Մեզ ուժ է տալիս մեր համախմբվածությունը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Մեզ ուժ է տալիս մեր համախմբվածությունը

Մեզ ուժ է տալիս մեր համախմբվածությունը

«Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 2021թ. փետրվարին՝ հաշվի առնելով հետպատերազմյան ծանր վիճակը, հարյուրավոր անհայտ կորածների ճակատագրեր, հազարավոր զոհեր: Նախքան կազմակերպության գրանցումը,  անհայտ կորած համարվող զինծառայողների հարազատների հետ «Արմենիա» հյուրանոցում էին հանդիպումներ տեղի ունենում, որոնողափրկարարական աշխատանքներ էին իրականացնում: Այս մասին «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է ՀԿ-ի նախագահ Արմեն Ասրյանը, ով զոհված հերոսամարտիկի հայր է:

Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել

«Գիտակցում էինք, որ կգա ժամանակ և «Արմենիա»-ում հավաքները կվերջանան, ահագին մարդկանց ճակատագրեր կպարզվի, բայց շատ չլուծված խնդիրներ կմնան: Այդ իսկ պատճառով ծնողների մոտ մտահղացում էր առաջացել, որպեսզի ստեղծվի ինչ-որ կազմակերպություն, որը հետագայում կզբաղվի զոհված տղաների ընտանիքների, նրանց հիշատակի հետ կապված հարցերով և անհայտ կորածների ճակատագրով: Այդ մտահղացումից ելնելով ստեղծվեց այս հասարակական կազմակերպությունը: Մեր կարգախոսն է՝ «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել»: Առաջին հերթին նախաձեռնեցինք անհայտ կորածների և զոհվածների ցուցակների ճշտումը: Դա այն ժամանակ շատ բարդ գործընթաց էր, քանի որ հետպատերազմյան շրջանում գերատեսչությունները կարծես շոկային իրավիճակում էին, նորմալ գործունեություն չէին իրականացնում: Ավելի ստույգ լինելու համար սկսեցինք աշխատել համայնքի ղեկավարների, վարչակազմի ղեկավարների հետ: Այդպես բոլորի հետ կապ պահելով մոտ երկու ամսվա ընթացքում առաջին հերթին ճշտեցինք անհայտ կորածների քանակը:  Ի սկզբանե շատ մեծ թիվ էր գրանցված: Որոշակի բարդություն կար մայրաքաղաքի բնակիչների դեպքում: Իսկ Քաշաթաղի, Շահումյանի, Հադրութի, Շուշիի շրջանների անհայտ կորածների տվյալները ճշտելը հասկանալի պատճառներով լրացուցիչ ժամանակ ու ջանքեր պահանջեց: Ստեփանակերտում դռնեդուռ էինք ընկնում այդ մարդկանց հասցեներով: Դեպք է եղել, որ դուռը ծեծել ենք՝ ասելով այսինչ անհայտ կորածի տո՞ւնն է, ասել է՝ «նրա տունն է, այդ անհայտ կորածն էլ ես եմ»: Անհայտ կորածների մեր ճշտած թվային տվյալներն ընդունվեցին որպես պաշտոնական տվյալներ:

Այնուհետև «Պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ի հետ համատեղ տղաների հիշատակին նվիրված տարբեր շրջաններում և Ստեփանակերտում հուշ-երեկոներ կազմակերպեցինք, այցելություններ իրականացրեցինք դեպի Եռաբլուր, նախաձեռնեցինք այցելություններ զոհվածների և անհայտ կորածների հարազատներին: Հարցաշար մշակեցինք, ուսումնասիրեցինք ընտանիքների սոցիալ-կենցաղային խնդիրները: Նպատակն այն է, որ մենք կապող օղակ հանդիսանանք իշխանության և այդ ընտանիքների միջև: Եղել են դեպքեր, որ որևէ բարերար սահմանափակ քանակի ընտանիքների աջակցության ցանկություն է հայտնել և այդ առումով օգնեցին վերլուծական տվյալները ու մենք կարողացանք հասցեական նշանակություն տալ օգնությանը:

Անհայտ կորածների, զոհված զինծառայողների պարգևատրման հարցերով Արցախում հանձնաժողովներ են գործում, որոնցում մենք ընդգրկված ենք: Զոհված զինծառայողների ցուցակները ճշտելուց հետո համապատասխան գերատեսչությունների միջոցով հասել ենք նրան, որ բոլոր զոհված տղաները ըստ իրենց գործած սխրանքների որևէ պարգևի արժանանան:

Մեր ներուժը չի հերիքում Արցախի և ՀՀ ողջ տարածքում պատշաճ մակարդակով մեր առաքելությունն իրականացնել, ուստի որոշեցինք միայն Արցախի գրանցում ունեցողների հարցերով զբաղվել: ՀՀ-ում այս ուղղությամբ մի քանի խմբեր են գործում, որոնց հետ կապ ենք պահում, բայց այդ խմբերի միջև համախմբվածություն չկա: Քանի որ բռնազավթված տարածքների բնակիչների մեծ մասը ՀՀ-ում են բնակվում և դժվար է ուղղակի կապ հաստատել, ինֆորմացիան օպերատիվ փոխանցելու համար օնլայն հարթակում տարբեր խմբեր ենք ստեղծել:

Ամեն ինչ անելու ենք, որ լինենք այս կարգավիճակում գտնվող ընտանիքների կողքին

Մեր մոտեցումն այն է, որ ոչ թե ֆինանսական օգնություն տրամադրենք, այլ օգնենք, որ այդ ընտանիքները ինտեգրվեն հասարակությանը: Պատերազմից հետո կնոջ ուսերին մեծ բեռ է ընկել և կինը պիտի կարողանա նոր իրավիճակում ճիշտ կողմնորոշվել, զբաղմունք ունենալ: Այս իմաստով համակարգչային դասընթացներ կազմակերպեցինք, ներկա դրությամբ 4-րդ, 5-րդ խմբերի հետ ենք աշխատում: Երեք խումբ ավարտել է պարապմունքները, քննությունից հետո համապատասխան հավաստագրեր են տրվել:  Աշխատանքի տեղավորման հարցում որոշ խնդիրներ կան, այս հարցով շփումներ ենք ունեցել սոցիալական զարգացման և միգրացիայի, տարածքային կառավարման նախարարությունների հետ: Առանց մեր միջամտության էլ հնարավորության դեպքում աշխատանքի հարցում ընդառաջում են:

Այս տարվա սեպտեմբերից անգլերեն լեզվի արտադասարանական պարապմունքներ սկսեցինք զոհված, անհայտ կորած զինծառայողների 4-8-րդ դասարանների երեխաների համար: Պարապմունքները ևս այդ ընտանիքներին ինչ-որ աջակցություն է: Բացի դրանից «Լեդի բոյս» գեղեցկության սրահը պատրաստակամություն է հայտնել մի քանի մասնագետներ պատրաստել՝ մատնահարդար, վարսահարդար, դիմահարդար: Մի խումբ կանայք այդ մասնագիտությունը ստացան:

Կազմակերպության գոյության ողջ ընթացքում մեծ խնդիր էր Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանատան կառուցապատման աշխատանքները: Արցախի նահատակների 25-30% այստեղ է հուղարկավորված, պանթեոնը բոլորինս է: Շատ նրբանկատ մոտեցում էր պետք: Քանի որ տղաները մի գաղափարի համար են զոհվել, պետք էր այնպես կառուցել, որ շիրմաքարերը որևէ ձևով չտարբերվեն: Աշխատանքային խումբ ստեղծվեց մեր միության ներկայացուցչի, քարի մշակման վարպետի և քաղաքապետի տեղակալի մասնակցությամբ: Նրանք գործուղվեցին ՀՀ, ուսումնասիրեցին քարի մշակման խոշոր գործարանները: Զուգահեռ շինարարությունն էր ընթանում, որտեղ ևս բարդություններ կային. ռելիեֆի հետ կապված, աշխատանքները դանդաղ էին ընթանում: Հասկանալով, որ երկրորդ տարելիցին էլ հնարավոր է չհասցնեն աշխատանքներն ավարտել, պահանջեցինք և ևս մեկ շինարարական կազմակերպություն սկսեց աշխատել: Այսօր հանգստություն ես ապրում՝ տեսնելով գերեզմանոցների նույնատիպությունը, հավասարությունը: Ձգտելու ենք այնտեղ պահպանել այդ սկզբունքը, ճիշտ է ծնողի սիրտը շատ բան է ցանկանում, բայց պետք է հասկանանք, որ սա ընտանեկան գերեզմանոց չէ, պանթեոն է, որն ունի իր կարգուկանոնը, պահանջները: Այստեղ ծնողները ըմբռնումով պետք է մոտենան:

