազի խողովակներ էին անցնում: Երբ ինչ-որ տեղ ազրպէյճանցիների յարձակում էր լինում, որպէս ահազանգ հայերը հարուածում էին խողովակներին, որ բոլորը զգուշանան: Թաղամասը, որտեղ ապրում էին Հաջեանները, հիմնականում միայարկ տներից էր կազմուած: Այդտեղ նաեւ ազրպէյճանցիներ էին ապրում: Մի անգամ ազրպէյճանցի հարեւաններից մէկը, որը Բազմարհեստից հիմնարկի դասախօսներից էր եւ ծագումով Աղսուի շրջանից, ինչպէս` Միքայէլ Հաջեանը, վերջինիս պատմել էր, թէ իրենց տանը որոշել են, որ երբ հայերը յարձակուեն ազրպէյճանցիների վրայ, իրենք ապաստան կը գտնեն Հաջեանների տանը, իսկ երբ ազրպէյճանցիները յարձակուեն հայերի վրայ, Հաջեանները կը գան իրենց տուն: Ի պատասխան սրա` Միքայէլ Հաջեանն ասել էր, որ հարեւանները կարող են հանգիստ ապրել իրենց տանը, քանի որ հայերը որեւէ մէկի վրայ յարձակուել չեն պատրաստւում: Մի անգամ էլ նոյն հարեւանն ասել էր, թէ ինքը գտել է Ղարաբաղի հարցի լուծման բանալին` յաւելելով, որ ասածը Հաջեաններին չի վերաբերում, նրանք բացառութիւն են, բայց Անդրկովկասի մնացած բոլոր հայերին պէտք է քշել Սիպիր, կեթոներ ստեղծել ու թոյլ չտալ, որ հայերը խօսեն միմեանց հետ: Դրանից յետոյ Հաջեաններն այլեւս չէին շփւում այդ հարեւանի ընտանիքի հետ: «Այ սա էր նրանց պատկերացումը հայ ժողովրդի մասին», նկատում է զրուցակիցս:

Հայկական ռատիոյում ազրպէյճանցիները հակահայկական քարոզչութիւն էին անում

1988-ին Պաքուից Երեւան տեղափոխուելուց յետոյ Միքայէլ Հաջեանն աշխատանքի էր ընդունուել Հեռուստատեսութեան եւ ռատիոյի պետական կոմիտէի գրական-գեղարուեստական խմբագրութիւնում: Այնուհետ կոմիտէի նախագահը նրան առաջարկել էր աշխատել ռատիոյի ազրպէյճանական հաղորդումներում որպէս խմբագիր, քանի որ տիրապետում էր ազրպէյճաներէնին ու Ազրպէյճանը լաւ գիտէր: Հաջեանն ընդունել էր առաջարկը, իսկ ահա այդ բաժնի ազրպէյճանցի աշխատողներն ընդդիմացել էին, թէ ինչո՛ւ են հային բերում իրենց բաժին:

Միքայէլ Հաջեանը պատմում է` իրեն ասել էին, որ ազրպէյճաներէն հաղորդումներն ստուգի, քանի որ ռատիոյի հայ աշխատողներն այդ լեզուին չէին տիրապետում: Պարզուել էր, որ հայկական ռատիոյում ազրպէյճանցիները հաղորդում էին այն լուրերը, որոնք հաղորդւում էին Պաքւում կամ գրւում էին Պաքուի թերթերում: Ազրպէյճաներէն յայտարարում էին` «Խօսում է Երեւանը», ինչին յաջորդում էր հակահայկական հաղորդումը: Երբ Մ. Հաջեանը ներկայացրել էր իրականութիւնը, ղեկավարութիւնը պայման էր դրել` ազրպէյճաներէն հաղորդումները եթեր չեն հեռարձակուելու, մինչեւ չլինի Հաջեանի ստորագրութիւնը:

Զրուցակիցս պատմում է, որ ազրպէյճանցիները հայկական ռատիոյում աշխատեցին մինչեւ 1990 թ. Պաքուի հայկական ջարդերը: Երբ վերադարձել էր Գիւմրի (Լենինական) գործուղուելուց յետոյ, ազրպէյճանցիներն արդէն հեռացել էին Հայաստանից:

