Մեզ հուզող հիմնական խնդիրը անվտանգությունն է. Մեծ Շեն համայնքի ղեկավար

Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի համայնքները ռազմավարական մեծ նշանակություն ունեն: Այս համայնքները փաստացի ապահովում են ՀՀ-ի հետ կապող միակ ճանապարհի անվտանգությունը: Սակայն 44-օրյա պատերազմից հետո բնակիչների մեծ մասը դեռևս չի համարձակվում վերադառնալ իր տուն:
Նախքան պատերազմը 114 բնակիչ ունեցող Մեծ Շենում այժմ 28 մեծշենցի է ապրում, 15 հոգի էլ Քաշաթաղի շրջանի տարբեր համայնքներից են վերաբնակվել այստեղ: Ըստ համայնքի ղեկավար Դավիթ Դավթյանի՝ անվտանգությունից ելնելով՝ մարդիկ դեռևս վերադառնալու ցանկություն չեն հայտնել: Մեծշենցիների մի մասն էլ ՀՀ-ում մնալը բացատրում է նրանով, որ չեն ուզում իրենց աշակերտ երեխաների ուսումը կիսատ թողնել և ուսումնական տարվա ավարտից հետո կվերադառնան:

Քաշաթաղի Աղավնատուն համայնքից Մեծ Շենում հանգրվանած Գրիգոր Կարապետյանը յոթ երեխաների հայր է: Իր նախկին բնակավայրը դրախտավայր էր համարում, այնտեղ տարին երկու գարուն էր լինում, ծառերը երկու անգամ էին ծաղկում: Բայց այժմ իր բազմանդամ ընտանիքով հաստատվել է Մեծ Շենում, քանի որ համոզված է, որ այդտեղ ապրելով են հողը պահում: «Եթե բոլորս մտածենք, որ պայմանները բավարար չեն, նշանակում է՝ մեր ձեռքով հողերը տալիս ենք: Երկու ամիս հողի վրա քնել ենք հողը պահելու համար, հիմա ո՞նց մեր ձեռքով տանք»,- ասում է նա:
«Ապառաժ»-ի հետ զրույցում Դավիթ Դավթյանը նշել է, որ իրավիճակից ելնելով մարդիկ սպասում են որևէ որոշակիության:
Մայիսի 16-ին համայնք էր այցելել նաև ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:
Բնակիչների հետ հանդիպման ժամանակ նա խոստացել էր ասֆալտապատել գյուղի ճանապարհը: Համայնքի ղեկավարից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք առաջնայինը գյուղի ճանապարհի ասֆալտապատումն է, ինչին նա արձագանքեց՝ իհարկե, ոչ: «Մեզ հուզող հիմնական խնդիրը անվտանգությունն է: Իսկ այդ ճանապարհը Լաչինի միջանցքն է, որը պետք է շրջանցի Բերձորը, և ծրագիր կա, որ գյուղով պիտի անցնի: Բայց այդ հարցն էլ է անորոշ, ասում են՝ եթե շրջանցենք, այդտեղով է անցնելու»,- նշել է Դ. Դավթյանը:
Մեծ Շենի տարածք ադրբեջանցիները մտել էին դեկտեմբերին: Պարզվել է, որ նրանք գյուղի վերևի մասում թաքուն դիրք էին պահում: Հարևան գյուղից պատահաբար նկատել են դեպի Մեծ Շեն շարժվող ադրբեջանցիներին և զգուշացրել: «Գնացել ենք տեսել 12 հոգի զենքերով, սնունդով մեր գյուղի ներքևի մասով բարձրանում են: Հենց մեզ տեսել են, վախից կանգնել են ու կապվել իրենց հրամանատարության հետ՝ ասելով, թե հայերը շրջափակել են: Մենք ընդամենը երկու հոգի էինք: Ռուս խաղաղապահի ուղեկցությամբ եկել են, ես էլ ասել եմ, որ իրավունք չունեն այդ տարածքում դիրք պահել: Գյուղի վերևի ժայռի վրա դրոշ էին դրել, դրոշը հանել էին, հավաստիացրել, որ դիրքն էլ են հանել, բայց պահում էին: Հետո պարզվել է, որ այնտեղ էին ու հերթափոխի էին գնում»,- պատմում է Դավիթ Դավթյանը՝ ավելացնելով, որ դրանից հետո ադրբեջանցիներն այդ դիրքը հանել են:

