Մի կասկածելի հրապարակման մասին
Օրերս հայկական լրատվամիջոցներով տարածվեց Մոսկվայի արևելագիտության ինստիտուտի աշխատակից Ստանիսլավ Պրիտչինի հրապարակումն այն մասին, թե իբր ռուսական պաշտոնական շրջանակները որոշ սոցիոլոգիական հարցումներ են անցկացրել Հայաստանում, որի արդյունքում վստահ են, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում հաղթելու է ներկայիս վարչախումբը:
Առանց խորանալու, թե ով է հրապարակման՝ մեզ և ռուսական շրջանակներին անհայտ այդ վերլուծաբանը, և ինչ շարժառիթներով է հենց այսօր նման տեսակետի տարածումը, ինչ սոցիոլոգիական հետազոտությունների մասին է խոսքը, մեկ բան հստակ է՝ այն լրացնում է նիկոլական նախընտրական քարոզչության այն կեղծ թեզը, թե իբր ռուսական իշխանությունները կողմ են, որ առաջիկա ընտրություններում հաղթի իշխող վարչախումբը, որովհետև Ռուսաստանի համար վստահելի դաշնակիցներ են:
Նման կեղծ մտայնությունը տարածողների նպատակն է, շահարկելով հայ ընտրողների շրջանում գերիշխող պրոռուսական տրամադրությունները, նրանց ապակողմնորոշել և, ի վերջո, վանել ազգային ընդդիմադիր ուժերից, որոնք իսկապես ի զորու են խորհրդարանական ընտրություններում հաղթելուց հետո Ռուսաստանի հետ կառուցել ամուր ռազմաքաղաքական, տնտեսական նոր` ավելի սերտ համագործակցություն՝ դառնալով իրական վստահելի և սկզբունքային դաշնակից:
Տարածվող կեղծ տրամադրություններն ինչ շարժառիթ էլ ունենան, հեռու են բուն իրականությունից և վիրավորում են հայ ժողովրդի արժանապատվությունն ու ինքնասիրությունը:
Հրայր Կարապետյան
ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար
arfd.am