Արցախ գնացի մէկ շաբաթով, մնացի 28 տարի

Ռատիոյի աշխատանքին զուգահեռ, Միքայէլ Հաջեանն աշխատանքի էր անցել ՀՀ յատուկ ծրագրերի պետական վարչութիւնում` որպէս Ազրպէյճանի գծով փորձագէտ: 1995 թ. քաղաքական, պետական գործիչ Լէոնարդ Պետրոսեանի հրաւէրով մեկնել է Արցախ: Պետրոսեանն այդ վարչութեան պետն էր մինչեւ 1994 թ., իսկ 1994-1998 թթ. ԼՂՀ վարչապետն էր:

Միքայէլ Հաջեանը յիշում է, որ 1995-ի յունուարին ուղղաթիռով Արցախ էին մեկնել շուրջ 20 հոգով: Բայց մէկ-երկու շաբաթ անց գրեթէ բոլորը վերադարձել էին Երեւան, մնացել էին ինքն ու Ալեքսանդր Գրիգորեանը: «Արցախ գնացի մէկ շաբաթով, բայց մնացի 28 տարի», ասում է զրուցակիցս, որն այնուհետ Արցախ էր տեղափոխել նաեւ իր ընտանիքը:

– Ձեզ ի՞նչը պահեց Արցախում:

– Հողը… Գիտէք, իմ հեռաւոր նախնիներն Արցախից էին տեղափոխուել Գիւրջեւան, փաստօրէն իրենց ժառանգներից առաջինը ես տեղափոխուեցի Արցախ: Այդ հողն ինձ մեծ ուժ էր տալիս: Ստեփանակերտը փոքր բնակավայր էր, գրեթէ բոլորն իրար ճանաչում էին, քանի քայլ գնում էիր, այնքան բարեւ էիր ստանում, մարդկային ջերմ մթնոլորտ էր, աւելի լաւ էր, քան Երեւանում էր: Երեւանում քո փողոցից դուրս արդէն ռոպոթ ես:

Երկու որդիները ծառայել են Արցախում:

Աւագ որդին` Նորայրը, 16 տարեկան էր, երբ մասնակցեց արցախեան առաջին պատերազմին: Զինկոմիսարիատում նրան թոյլ չէին տուել ռազմաճակատ մեկնել, բայց Նորայրը չէր յանձնուել: Թաքսով գնացել էր զօրակոչի հանրակառքի հետեւից, ապա Երեւանից քիչ հեռու` Մասիսի շրջանում, կանգնեցրել հանրակառքն ու ներս մտել: Հանրակառքում զօրակոչիկներին ուղեկցող սպան Նորայրին չէր ճանաչում: Վերջինս էլ նկատել էր, որ խմբի տղաներից մէկը բացակայում է ու նրա անուամբ էր ներկայացել: Սպան էլ բարկացել էր. «Այ տղայ Կամօ, ինչի՞ ես ուշանում, մի ժամ է` քեզ ենք սպասում»: Իսկ տղաները քթի տակ ծիծաղում էին:

Հայրը գնացել էր որդուն փնտռելու եւ հասել էր մինչեւ Արցախի Մարտակերտի շրջան` Մատաղիս գիւղ: Այդտեղ հրամանատարը Նորայր Մկրտչեանն էր, ում զինուորներից էր նաեւ Նորայրը: Կրտսեր Հաջեանին գտել էին Մատաղիսի հարեւան Թալիշ գիւղի դիրքերում: Հայրը որդուն մէկ շաբաթով Ստեփանակերտ էր տարել իր հետ, ասում է` նաեւ Երեւան ուղարկելու հնարաւորութիւն կար, բայց որդին հրաժարուել էր` ասելով, թէ տղաներին թողել է դիրքերում, պէտք է վերադառնայ այնտեղ:

