Մի օգնիր ինձ, աշխատիր ինձ հետ. կայացել է արցախյան փոքր բիզնեսի աջակցությանն ուղղված Shop in Armenia հարթակի շնորհանդեսը
Գլխավոր » Լրահոս » Մի օգնիր ինձ, աշխատիր ինձ հետ. կայացել է արցախյան փոքր բիզնեսի աջակցությանն ուղղված Shop in Armenia հարթակի շնորհանդեսը

Մի օգնիր ինձ, աշխատիր ինձ հետ. կայացել է արցախյան փոքր բիզնեսի աջակցությանն ուղղված Shop in Armenia հարթակի շնորհանդեսը

Հուլիսի 27-ին կայացել է արցախյան փոքր բիզնեսի աջակցությանն ուղղված Shop in Armenia հարթակի շնորհանդեսը:

Հարթակի արցախցի արտադրողների մասով պատասխանատու Մարիամ Սարգսյանի խոսքով՝ այն ստեղծվել է արցախցիների արտադրանքը ԱՄՆ-ում ներկայացնելու համար: Գաղափարը Միքայել Հայրապետյանինն է:

«Արցախցիները ոչ թե ինչ-որ օգնության են սպասում, այլ արդեն իսկ ունեն պատրաստի բիզնեսներ և սպասում են գործընկերության հայտերի, որպեսզի միասին աշխատեն և կարողանան իրենց արտադրանքը վաճառել: Այդ պատճառով ընտրվել է «Ոչ թե օգնիր ինձ, այլ աշխատիր ինձ հետ» կարգախոսը»,- նշել է նա:

Արցախցի շուրջ 100 արտադրողների աշխատանքը ԱՄՆ-ում է վաճառվելու: Կազմակերպիչները նախատեսում են հետագայում նոր մասնակիցներ ներառել՝ իրականացնելով ծրագրի երկրորդ փուլը: Նախագծի շնորհանդեսին ներկայացվել է Արցախից տեղահանված եւ Հայաստանում իրենց գործունեությունը կազմակերպած ավելի քան 100 անհատ արվեստագետների, արհեստավորների, փոքր արտադրություն ստեղծած գործարարների արտադրանքը։

«MonTiru» ապրանքանիշը ներկայացնում է ձեռագործ արծաթյա զարդեր՝ հիմնականում արցախյան թեմատիկայով:

2018թվականից գործող բրենդն Արցախում բավականին ճանաչում ուներ: Բրենդի համահիմնադիր Տիրուհի Իշխանյանի խոսքով՝ Արցախում ավելի շատ էր վաճառքը, ներկայումս պատվերներ ունեն նաև Հայաստանից ու սփյուռքից: Տեսականին առանձնանում է արցախյան խորհրդանիշներով, Աստղաշենից հավաքված «աստղերով» պատրաստված տարբեր զարդերով:

Բռնի տեղահանությունից հետո շատ են անհատական պատվերները, երբ արցախցիները պատվիրում են իրենց բնակավայրը խորհրդանշող եկեղեցու կամ հուշարձանի տեսքով արծաթյա զարդ:

Տիրուհու զարդերի կողքին՝ իր մոր ձեռքի աշխատանքներն են:

Լուսինե Գրիգորյանը թղթից հյուսեներ է պարտաստում, արտադրանքի հումքը մաքուր  թուղթն է: Լուսինեն այս գործով հինգ տարի է զբաղվում՝ սկզբից որպես հոբբի էր, հետո արդեն եկամտի աղբյուր է դարձել:

«Տեսել եմ, որ առաջարկը, հետաքրքրությունը կա, սկսել եմ պատրաստել: Ստեփանակերտում պատվերով աշխատում էի, տեղահանությունից հետո էլ մի քանի տոնավաճառների մասնակցելու հրավերներ եմ ստացել: Տնից եմ պատվերներ իրականացնում»,- ասում է նա:

Լուսինեն մեծ ակնկալիք ունի նորաստեղծ հարթակից:

Shop in Armenia հարթակը հնարավորություն է տալու աշխարհի ցանկացած կետից պատվիրել և ստանալ արցախցիների արտադրանքը։ «Սա հնարավորություն և միջոց է նպաստելու բնօրրանից կտրված արցախցի մեր հայրենակիցներին՝ իրենց գործունեությունն ու արտադրությունը կազմակերպելու, կայուն եկամուտ ապահովելու, մինչև Արցախ վերադառնալու հնարավորություն ստեղծվելը, Հայաստանում մնալու և արարելու համար»,- նշում են կազմակերպիչները։

1