Մի՛ թողեք, որ վաղը պատմության աղբարկղ նետվելիք այսօրվա իշխանությունները փակեն հայ ժողովրդի պատմության վերջին էջը․ Գեղամ Ստեփանյան
Գլխավոր » Լրահոս » Մի՛ թողեք, որ վաղը պատմության աղբարկղ նետվելիք այսօրվա իշխանությունները փակեն հայ ժողովրդի պատմության վերջին էջը․ Գեղամ Ստեփանյան

Մի՛ թողեք, որ վաղը պատմության աղբարկղ նետվելիք այսօրվա իշխանությունները փակեն հայ ժողովրդի պատմության վերջին էջը․ Գեղամ Ստեփանյան

ԱՀ ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Գեղամ Ստեփանյանի ելույթը՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստին․

«Հարգելի՛ հայրենակիցներ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում

Արդեն որերորդ անգամ Արցախի խորհրդարանը արտահերթ ռեժիմով հավաքվում է՝ արտահայտելու Արցախի ժողովրդի կամքը, վերահասատատելու Արցախի դիրքորոշումն ու պահանջը՝ ինքնորոշման իրավունքից չշեղվելու մասով։ Հավաքվում ենք ոչ թե Ադրբեջանի կամ միջազգային հանրության ոչ հայանպաստ հայտարարություններին արձագանքելու, այլ ցավալիորեն մայր հայրենիքի իշխանությունների՝ մեզ թիրախավորված կործանման տանող հայտարարություններին պատասխանելու։

Ընդամենը մի քանի տարի առաջ անգամ ամենավատ երազում չէինք կարող պատկերացնել, որ Արցախի խորհրդարանը ստիպված է լինելու գրեթե ամեն ամիս իր հայտարարություններով փորձել զսպել Արցախը Ադրբեջանի կազմում դիտարկող հայաստանյան իշխանությունների հայտարարություններին և դրա գործնական իրականացմանը միտված քայլերին։ Սա մղձավանջ է, ոչինչ ավելին։

Սկզբից հայտարարվեց նշաձողի իջեցնելու մասին, հետո հայտարարվեց, որ Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջան է, հետո ինքնորոշման իրավունքից նահանջ կատարվեց դեպի իրավունքների ու անվտանգության մասին անհասկանալի ու անորոշ ձևակերպումնեին, իսկ այսօր Հայաստանի իշխանությունները բացահայտ հայտարարում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ընդունելու մասին՝ 86 600 քառ․ կմ տարածքով՝ ներառյալ Արցախը։

Հայաստանի իշխանությունների 5 տարի շարունակվող քաղաքական աճպարարություներն ու մանիպուլիացիաները, սեփական ապիկարությունն ու անհեռատես քայլերը միջազգային հանրության կամ նախկինների վրա բարդելու չվերջացող զառանցանքները մեզ ամեն օր տանում են դեպի կործանարար հետևանքների։ Հիմա էլ ասում են՝ հասել ենք, իջե՛ք. հասել ենք։

Սիրելի՛ քույեր ու եղբայրներ Հայաստանում և Սփյուռքում, օրհասական վիճակում գտնվող Արցախը փրկելու որդեգրած ուղուց շեղված Հայաստանի իշխանություններին ուղղված մեր կոչերն ու հորդորները միտումնավոր և դիտավորյալ կերպով որակվում են անհասկանալի․ էլ ինչպե՞ս ասենք, որ հասկանան։

Հայաստանի իշխանությունների նպատակն ու գործողությունները այլևս պարզից էլ պարզ են, իսկ դո՞ւք, սիրելի՛ հայրենակիցներ, դուք ինչպե՞ս եք ապրելու հայրենիքը կորցրածի և 120 000 հայրենակիցների բախտի քմահաճույքին հանձնածի խարանով, ինչպե՞ս եք հաղթահարելու պատմության առաջ ձեր անտարբերության ու անգործության համար, ինչպե՞ս։

Ամեն ինչ չափ ու սահաման ունի, իսկ սահմանները արդեն հատվել են վաղուց։ Դուք արդեն իսկ պետք է հասկանայիք, որ «Արցախը տանք ու պրծնենք» կեղծ ու շինծու թեզը այսօր հասել է Սյունիքին, Գեղարքունիքին, Տավուշին, Վայոց ձորին, վաղը հասնելու է ձեր տուն՝ խոստանալով՝ ապագա կա։ Դուք պետք է հասկանայիք, որ մեր տունը քանդողը պարտվողականությունն է, այդ պարտվողականությունն արդարացնելու համար ամեն անգամ թվացյալ անկեղծությամբ հորինվող նոր ստերը։ Այո՛, սահմանները հատվել են, երբ թիրախավորվում է Հայ Առաքելական եկեղեցին, երբ բռնի ուժի են ենթարկվում կամ կալանավորվում մեր սուրբ նահատակների ծնողները, երբ ստիպում են մոռանալ Արարատը՝ փոխարենը մտածելով Արագածի մասին, երբ ցեղասպանության վրիժառուներին նվիրված կոթողի կանգնեցումը համարվում է սխալ որոշում ու նմանատիպ բազմաթիվ կարմիր գծերի հատում։

Հարգելի՛ հայրենակիցներ, ընդունե՛ք այս խոսքերը որպես արցախահայերի որդիական աղերսանք։ Ամեն գնով կանգնեցրեք պատմության կործանարար ընթացքը, հակազդե՛ք Արցախի վերջնական կորստին տանող հայաստանյան իշխանությունների գործողություններին, մի՛ թողեք, որ վաղը պատմության աղբարկղ նետվելիք այսօրվա իշխանությունները փակեն հայ ժողովրդի պատմության վերջին էջը»։

1