Մի՞թե Ստեփանակերտի Եղբայրական հուշահամալիրն ու Երևանի Եռաբլուրը լուռ վկաները չեն մեր տղաների անձնազոհության
![](https://aparaj.am/wp-content/uploads/2025/02/Rafik-harutyunyan-Anahit.jpg)
2023-ի սեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված՝ ԱԱԾ հատուկջոկատային Ռաֆիկ Հարությունյանի կինը՝ Անահիտը, երկու անչափահաս երեխաների հետ Երևան քաղաքում է հաստատվել։ Բռնատեղահանվելուց հետո տարբեր դասընթացների է մասնակցել, հաշվապահություն ու SMM նորօրյա մասնագիտություններում է հմտացել, բիզնես—դասընթացների հաճախել։ Անահիտն այսօր իր փոքրիկ բիզնեսն ունի։ Նա սվորովսկի և այլ քարերով տարբեր իրեր է զարդարում, դրանց նոր ոճ ու յուրահատկություն հաղորդում և վաճառքի հանում։ Արդեն պատվիրատուներ ունի, բիզնեսը կամաց—կանաց առաջ է շարժվում, սակայն այս պահին զոհվածի կնոջ մտահոգությունները բոլորովին այլ ուղղությամբ են։
Անահիտը չի կարողանում թաքցնել ցավն ու վիրավորանքը
-Ամուսինս ապրիլյան քառօրյա, 2020 թվականի 44-օրյա պատերազմների մասնակից էր։ Նա 2022 թվականից ծառայության է անցել Արցախի հատուկ նշանակության վարչությունում։ 2022-ի սեպտեմբերին ջոկատի տղաների հետ մասնակցել է Ջերմուկի մարտական գործողություններին։ Վերջին օրերին, և ոչ միայն, լսվում են արտահայտություններ, որ արցախցին չի կռվել։
![](https://aparaj.am/wp-content/uploads/2025/02/Jermuk.jpg)
Ինչպես կարող են մարդիկ նման բան ասել, երբ ամեն ինչ ակնհայտ է։ Մի՞թե Ստեփանակերտի Եղբայրական հուշահամալիրն ու Երևանի Եռաբլուրը լուռ վկաները չեն մեր տղաների անձնազոհության։ Ռաֆիկը, երբ Ջերմուկում էր, մի անգամ զանգեց ու ասաց, որ տղաների հետ Մայր Հայաստանն են պաշտպանում․ դա իրենց սուրբ պարտականությունն է։ Հոգու խորքում հպարտանում էր, որ այնտեղ է․․․ Ափսոսում էր զոհերի համար․․․
![](https://aparaj.am/wp-content/uploads/2025/02/Rafik-Harutyunyan-1-.jpg)
![](https://aparaj.am/wp-content/uploads/2025/02/Rafik-Harutyunyan.jpg)
![](https://aparaj.am/wp-content/uploads/2025/02/Rafik.jpg)
Սեպտեմբերի 19-ին Մարտակերտի շրջանի Կաշենի հանքի դիմաց, ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Նոր Կարմիրավան գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում էր։ Երեք օրից պետք է հանձներ հերթապահությունը և տուն վերադառնար։ Ճակատագիրը, սակայն, բոլորովին այլ նախախնամություն ուներ։ Սեպտեմբերի 19-ի կեսօրին մոտ թշնամին հարձակվեց դիրքի վրա։ Մոտ մեկ ժամ տղաները կատաղի մարտ մղեցին անհավասար ուժերի դեմ։ Խմբի 9 հոգուց 6-ը զոհվեցին, որոնց մեջ էր Ռաֆիկը։ Միայն սեպտեմբերի 23-ին նրա մարմինը փոխանցվեց հայկական կողմին՝ ամբողջությամբ անճանաչելի դարձած։ Ծառայակից ընկերներն ասում են, որ նա մինչև վերջ կանգնել է մարտական դիրքում՝ զենքը ձեռքին։
