Մի բանալու պատմություն
Գլխավոր » Լրահոս » Մի բանալու պատմություն

Մի բանալու պատմություն

Անցած ամսվա վերջին ֆեյսբուքյան արցախյան հատվածը լայնորեն քննարկում էր Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի հարևանությամբ տեղադրված «Արցախի բանալի» կառույցի հարցը: «Արցախի բանալի»-ի շուրջ աղմուկը բարձրացավ ֆեյսբուքյան գրառումներից հետո, չնայած այնտեղ շաբաթներ շարունակ շինարարական աշխատանքներ էին ընթանում, և՝ ոչ տեղադրման թույլտվություն տված Ստեփանակերտի քաղաքապետարանը, ոչ ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը  Արցախի խորհրդանիշի մոտ տեղադրվող կառույցի մանրամասների մասին տեղյակ չէին: Ինչևէ, հանրային ճնշման արդյունքում Արցախի ամենահայտնի կոթողի մոտից ապամոնտաժվեց հիշյալ կոմպոզիցիան: Շատերի համար այդ թեման առաջին հայացքից կարող է ժամկետանց թվալ, սակայն միայն առաջին հայացքից: Այս պատմությունն ի ցույց դրեց պետական ինստիտուտների տկարությունը, որևէ անձի ասածների հիման վրա բանավոր թույլտվություններ տալու մշակույթը և առանց մասնագիտական եզրակացության, առանց վերահսկողության կատարվող կամայականությունները:

Այս խնդրի մանրամասներին տեղեկանալու համար «Ապառաժ»-ը հարցումներ է արել Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանին, ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանին, ԵՊՀ Մշակութաբանության ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսյանին:

Բանալին հայության ներուժի համախմբման կետ

Արձանի ճակատի գագաթային մասում ինը թևանի աստղ էր պատկերված: Կառույցի մի կողմում գրված էր՝ «Արցախի բանալի», հակառակ կողմում՝ «Հուռութք»։ Պատկերված էին նաև հայկական այբուբենի տառերը, բացված ձեռք, որի ներքևի մասում աչք է:

Բանալու հեղինակը գաղտնագետ (էզոտերիկ) Արկադի Գրիգորյանն է: Ըստ նրա՝ դրանով դնում են հայ մնալու և լինելու հիմքը: Նա նշել է, որ հանրային այդպիսի վայրում բանալու տեղադրմամբ դրական էներգիա է կուտակվելու, որն ուղղվելու է Արցախի միավորմանը: Արկադի Գրիգորյանի խոսքով՝ Ստեփանակերտի բանալու հարցը քննարկվել է մինչև պատերազմը և այն պետք է դառնար ոչ միայն քաղաքի, այլև ողջ Արցախի բանալին: Հեղինակը նաև համոզված է, որ իր նպատակին հասել է՝ մարդկանց ռեակցիան ցույց է տալիս, որ նրանք արթնացել են: 

Ի դեպ, հասարակական շրջանակներում խոսում էին, որ բանալու տեղադրմանն աջակցել է ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, ով մեզ հետ զրույցում հերքեց այդ տեղեկությունը:

Որոշումներ չկան՝ ոչ կառուցման, ոչ ապամոնտաժման

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանին ուղղել էինք հետևյալ հարցերը.

-Ո՞ւմ նախաձեռնությամբ է տեղադրվել «Արցախի բանալի»-ն: Խնդրում ենք տրամադրել համապատասխան որոշման պատճենը:

-Ի՞նչ խախտումներ են արձանագրվել նախագծում: Խնդրում ենք տրամադրել նախնական էսքիզները:

-Ե՞րբ եք արձանագրել, որ աշխատանքը տարբերվում է հաստատված նախագծից:

-Այս հարցով արդյո՞ք դիմել եք ԱՀ ԿԳՄՍ նախարարությանը և ի՞նչ պատասխան եք ստացել:

Քաղաքապետը մայիսի 26-ին այսպիսի պատասխան է ուղարկել. «Արցախի բանալի» նախաձեռնությունը պատկանում է Ստեփանակերտի բնակչի, ում ներկայացրած էսքիզում արձանի վրա որևէ գրություն կամ նախշ չկար, պարզապես բանալու տեսքով արձան էր: Էսքիզը քննարկվել էր նեղ շրջանակում և բացառվել լրացուցիչ տարրերի ավելացումը ցանկացած տեսքով: Տեղադրելուց հետո պարզվել է, որ գաղափարի հեղինակը ավելացրել էր գրություններ ու խորհրդանշական պատկերներ արձանի վրա, որոնք մեզ համար անհայտ ծագման են և առանց հիմնավորման: Ուստի, արձագանքելով, որ ձեռնարկը շեղվել է քաղաքապետարանի հետ համաձայնեցված նախագծից՝ քաղաքապետ Դավիթ Սարգսյանի որոշմամբ այն ապամոնտաժվել է»:

Չստանալով մեր հիմնական հարցերի պատասխանը՝ նույն հարցադրումները նորից ենք ուղղել քաղաքապետին և հունիսի 8-ին ստացել նախնական էսքիզը՝ հետևյալ պարզաբանմամբ. «Կրկին պատասխանելով Ձեր գրությանը՝ տեղեկացնում ենք, որ բանալին չի դիտարկվել որպես հուշարձան կամ կոթող, այլ քննարկվել է նրա սիմվոլիկայի հետ կապված որոշ հարցեր: Բանալին տեղադրվել է Արկադի Գրիգորյանի նախաձեռնությամբ: Կոմպոզիցիայի էսքիզը քննարկվել է տարբեր շրջանակներում. հակապետական և հակաքրիստոնեական տարրերի առկայության մասին բացահայտումներ չեն ներկայացվել: Նախնական էսքիզին չհամապատասխանելու, հանրության շրջանում իրարամերժ կարծիքների ու տարաբնույթ մեկնաբանությունների արդյունքում՝ իմ որոշմամբ այն ապամոնտաժվել է»: Հավելենք, որ մայիսի 23-ին Ստեփանակերտի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարության մեջ նշվում էր, որ «ընթանում են քննարկումներ հասարակական և գիտական շրջանակներում՝ այդ արձանը տվյալ տարածքում տեղադրելու նպատակահարմարության շուրջ: Սպասում ենք մասնագիտական եզրակացությանը վերջնական որոշում կայացնելու համար»:

Բանալու էսքիզը

Կոմպոզիցիա, կոթող տեղադրելու համար անհրաժեշտ փաստաթղթերից, որոշումներից քաղաքապետարանը միայն էսքիզն է տրամադրել: Սա թույլ է տալիս եզրակացնել, որ այլ փաստաթղթեր իրականում չկան: Մեր տեղեկություններով կոմպոզիցիայի հեղինակն իր մտահղացումը ներկայացրել է ավագանու նիստում ու ստացել բանավոր հաստատում: Արկադի Գրիգորյանը տվյալ նիստում հավաստիացրել է, որ իր մտահղացմանը հավանություն են տվել Արցախի և ՀՀ հոգևոր առաջնորդները, և այն քրիստոնեական տարրեր է պարունակում:

Կասկածելի, մոգական խորհուրդ պարունակող հուշարձանը

Արձագանքելով հասարակական դժգոհությանը՝ ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը մայիսի 24-ին ֆեյսբուքյան գրառմամբ տեղադրված բանալին համարել է «կասկածելի, մոգական խորհուրդ պարունակող հուշարձան»: Նա նշել էր, որ հուշարձանը տեղադրվել է առանց ԱՀ ԿԳՄՍ նախարարության իրազեկվածության: «Սա սնահավատության, կախարդանքի և Արցախի պաշտպանությունը մոգական ուժերի հետ կապելու ամոթալի մտահղացում է: Այն ենթակա է ապամոնտաժման, քանի որ բացարձակապես չի համապատասխանում Հայ առաքելական եկեղեցու դավանաբանությանը և մեր ազգային հոգեկերտվածքին: Արձանը ապամոնտաժելու համար այսօր համապատասխան գրություն կհղեմ Ստեփանակերտի քաղաքապետ պարոն Դ. Սարգսյանին: Այն, ինչ հակասում է մեր ազգային մտածողությանը և արժեհամակարգին, չի կարող տեղ ու դեր ունենալ Արցախում»,- գրել է նախարարը: Հատկանշական է, որ Ստեփանակերտի քաղաքապետարանը մեր հարցմանն ի պատասխան՝ նշել էր, որ «կոմպոզիցիայի էսքիզը քննարկվել է տարբեր շրջանակներում. հակապետական և հակաքրիստոնեական տարրերի առկայության մասին բացահայտումներ չեն ներկայացվել»:

Նշենք, որ «Ապառաժ»-ի հարցման պատասխանի մեջ նախարարը «հուշարձանի» փոխարեն արդեն օգտագործում է «կոմպոզիցիա» եզրույթը.

«Ստեփանակերտի քաղաքապետարանը հիշյալ կոմպոզիցիայի տեղադրման կապակցությամբ ԱՀ ԿԳՄՍ նախարարությանը չի դիմել, նախատեսվող ծրագրի մասին որևէ տարբերակով՝ ոչ գրավոր և ոչ էլ բանավոր, տեղյակ չի պահել:

ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը քաղաքապետարանից որևէ դիմում-գրություն չի ստացել «Արցախի բանալի» կոչված կոմպոզիցիայի նախագծի և, առավել ևս, տեղադրման վերաբերյալ, հետևաբար մասնագիտական եզրակացություն չէր կարող տալ:

ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը որևէ առնչություն չի ունեցել կատարվածի հետ: Ավելին, տեղեկանալուն պես անմիջապես դատապարտել ենք կատարվածը և հատուկ գրությամբ դիմել քաղաքապետարան՝ Արցախի Հանրապետության խորհրդանիշը հանդիսացող հուշակոթողի տարածքում ապօրինաբար տեղադրված և մեր ազգային արժեհամակարգին ոչ հարիր այդ կոմպոզիցիան ապամոնտաժելու պահանջով»:

Մասնագիտական կարծիք

Հորինվածքի մասին մասնագիտական կարծիք ստանալու համար հարցում ենք ուղարկել նաև ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանին, ով ֆեյսբուքյան գրառմամբ հանրությանն է ներկայացրել իր կարծիքը «կոթողի» վերաբերյալ.

1. «Մենք ենք մեր սարերը» համալիրը, հենց համալիրը` արձանախումբն ու բարձունքը, որի վրա այն տեղադրված է, ավելի քան կես դար է, ինչ հանդիսանում է Արցախի և արցախահայության ամենաընդունված, պաշտելի, ամենահայտնի և «թիվ մեկ» խորհրդանիշը: Այն բնական-մշակութային միասնական ու կատարյալ մի լանդշաֆտ է, որի ցանկացած փոփոխություն, հավելում կամ լրացում աղավաղում է արդեն կայացած կերպարն ու ընկալումը:
2. Այդ տարածքում ընդունելի չէ որևէ նորամուծություն` անկախ նրա ճարտարապետական, գեղարվեստական կամ ագգային արժանիքի, արժևորման կամ մեկնաբանության:
3. Նորաբույս «կոթողը» որևէ առնչություն չունի հայ մշակույթի պատմական, ավանդական, այժմեական կամ խորհրդանշական որևէ դրսևորման հետ: Այն անհասկանալի, հանդուգն, խեղաթյուրող անհատական կամ խմբակային նախաձեռնություն է` ենթակա ժխտման, անկախ՝ թե հայ հողի վրա որտեղ և ինչ նպատակով կարող է կանգնեցվել:
4. Երկրի նման օրհասական պայմաններում ես այն համարում եմ հակահայ, հակամարդկային, հոգեբանական տրավմա պատճառող նախաձեռնություն:
5. Ինչքան հասկանում եմ, այն կանգնեցվել է Արցախի օրենքների և կանոնակարգերի, համապատասխան գերատեսչությունների ընթացակարգերի անտեսմամբ, և, միանշանակ, պետք է ապամոնտաժվի ու հեռացվի:

Հուշարձանի տարածքում փոփոխություններ կատարելու մասին

«Մենք ենք մեր սարերը» հուշակոթողի տարածքում ցանկացած միջամտություն, ըստ ԱՀ «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի, կհանգեցնի թե այդ լանդաշաֆտի աղավաղման և թե հուշարձանի ընկալման խեղաթյուրման: Ըստ 2006 թ. մայիսի 23-ի՝ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգը հաստատելու մասին Հ- 278 որոշման՝

Հուշարձանների և դրանց պահպանական գոտիների օգտագործման ընթացքում անհրաժեշտ է`

ա/ անխաթար պահպանել հուշարձանի հատակագծային-ծավալատարածական հորինվածքը, ինժեներակոնստրուկտորական կառուցվածքը, դեկորատիվ մանրամասներն ու հարդարանքը,

բ/ հաշվի առնել հուշարձանի գործառնական նշանակության համապատասխանությունը շրջակա քաղաքաշինական կամ բնական ու պատմական միջավայրին,

գ/ պահպանել հուշարձանի և դրա պահպանական գոտու տարածքում առկա շինությունները, պարտեզները, պուրակները, այլ պատմական տարրերը, ինչպես նաև բնական ու պատմամշակութային լանդշաֆտը:

ԼՂՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին 1999թ. մայիսի 20-ի Հ-059 որոշմամբ՝

Հանրապետական և տեղական նշանակության հուշարձանների տեղափոխումը, ինչպես նաև հանրապետական նշանակության հուշարձանների փոփոխումը կարող է կատարվել միայն բացառիկ դեպքերում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության թույլտվությամբ, իսկ տեղական նշանակության հուշարձանների փոփոխումը՝ պետական կառավարման տարածքային մարմինների թույլտվությամբ:

Հուշարձանների տեղափոխման և փոփոխման թույլտվություն տրվում է միայն լիազորված մարմնի եզրակացության հիման վրա:

Նախքան հուշարձանը տեղափոխելը կամ փոփոխելը, իսկ անհրաժեշտ դեպքերում՝ նաև դրանք կատարելու ընթացքում, լիազորված մարմինը կազմակերպում է հուշարձանի գիտական ուսումնասիրման, չափագրման և լուսանկարման աշխատանքները:

Նշենք, որ հուշարձանի տարածքը իր զբաղեցրած և պատմականորեն ու գործնական առումով դրա հետ կապված և սահմանված կարգով առանձնացված հողատարածքն է:

Ինչպե՞ս լուծվեց խնդիրը

Քաղաքապետի կարգադրությամբ նախ հեռացվեցին հորինվածքի վրա արված փոփոխությունները, որոնք նախատեսված չէին էսքիզով: Այնուհետև հայտարարվեց, որ այն ապամոնտաժվելու է: Իսկ մինչ այդ, ֆեյսբուքում «Հարութ Սարգսյան» անուն- ազգանունով օգտատերը լուսանկարներ է հրապարակել՝ ցույց տալով ապամոնտաժման ընթացքը՝ արժանանալով ֆեյսբուքյան օգտատերերի հավանությանը: Եվ այդպես էլ անհայտ մնաց՝ դա նրա անձնական նախաձեռնությո՞ւնն էր, թե՞ հանձնարարական էր կատարում:

Տաթևիկ Աղաջանյան

1