Պատերազմի ընթացքում և հետպատերազմյան ծանր ժամանակաշրջանում Վերածննդի հրապարակում ինքնաբուխ գոյացել էին հերոսամարտիկների տարբեր չափի, տարբեր որակի նկարներով վահանակներ: Նկարներն այդտեղից տեղափոխելու խնդիր էր առաջացել: Սա շատ ցավոտ հարց էր և պետական մարմիններից ոչ ոք չէր համարձակվում մոտենալ հարցին, որովհետև ծնողները բորբոքված էին, վերքերը թարմ, ցավը շատ խորը: Որոշեցինք այդ բեռը ևս վերցնել մեզ վրա և կազմակերպել աշխատանքները: Ուսումնասիրելուց հետո  ամենահարմար տեղը համարվեց Ստեփանակերտի Ազատամարտիկների պուրակը: Սկսեցինք նկարների հավաքագրումը, սա ևս շատ բարդ աշխատանք էր, քանի որ շատ դեպքերում նկարների որակները չէին համապատասխանում: Ներկայումս պուրակում 10 հուշատախտակի վրա տեղադրված են 1404 հերոսամարտիկների նկարներ: Բոլորը Արցախից չեն, 700-ին մոտ նահատակներ ՀՀ-ի գրանցում ունեն: Սեպտեմբերի 27-ին խաչերթ կազմակերպվեց, մեր միության ուժերով հերոսամարտիկների 1431 նկար ցուցանակի տեսքով պատրաստեցինք, որոնք երիտասարդները կրեցին խաչերթի ժամանակ՝ բարձր պահելով: Ամբողջ աշխարհին ցույց տվեցինք, որ նրանք կան, մեր հետ են և նրանց գործը շարունակողները երիտասարդներն են: Եվս մեկ անգամ շեշտեցինք, որ մենք կանք, ապրելու ենք այստեղ ու սա է մեր տունը:

Գալիք տարվա հունվարի 1-ից որոշել ենք այցելել այն զոհված տղաների ընտանիքներին, ում ծննդյան հոբելյանական տարին է լրանում:

Ընտանիքների բնակարանային ապահովման հարցը մշտապես ուշադրության կենտրոնում ենք պահում, անհատական հարցերով ևս փորձում ենք միջնորդել, լուծել խնդիրները: Մանր հարցեր կան, որոնք համատեղ ուժերով ավելի հեշտ են լուծվում:

Մեր կարևոր սկզբունքներից մեկը ապաքաղաքական լինելն է: Երբեք չենք շահարկի տղաների անունները քաղաքական խաղերի մեջ մտնելով: Ամեն ինչ անելու ենք, որ լինենք այս կարգավիճակում գտնվող ընտանիքների կողքին: Եթե կան պետականամետ, ընտանիքների կարիքներին համապատասխանող ծրագրեր, մենք պատրաստ ենք համատեղ ուժերով կյանքի կոչել:

Դեռևս համբերատար սպասում ենք

Քրեական գործերի ուղղությամբ ևս աշխատանք ենք տանում, մասնակցում ենք դատավարական գործընթացների: Կարևոր գործեր կան, որոնք անմիջապես իմ ուշադրության կենտրոնում եմ պահում: Դրանք առնչվում են Ջալալ Հարությունյանին առաջադրված մեղադրանքներին: Առաջինը՝ տխրահռչակ հակահարվածի մասին որոշումն էր, որը մեր բանակի ողնաշարը ջարդել է և ունեցել ենք մեծ ճեղքվածք, երկրորդը՝ Ցորի դիվիզիոնի, Դ-20 դիվիզիոնի տղաների զոհվելու փաստն է, որի կազմում էր նաև որդիս: Դեռևս համբերատար սպասում ենք, բայց այդ համբերությունն ունի վերջ: Մի քանի տեղ բարձրաձայնել եմ, հորդորել եմ, որ այս գործընթացները ականջի հետև չգցեն, այնպես չանեն, որ թեհլիրյաններ ծնվեն: Սա վախեցնելու համար չեմ ասում, պիտի հասկանալ ծնողների ներքին ապրումները: Մարդիկ կան մինուճար որդի են կորցրել,  նրանք այլևս կյանքի իմաստ չեն տեսնում, իսկ եթե չկա նաև արդարադատության, սա ևս կրկնապատկում է նրանց ջղայնությունը, վրեժխնդրությունը:

Գերիների հարցը քաղաքականացված է

Ճշտված տվյալներով ԱՀ-ից 2020թ. պատերազմի ընթացքում զոհվել է 763 զինծառայող, 31-ը անհայտ կորած են: Բացի դրանից, քաղաքացիական 20 անձ անհայտ կորած է համարվում: Ցավոք սրտի, երեքի վերաբերյալ կա տեսագրություն, թե ինչպես են սպանում, բայց մարմինները չկան:

Արցախից 7 զինծառայողի մասունքներ ԴՆԹ հետազոտությամբ նույնականացվել են, բայց հարազատները չէին ընդունում: Նրանցից երկու անհայտ կորածների տվյալներ, որոնց դեպքում կար ԴՆԹ նույնականացում և ծնողները օբյեկտիվ պատճառներով հրաժարվում էին ճանաչել ՀՀ-ում կատարված փորձաքննության արդյունքները, մեր միջամտությամբ ու պետական աջակցությամբ փորձաքննություն են անցնել արտասահմանում՝ պայմանով, որ այդ երկրում հաստատվելուց հետո կընդունեն և հուղարկավորեն: Հաստատվելուց հետո նրանց մարմինները հուղարկավորվել են: Պատերազմի երկու տարին է լրանում և դեռևս մոտ 100 մարմինների մասունքներ կան ՀՀ-ում, որոնք նույնականացված են, բայց հարազատները չեն ընդունում:

Որոշ դեպքերում անուղղակի փաստեր կան, որ ողջ են անհայտ կորած համարվողները, ուղղակի ադրբեջանական կողմը չի խոստովանում: Ի սկզբանե ինչքան խոստովանել է, դրանից հետո ոչ մի անուն չի ավելացրել:

Տեսագրություն կա, որտեղ գերեվարված քաղաքացիական անձը նստած ծխում է, թուրքի հետ զրուցում: Այնուհետև վերադարձած քաղաքացիական գերիներից մեկը հաստատել է, որ այդ անձի հետ մեկ օր բանտախցում միասին է անցկացրել: Բայց տվյալ անձից որևէ տեղեկություն Ադրբեջանը չի հայտնում: Եթե մարդն այնտեղ սպանվել կամ մահացել է, ավելի հեշտ է ասել, որ չկա՝ չկա մարմին չկա խնդիր: Սա հասարակական կազմակերպության լուծելիք խնդիր չէ, մենք սրա մասին խոսում, բարձրաձայնում ենք, բայց մեր հարթակում: Միջազգային հարթակում Կարմիր խաչի միջոցով ենք սրա մասին խոսում, բայց Կարմիր խաչը ևս լիարժեք մադատ չունի, բարի կամքի վրա է հենվում:

Գերիների հարցը քաղաքականացված է, մինչ օրս բոլոր գերիները չեն վերադարձվել: Նրանց փոքր խմբերով վերադարձնելով պարբերաբար օգտագործում են քաղաքական դիվիդենտներ շահելու համար:

Ի՞նչն է ուժ տալիս

Մեզ ուժ է տալիս մեր համախմբվածությունը: Մինչ այս կարգավիճակում հայտնվելը մենք այլ կյանքով էինք ապրում, այլ հայացքներով, բայց ամեն ինչ տակնուվրա է եղել, փոխվել: Այստեղ հավաքվելը, զրուցելը, համատեղ աշխատանքը մեզ շեղում է ծանր ցավից, ինչ-որ տեղ սփոփվում ենք: Որևէ ընտանիքի նեցուկ կանգնելով, աջակցելով դրանից ևս հանգստություն ենք ապրում: Սա է մեզ ուժ, էներգիա տալիս: Փորձում ենք պատվով կատարել այս գործը, իհարկե, կլինեն բացթողումներ, դժգոհություններ, բայց սխալներ չի գործում միայն ոչինչ չանողը»:

Զրուցեց՝ Տաթևիկ Աղաջանյանը

1