Մեզ հիացնում էր լիբանանահայության ոգին, ազգայինը պահելու տենչը

ՀՄԸՄ Արցախի Մեկուսի վարչությունը, վերսկսելով գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում, ունի նոր նպատակներ՝ մինչ վերադարձը Արցախ միավորել Հայաստանում բնակություն հաստատած արցախցի պատանիներին մեկ գաղափարի շուրջ, որն իր մեջ կրում է՝ Հայաստանն ավելի լավ ճանաչելը, պայքարի ոգին ամուր պահելը, արցախյան բարբառն ու մշակույթի առանձնահատկությունները և Արցախ վերադառնալու նպատակը։
-Շրջափակման հետևանքով ունեցած բացերի լրացում, ավելի մեծ հնարավորությունների իրագործում ՀՄԸՄ ՀԱՍԿ-ի հետ համագործակցությամբ, այս է նշված ժամանկաշրջանում ՀՄԸՄ-ի Արցախի վարչության ծրագիրը: Հայաստանում Արցախի ՀՄԸՄ-ի վերակազմավորվելու գործում մեծ աջակցություն է ցուցաբերում ՀՄԸՄ-ի Կենտրոնական վարչությունը, ԿՎ անդամ Սանդրա Վարդանյանը մեր կողքին է եւ բավական օժանդակում է միության աշխատանքները ընթացքավորելու հարցում,- ՀՄԸՄ-ի Արցախի ծրագրերի մասին խոսելիս՝ ներկայացնում է ՀՄԸՄ-ի Արցախի Մեկուսի Վարչության ատենապետ Արմոնդ Թահմազյանը։

Լիբանանի շրջանային վարչության հրավերով Արցախի մեկուսի մասնաճյուղի 9 սկաուտներից կազմված խումբը՝ վարչության անդամ Անդրանիկ Չավուշյանի գլխավորությամբ, մայիսի 23-ից 30-ը հյուրընկալվեցին Լիբանանում։ Մեկ շաբաթյա ուղևորությունն այնքան հագեցած ու բովանդակալից էր, որ արցախցի սկաուտներն իրար հերթ չտալով պատմում ու կիսում էին տպավորությունները։
Խմբապետ Յուրի Բալույանն անչափ տպավորված էր ընդունելությունից, իրենց հանդեպ բարեհաճ վերաբերմունքից․