Պատերազմի դաշտում թրծուած Նորայրը խնամքով պահում էր զինուորական համազգեստը: 2016 թ. ապրիլեան քառօրեայ պատերազմի ժամանակ նա նորից մեկնեց առաջնագիծ` Թալիշի դիրքեր, որտեղ իրավիճակը լարուած էր: Ապրիլի 2-ին Նորայրը բարձրացաւ դիրքեր, ու ինչպէս յայտնի բանաստեղծութեան մէջ է ասւում` «Բարձունքը մերն է, տղերքը չկան, տղերքն աւելի բարձրում մնացին»: Նորայրը զոհուեց 2016 թ. ապրիլի 4-ի երեկոյեան արկի պայթիւնից:

Հասել ենք մեր զրոյցի ամենածանր կէտին: Միքայէլ Հաջեանը խնդրում է մի պահ անջատել ձայնագրիչը, հիւրասենեակից դուրս է գալիս ծխելու: Լռում ենք, թւում է` ցաւն ու վիշտը կերպարանք են առել իմ դիմաց:

2020 թ. սեպտեմբերի 27-ը կիրակի էր, երբ սկսուեց ազրպէյճանական լայնածաւալ յարձակումը: Միքայէլ Հաջեանը շտապում էր Ստեփանակերտի ռատիոկայան, արտաքին գործերի նախարարութեան շէնքի երկրորդ յարկում տեսել էր կրտսեր որդուն` Երուանդին, որն Արցախի արտաքին գործոց նախարարութեան սփիւռքի բաժնի պետն էր: Նախարարութիւնում գործերը կարգաւորելուց յետոյ Երուանդը մեկնել էր առաջնագիծ: Նա առողջական խնդիրներ ունէր, ողնաշարի համար բուժում էր ստանում, բայց անտեսել էր այդ ամէնը: Երուանդ Հաջեանը զոհուեց 2020 թ. հոկտեմբերի 6-ին Հադրութից արեւելք ընկած հատուածում:

«Մենք այնտեղ երկու զաւակ ենք կորցրել, ասում է հայրը, ու թւում է` սրանք ծխացող վշտից պոկուած բառեր են:

Մի պահ լռում ենք, եւ հասկանում ես, որ բոլոր հարցերն անիմաստ են դառնում:

Իմ առջեւ նստած 75-ամեայ տղամարդը տարբեր պաշտօններ է զբաղեցրել Արցախի կառավարութիւնում, Ազգային ժողովում, Արցախի հանրային ռատիոյում, Արցախում ու արտերկրում տպագրուած բազմաթիւ յօդուածների ու վերլուծութիւնների հեղինակ է: Կեանքի տարբեր շրջափուլերով ու փորձութիւններով անցած մարդը, սակայն, չի կորցրել իր լոյսը, դիմացինին մի բուռ ջերմութիւն ու բարութիւն փոխանցելու ձիրքը:

Հասնում ենք 2023 թ. սեպտեմբերի 19-ին. Ազրպէյճանը հերթական անգամ յարձակուել էր Արցախի վրայ, որն աւելի քան 9 ամիս կատարեալ շրջափակման մէջ էր: Իրավիճակի հանգուցալուծումը կանխատեսելի էր: Ռատիոյի աշխատողները բակում այրեցին երկարամեայ գործունէութեան մասին վկայող թղթերը, ջնջեցին ամբողջ համակարգչային արխիւը: Չէին բացառում, որ ազրպէյճանցիները Ստեփանակերտ կը մտնեն:

– Հսկայական տեղեկատուական հարստութիւնը վառւում էր խարոյկի պէս,- ասում է զրուցակիցս:

– Ի՞նչ զգացիք այդ պահին:

– Ծանր ապրումներ էին: Ինձ թւում էր` ես էլ այդ թղթերի հետ վառուել եմ: Մեր ամէն ինչը` հոգին, սիրտը, մտածողութիւնը, կամքը… Ամէն ինչ դրուած էր այնտեղ: Մենք չէինք ուզում հեռանալ Արցախից, բայց… Վերջին օրերին ուզում էի գնալ գերեզմանատուն, գոնէ տղաներիս հրաժեշտ տալ, բայց չկարողացայ, որովհետեւ գերեզմանատունն արդէն թուրքերի ձեռքին էր: Եթէ գնայի, կա՛մ գնդակահարելու էին, կա՛մ բռնելու էին, տանէին, ճաղերի հետեւ գցէին:

Սեպտեմբերի 28-ը Միքայէլ Հաջեանի վերջին օրն էր Ստեփանակերտում: Առջեւում երկար ճանապարհն էր դէպի Հայաստան:

– Ի՞նչ զգացիք, երբ վերջին անգամ էիք Արցախի հողի վրայ:

– Ստիպուած էինք լքել Արցախը, բայց հոգով-սրտով այնտեղ ենք: Հիմա էլ համոզուած եմ, որ վերադառնալու ենք: Այնքան էլ հեշտ ճանապարհ չի լինի, դա կապուած է Հայաստանի իշխանափոխութեան հետ: Եթէ Հայաստանում իշխանափոխութիւն տեղի ունեցաւ, մեր վերադարձը տեղի կ՛ունենայ: Եթէ ոչ, ապա Արցախը, ինչպէս կորուսեալ Նախիջեւանն է մեզ համար, Արեւմտեան Հայաստանն է, Ջաւախքն է, Ազրպէյճանի հայաբնակ տարածքները կը դառնան:

Արցախը կրակոցով, թէ առանց կրակոցի ազատագրուելու է. Միքայէլ Հաջեանը վստահ է: Ասում է` Ազրպէյճանն ու Թուրքիան նոր պատերազմ են հրահրելու Հայաստանի դէմ` Թուրանի իրենց ծրագիրն իրագործելու համար:

Ամէն օր մտքով նա Երեւանից անցնում է 350 քմ ու հասնում Ստեփանակերտ, շրջում փողոցներով, հասնում որդիների շիրիմին: Ասում է` մինչեւ Արցախ տեղափոխուելը այդպէս կարօտում էր իր հայրենի գիւղը` Գիւրջեւանը, որտեղ յաճախ էր մտովի տեղափոխւում, անգիր գիտէր` իր մանկութեան ու պատանեկութեան կածանները, բուսականութիւնը, պտուղները, թռչունները… Կարօտում էր այդ ամէնը: Բայց Արցախ տեղափոխուելուց յետոյ, ասում է, հոգում մի անբացատրելի շարժ կատարուեց. «Արցախը դարձաւ իմ հայրենիքը: Գիւրջեւանի մասին այնքան չեմ մտածում, ինչքան` Արցախի»:

Հայրը

Ցաւը ներսում սեղմում է, որ ուրիշներին չցաւեցնի ու տխրութիւն չպատճառի: Ինքն էլ մարդ է, միս ու արիւն է, տառապել գիտի, բայց դա անում է գաղտնի: Ընտանիքի անդամների, հարազատների մօտ երբեք չի լացում: Ասում է` լացը տեղափոխում է ներս, իսկ դէմքին ժպիտ է նկարում մարդկանց ներկայութեան:

Աշխատավայրում դէպքեր են եղել, երբ, ասում է, դուռը կողպել է, նայել որդիների լուսանկարներին ու ցաւից ոռնացել: Իսկ երբ դրան թակոց է լսել, սրբել է դէմքը, նկարել ժպիտն ու բացել դուռը: Այդպէս ապրում են խոր ցաւով մարդիկ, որոնց ժպիտի հետեւում կսկիծ ու մորմոք է: Մինչդեռ շատերին կարող է թուալ, թէ այդ մարդիկ ժայռ են, զգացմունք չունեն:

Մի քանի տուն կորցրած այս մարդիկ Երեւանում դարձեալ փորձում են տուն-տեղ դնել:

Միքայէլ Հաջեանն ասում է` Արցախում այսպիսի մի արտայայտութիւն կայ` կանաչ խոտի վրայ կրակ վառել, եւ պատկերացնո՞ւմ էք` որքան դժուար է կանաչ խոտին կրակ վառելը: Հաջեանների ընտանիքը մի քանի անգամ կրակ է վառել կանաչ խոտի վրայ, յարմարուել, յետոյ ստիպուած է եղել հեռանալ: Հիմա հերթական անգամ Երեւանում են կանաչ խոտի վրայ կրակ վառել ու յոյս ունեն, որ այս անգամ վերջինը կը լինի:

ՄԱՐԻՆԷ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

«Ազդակ»

1