Մի փոքր ժպիտ փոքրիկներին․ Արցախի ՀՕՄ-ի «Ժպիտ» ամանորյա ծրագիր
Գլխավոր » Լրահոս » Մի փոքր ժպիտ փոքրիկներին․ Արցախի ՀՕՄ-ի «Ժպիտ» ամանորյա ծրագիր

Մի փոքր ժպիտ փոքրիկներին․ Արցախի ՀՕՄ-ի «Ժպիտ» ամանորյա ծրագիր

Հունվարի 11-ին և 12-ին կայացել է ՀՕՄ-ի Արցախի մասնաճյուղի վարչության նախաձեռնած «Ժպիտ» ամանորյա ձեռնարկը։ Ծրագիրը նախատեսված էր 2020թ. պատերազմում զոհվածների և անհետ կորածների 4-6 տարեկան, 2023թ. սեպտեմբերի 19-ի պատերազմում և սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստի պայթյունից զոհվածների և անհետ կորածների 2-6 տարեկան Արցախից տեղահանված երեխաների համար։

Ծրագրի հովանավորությունն առավելապես ստանձնել է ՀՕՄ-ի ԱՄՆ Արևելյան շրջանի վարչությունը, միացել են նաև ՌԴ-ում գործող «Սասնա տուն» Հայոց լեզվի առցանց դպրոցը, «Լորիկ» բարեգործական հիմնադրամը, ՀՅԴ ԱԵՄ-ը, ՀՕՄ-ի Հայաստանի և Արցախի միավորի անդամներ և այլ նվիրատուներ։ Միջոցառումն անց է կացվել ՀԱՍԵ Արցախի թեմի տրամադրած դահլիճում։ Հայաստանի Աստվածաշնչային ընկերությունը բոլոր երեխաներին տրամադրել է փոքրիկների համար նախատեսված Աստվածաշունչ։ Երեխաներին հյուր էին եկել «էլֆերը», ովքեր խաղերի ու մրցույթների միջոցով խինդ ու ուրախություն են պարգևել նրանց։

ՀՕՄ-ի Արցախի մասնաճյուղի ատենապետուհի Մելանյա Բալայանն իր խոսքում շնորհավորել է անցած տոների կապակցությամբ և մաղթել երջանիկ կյանք՝ խաղաղ երկնքի տակ։ Նա նաև շնորհակալություն է հայտնել ՀՕՄ-ի ԿՎ-ին, ՀՕՄ-ի Արևելյան շրջանին, ՀՕՄ-ի Հայաստանի կառույցին ինչպես նաև նախաձեռնությանը միացած բոլոր աջակիցներին։ «Մեր կորուստն անչափելի է, բայց մենք պետք է ավելի ուժեղ, ավելի համառ գտնվենք և հաղթահարենք բոլոր դժվարությունները։ Մենք նաև այստեղ հավաքվել ենք հասկանալու, որ մենակ չենք, մեր կողքին կան այնպիսի նվիրյալներ, որոնք մեր մասին մշտապես մտահոգ են և այս առումով ուզում եմ հատկապես շեշտել Հայ Օգնության Միության՝ հայ կանանց ամենամեծ կառույցի մասին»,- ասել է նա։ Մելանյա Բալայանը նշել է, որ ՀՕՄ-ը 1990-ական թվականներից Արցախի կողքին է և իր բոլոր ծրագրերը փորձում է կազմակերպել հանուն Արցախի եւ արցախցիների։ Եվ այսօր էլ ՀՕՄ-ն արցախցիների կողքին է։

ՀՕՄ-ի Կենտրոնական վարչության անդամ Զոյա Քոչարյանը, շնորհավորելով ամանորյա տոների առթիվ, մաղթել է, որ նոր տարին լինի սիրո, հավատի, նվիրումի տարի։ «Ի վերջո, ամեն ինչի հիմքում ընկած է սերը։ Եթե բոլորս ապրենք սիրով ու հավատով, իրար թև-թիկունք լինենք, ամեն ինչ շատ ավելի լավ կլինի։ Ես ուզում եմ, որ դուք պահեք արցախցու հոգու ամրությունը, Ձեր հոգում պահեք այն մեծ սերը, որ կա Արցախի նկատմամբ և հավատացեք, որ Արցախը մերն է լինելու, մենք հետ ենք գնալու։ Պահեք Ձեր տեսակը, այն շատ հզոր է, պահեք Ձեր հորովելը, այն ևս հզոր է»,- նշել է նա։

Միջոցառման կայացած լինելու ամենամեծ ապացույցը ուրախությունից փայլող երեխաների աչքերն էին։ «Ուզում եմ շնորհակալություն հայտնել ՀՕՄ-ին, որ միշտ մեր բալիկների կողքին է գտնվում։ Թող հաջողությամբ պսակվի Ձեր ձեռնարկած ցանկացած գործ»,- ասել է ձեռնարկին ներկա մայրերից մեկը։

Լուսանկարները` Տիրուհի Իշխանյանի

Ապառաժ

1