— Մեր առաջին սկաուտական այցելությունն էր Լիբանան, որը լուրջ պատասխանատություն էր խմբի համար, քանի որ մենք ներկայացնում էինք Արցախը։ Մեծ պատիվ էր հրավիրվել ՀՄԸՄ-ի Լիբանանի վարչության կողմից ու այդ այցելությանը նախապատրաստվել ենք ամենայն լրջությամբ։ Գրեթե մեկ ամիս աշխատում էինք մեր գիտելիքների կատարելագործման վրա։ Մեր խմբի նպատակն էր Լիբանան ներկայանալ հավուր պատշաճի և չթերանալ ոչ մի հարցում։
Օդանավակայանում մեզ դիմավորել են ՀՄԸՄ-ի շրջանային վարչության ատենապետ Վահան Համամճյանը և անդամ Հրայր Մարգարյանը։ Առաջին իսկ վայրկյանից զգացել ենք նրանց սրտացավ վերաբերմունքն արցախցիների հանդեպ։ Ապա միանգամից այցելել ենք Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դպրեվանքը, որտեղ էլ մեզ տեղ են հատկացրել մնալու համար։ Նույն օրը երեկոյան գնացել ենք դաշտ` մասնակցելու ձեռային աշխատանքներին, ինչպես նաև ծանոթացել ենք բոլոր մասնաճյուղերի հետ։ Առաջին իսկ օրվանից մեր ու լիբանանցի սկաուտների միջև մեծ մտերմություն է սկսել։ Մասնակցել ենք մեծ տողանցքին՝ նվիրված ՀՄԸՄ Լիբանանի 100-ամյակին։ Դա մեր առաջին սկաուտական մեծ միջոցառումն էր։ Տպավորությունն անբացատրելի էր, ու չեմ կարող նկարագրել հանդիսատեսի ոգևորությունը, երբ քայլերթով դուրս եկանք արցախցի սկաուտներս։ Անմիջապես զգացինք այն ջերմությունն ու հույզերը, որ հաղորդվում էր հանդիսատեսից։ Մեզ համար մեծ պատիվ էր, որ կարողացանք ներակայանալ արժանվույն ու արժանանալ լիբանանահայության սիրուն։
Այցելել ենք նաև Բուրջ Համուտի քաղաքապետարան, հանդիպել և հետաքրքիր զրույց ունեցել քաղաքապետ Մարտիկ Պողոսյանի հետ։ Հետո այցելեցինք ՀՅԴ <Շահզոյան> կենտրոն, մեզ մեծ սիրով ընդունեց ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, Խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունին։
Ներկա ենք եղել նաեւ Արաբո և Ներսիկ Իսպիրյանների համերգին։
Չեմ կարող առանձնահատուկ չանդրադառնալ ամբողջությամբ հայաբնակ Այնճար գյուղին։ Երբ մտնում ես գյուղ, քեզ դիմավորում է եկեղեցին, որի բակում Արցախի <Տատիկ-պապիկ> կոթողն է դրված ու թվում է, որ դու Արցախում ես, քո տանը։ Մարդկանց վերաբերմունքը, մշակույթը, գյուղի մաքրությունը մեզ Արցախն է հիշեցրել,-պատմում է Յուրին ու ավելացնում,-իհարկե, ցանկանում եմ ապրել Հայաստանում, բայց, եթե այնպես ստացվի, որ Հայաստանում չապրեմ, ապա կնախընտրեմ միայն Լիբանանի Այնճար գյուղը, որտեղ ամեն ինչ արցախյան է, հայեցի։
Արիանա Սարումյանը նույնպես ոգևորությամբ է հիշում Լիբանանում անցկացրած 7 օրերը։ Այն ինչ տեսել, սովորել են այնտեղ, նրանք պատրաստ են փոխանցել արցախցի ավելի քան 110 սկաուտներին։
Աննա Գաբրիելյանը ուրախությամբ է պատմում, թե ինչպես են Լիբանանում իրենց ընդունել ու մեծ պատվի արժանացրել։ Այցելելով ազգային և եկեղեցական տարբեր հաստատություններ՝ նրանք հիացել են ամեն տեղ հայկականը տեսնելով․ <Հանդիպել ենք Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջին Վեհափառ Հայրապետի հետ՝ ստացել նրա օրհնությունը։ Մասնակցել ենք պատարագի, Վեհափառի հետ ունեցել ենք առանձնազրույց։ Նրան ենք հանձնել Արցախի դրոշը և հույս ու հավատ հայտնել, որ կգա օրը ու Վեհափառն իր ձեռքով կծածանի այն Արցախում>։

Արցախցի սկաուտների ոգևորությունն անսպառ է, ասելիքը՝ անվերջանալի։
Աննայի խոսքը շարունակում է Վիկտորիա Մկրտչյանն ու պատմում, թե ինչպիսի հիշարժան վայրեր են այցելել ու նոր ծանոթություններ ստեղծել։ Ամեն տեղ էլ արժանացել են լավ վերաբերմունքի ու իրենց կեցվածքով, արցախցի երիտասարդին վայել պահվածքով կարողացել են կայուն կապ հաստատել լիբանանցի սկաուտների հետ։ <Յոթ օրը քիչ էր, Լիբանանը լիովին ճանաչելու համար։ Օրերը շատ էին հագեցված, աշխատում էինք ամեն ինչ տեսնել, սովորել։ Մեզ հիացնում էր լիբանանահայության ոգին, ազգայինը պահելու տենչը։
Անդրանիկ Չավուշյանը, թեև ապրել ու մեծացել է Լիբանանում, սակայն նրա համար ևս այդ մեկ շաբաթը անակնկալներով լի էր։

-Արցախցիների հյուրընկալությունը շատ լավ էր կազմակերպված և ուներ հագեցած օրակարգ։ Մեր տպավորությունները անմոռանալի են, և հույս ունենք, որ այդ ացելությունները շարունակական կլինեն։ Այնտեղ մենք ականատես եղանք անկոտրում կամքի տեր մեր հայրենակիցներին, որոնք շարունակում են հաղթահարել ցանկացած դժվարություն և ինչու չէ, այդ ուժը փոխանցվեց նաև մեզ։ Շնորհակալություն ենք հայտնում Լիբանանի շրջանային վարչությանը,-ասում է Արցախի մեկուսի վարչության անդամը։
Ապա երիտասարդները ցույց են տալիս Լիբանանում ստացած նվերներն ու ասում, որ դրանք շատ պատվավոր ու թանկ են իրենց համար։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