![](https://aparaj.am/wp-content/uploads/2025/02/Rafik-Harutyunyan-yntaniq.jpg)
Այո՛, արցախցին կռվել է մինչև վերջ, կռվել է իրեն գերազանցող ուժերի դեմ ու զոհվել հերոսաբար։ Աստված է վկա, ու միայն Նա կարող է դատավոր լինել․․․
Զոհվածի կինը հավատում է, որ կկարողանա ոտքի կանգնեցնել երեխաներին։ Նա պարտավորություն ունի Ռաֆոյի հանդեպ։ Երեխաների մոտ աշխատում է ուժեղ լինել․ թեկուզ շատ դժվար է, բայց իր մեջ զսպում է ցավն ու ժպտում Վիկտորիային ու Սերգեյին
![](https://aparaj.am/wp-content/uploads/2025/02/Viktorya-Sergey.jpg)
-Ցասումը վատ խորհրդատու է։ Ցավալիորեն ծանր է զրպարտություններ լսել տղաների մասին։ Աշխատում եմ հանգիստ լինել, որ կարողանամ տեր կանգնել երեխաներիս։ Մայրիկիս հետ միասին ենք ապրում։ Նրա շնորհիվ կարողանում եմ ուժ հավաքել ու մտածել ապագայի մասին։ Այսօր մեզ համար ամենակարևորը բնակապահովման խնդիրն է։
![](https://aparaj.am/wp-content/uploads/2025/02/Sergey-Harutyunyan.jpg)
![](https://aparaj.am/wp-content/uploads/2025/02/Viktorya-Harutyunyan.jpg)
Ծրագրից օգտվելու համար մենք ընդունել ենք ՀՀ քաղաքացիություն։ Սակայն մեր ընտանիքին հասանելիք գումարով չենք կարողանա բնակարան գնել։ Կարծում եմ՝ պետք է օգտվեմ հիպոթեքային վարկից, որ կարողանամ երեխաներիս համար տուն ձեռք բերեմ։
Անահիտը դեռևս մշտական աշխատանք չունի
-Տանը զբաղվում եմ ձեռքի աշխատանքով։ Սվարովսկի քարերով զարդարում եմ բաժակներ, ափսեներ, պայուսակներ, մոխրամաններ, գոտիներ և այլ իրեր։ Պատվիրատուներիս շրջանակն արդեն ընդլայնվում է։ Այս պահին պատվիրատուս ամերիկահայ է։ Crystal Shine կոչվող սոցիալական ցանցի իմ էջում տեսել է աշխատանքներս, հավանել ու պատվիրել ՀՀ զինանշանը։
![](https://aparaj.am/wp-content/uploads/2025/02/Chrystal-shine.jpg)
Իհարկե, դա մեծ պատասխանատվություն է, որն աշխատում եմ պատվով կատարել։ Բիզնես վարելու մարկետինգային ու ֆինանսական նրբություններին ու հմտություններին տիրապետելու գործում ինձ օգնել են այն բոլոր դասընթացները, որոնց մասնակցել եմ Երևանում։
![](https://aparaj.am/wp-content/uploads/2025/02/68e86572-428d-4e2d-9b3a-ab1d22f5c8bd.jpg)
![](https://aparaj.am/wp-content/uploads/2025/02/e4a9d416-d1f4-4056-b44a-03b9015d1a12.jpg)
Գիտեմ՝ առջևում ինձ շատ դժվարություններ են սպասվում, սակայն ես կկարողանամ արժանապատվորեն հաղթահարել ու Աստծո օգնությամբ զավակներիս դաստիարակել արժանվույն։ Միայն թե արցախցին Մայր Հայաստանում իրեն օտար և ընկճված չզգա ու երբեք չմարի Արցախ վերադառնալու նրա հավատը․․․
Կարինե Բախշիյան