Մեզնից յուրաքանչյուրից է կախված Արցախում արժանավայել ապրելու իրավունք վաստակելը․ Ա․ Ասրյան
Գլխավոր » Լրահոս » Մեզնից յուրաքանչյուրից է կախված Արցախում արժանավայել ապրելու իրավունք վաստակելը․ Ա․ Ասրյան

Մեզնից յուրաքանչյուրից է կախված Արցախում արժանավայել ապրելու իրավունք վաստակելը․ Ա․ Ասրյան

«Հարգարժա՛ն հոգևոր և պետական այրեր, սիրելի՛ հայրենակիցներ,

Օրվա խորհրդի մասին խոսելն ահավոր ծանր է․ վերքերը չափազանց թարմ են, կորուստները՝ անչափելի։ Յուրաքանչյուր կորուստ մի ամբողջ աշխարհ է, շատերը՝ մեզ համար դեռևս չբացահայտված։ 44 օրվա ընթացքում մենք մի ողջ սերնդի սերուցք ենք կորցրել։ Գուցե ոմանք ապագայում մեծ զորավարներ կդառնային, ոմանք՝ աշխարհահռչակ գիտնականներ, ոմանք՝ ․․․ավաղ, այսօր արդեն  բոլորն էլ զինվորներ են, երկնքում մեր հոգեղեն ձեռքի շարքերում։ Երկրի վրա հերոսների հավաքատեղին Ստեփանակերտում Եղբայրական պանթեոնն է, Երևանում՝ Եռաբլուրը։ Այստեղ են մեր քարեղեն զորքի շարքերը ցավալիորեն խտացել։ Այստեղ ամեն կորուստ դեմք ու անուն ունի, բայց նաև բոլորին միավորող ընդհանրություն կա, և դա միայն ցավը չէ, ոչ էլ հպարտությունը։

Այսօր հպարտ լինելու իրավունք ունեն միայն նրանք՝ մեր հերոսները։ Ողջ մնացածներիս միավորողը պարտքի զգացումն է, տղաների անձնազոհությանը արժանի լինելու պատասխանատվությունը։ Ի վերջո, վերջում այնտեղ նաև նրանց ենք պատասխան տալու մեր արածների ու չարածների մասին»,-այս խոսքերով է սկսվել Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիրում արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումը։

Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների  հարազատների միության նախագահ Արմեն Ասրյանը, ով 44-օրյա պատերազմում իր որդուն է կորցրել, հանդես է եկել ելույթի խոսքով․

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Այսօր լրացավ ադրբեջանաթուրքական տանդեմի կողմից սանձազերծված պատերազմի 2-րդ տարելիցը, ինչն Արցախը բաժանեց 2 ժամանակաշրջանի՝ մինչև պատերազմը և պատերազմից հետո։

Արցախը և ընհանրապես հայ ազգը ծանր հարվածներ ընդունեց իր վրա․ հազարավոր հայորդիներ նահատակվեցին հանուն Արցախի գոյության, հանուն հայ ժողովրդի գոյության։

Այսօր մենք չպետք է համարենք սգո օր։ Այսօր մենք պետք է համարենք հանուն մեր նահատակված հերոսամարտիկների համախմբման ու վերարժևորման օր։ Տղաները կենաց մահու կռիվ են տվել հանուն մեկ գաղափարի՝ Ազատ Արցախ ունենալու։

90-ականներին հազարավոր հայորդիների կյանքի գնով կերտել ենք հաղթանակ, սակայն ցավոք սրտի չենք կարողացել ճիշտ օգտագործել հաղթանակի պտուղները և ունեցանք  2020 թվական։

Ներկայիս բարդ ու ռազմաքաղաքական ծանր իրավիճակը տարածաշրջանում և նաև ամբողջ աշխարհում հանգեցրել է Արցախի և ընդհանրապես մեր հայ ժողովրդի լինել չլինելուն։ Հիմա մեզնից յուրաքանչյուրից է կախված Արցախում արժանավայել ապրելու իրավունք վաստակելը։

Հետպատերազմյան ծանր իրավիճակում մենք սովորել ենք բողոքել, նվնվալ, որոշները՝ մի փոքր վտանգի դեպքում լքել Արցախը։ Համաձայն եմ՝ անարդարություններ կան, մենք դեռևս ինքնամաքրման խնդիր ունենք, սակայն մինչ այդ, յուրաքանչյուր անձ թող իր խղճի առջև պատասխան տա․ արդյո՞ք նա արել է այն հնարավոր նվազագույնը Արցախ աշխարհի համար։

Սիրելի՛ երիտասարդներ, այսօր Ստեփանակերտի մի ծայրից մյուսը քայլել եք՝ ձեռքերում բարձր պահելով մեր հերոս տղաների նկարները։ Դուք եք մեր ապագան և ձեր կրթությամբ, գիտելիքներով ու հայրենասիրությամբ պետք է ամրապնդեք մեր հայրենիքը։

Սիրելի՛ հայրենակիցներ, կոչ եմ անում բոլորիդ հանուն բոլոր պատերազմներում անմահացած հերոսամարտիկների համախմբվել, մի կողմ դնել քաղաքական տարաձայնությունները, հայացքները և օգտագործել  յուրաքանչյուրիս պետականանպաստ պոտենցիալը՝ հանուն մեր հայրենիքի, հանուն Արցախի հզորացման։ Դրանով իսկ կդառնանք մեր հարգանքի տուրքը մատուցած մեր անմահացած հերոսամարտիկներին ու նրանց ընտանիքներին։

Եվ թող ադրբեջանաթուրքական տանդեմի պարագլուխներն իմանան, որ այստեղ գտնվում են մեր նախնիների գերեզմանները, արցախյան գոյապայքարի համար նահատակված հայորդիների շիրիմները, դարավոր մեր եկեղեցիներն ու պատմամշակութային բազմաթիվ կոթողներ։

Այստեղ է մեր տունն ու տեղը, և մենք ապրելու ենք այստեղ՝ Արցախ աշխարհում։

Կեցցե՛ Արցախը, փա՛ռք մեր հերոսամարտիկներին»,-ասել է Ա․ Ասրյանը։

1