Նրա խոսքով՝ 4 ամիս է՝ պայքարում է, որ պահակակետ դնեն: Մեծ Շենից ադրբեջանցիները 2 կմ հեռավորության վրա են, բայց նրանց տեղակայման վայրից կարող են ճանապարհով ազատ մոտենալ գյուղին: «Արայիկ Հարությունյանի այցի ժամանակ այդ հարցը բարձրացրել ենք, խոստացել է 8 հոգանոց խումբ ուղարկել գյուղի պահպանության համար: Դա ամսի 16-ին, իսկ այսօր ամսի 21-ն է և ոչ ոք դեռևս չի եկել»,- նշել է համայնքի ղեկավարը:
Մինչ վերջին պատերազմը բնակչության հիմնական զբաղմունքը հողագործությունն ու մեղվաբուծությունն էր: Հիմա, չնայած հողատարածքները, արոտավայրերը մնացել են մեր վերահսկողության տակ, սակայն մարդիկ վախենում են մշակել: Արոտավայրերն ու բանջարաբոստանային կուլտուրաների մշակության վայրը գյուղից որոշակի հեռավորության վրա է: Դրա համար շատերը հրաժարվել են իրենց հեռու բոստաններից:

«Երկու կով էի պահում, հիմա չեմ պահում: Մեղուների մոտ ռուսներին զգուշացնելուց հետո եմ գնում: Եթե մեր բանակը կամ ռուսները պահակակետեր դնեին, ապահով կզգայինք ու մեր առօրյա գործերով կզբաղվեինք»,- ասել է Մեծ Շենի համայնքի ղեկավարը:
1905-1906 թվականների հայ-թաթարական և 1918-1920 թվականների հայ-թուրքական ընդհարումների ժամանակ բերդաձորցիները հերոսաբար դիմադրել են թշնամուն։
1988 թվականին Բերդաձորը կրկին վերածվել է պատերազմական թատերաբեմի։
Գյուղը «Կոլցո» օպերացիայով 1991թ. մայիսի 17-ին տեղահանել են, իսկ 1992 թ. մայիսի 17-ին, ուղիղ մեկ տարի անց ազատամարտիկները մտել են գյուղ: «Այստեղ երբեք թուրք չի ապրել, միշտ էլ հայկական է եղել ու այսօր էլ պայքարում ենք, որ հայկական մնա»,- շեշտում է համայնքի ղեկավարը: Այս պատերազմի ժամանակ գյուղի տարածքում մարտական գործողություններ չեն եղել: Միայն երկու արկ է ընկել անտառի մեջ: Արցախի այլ վայրերի պաշտպանության ժամանակ նահատակվել են երկու մեծշենցիներ:
Գյուղի ռազմավարական նշանակությունը հասկանում է այնտեղ ապրող յուրաքանչյուր ոք: «Եթե այս ձորակը տրվի, Արցախը լրիվությամբ օղակի մեջ է հայտնվելու, ՀՀ-ի սահմանից մինչև Ստեփանակերտ այս տարածքը իրենցն է դառնալու, գնալ-գալը խնդիրներ է առաջացնելու, միջադեպեր են լինելու: Դրա համար պետք է ամեն ինչ անենք, որ այս տարածքը պահվի: Ճիշտ է, հարուստ չէ, լեռնային տարածք է, բայց ստրատեգիական մեծ նշանակություն ունի»,- կարծում է համայնքի ղեկավարը:

Ինչ վերաբերում է ապագային, ապա՝ ըստ Դ.Դավթյանի, կան բանավոր ու գրավոր պայմանավորվածություններ, որոնց մասին տեղյակ չենք. «Թե ինչ կլինի, ժամանակը ցույց կտա: Ինչ-որ հույսեր ենք կապում հունիսի 20-ի ընտրությունների հետ, որ կարող է ինչ-որ բան փոխվել: Քոչարյանը կլինի, թե մեկ ուրիշը, պետք է մի բան փոխվի, որ հստակություն տեսնենք: Այս պահին թունել է, որի վերջը չի երևում, մթության մեջ առաջ ենք գնում»:
Տ. Աղաջանյան

