Մեզ համար անընդունելի է՝ ՀՀ իշխանությունները փորձում են Արցախի հարցը փակել. Նժդեհ Իսկանդարյան
Գլխավոր » Լրահոս » Մեզ համար անընդունելի է՝ ՀՀ իշխանությունները փորձում են Արցախի հարցը փակել. Նժդեհ Իսկանդարյան

Մեզ համար անընդունելի է՝ ՀՀ իշխանությունները փորձում են Արցախի հարցը փակել. Նժդեհ Իսկանդարյան

Օրերս ֆեյսբուքի իր էջում Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը անդրադարձել է արցախցիների աջակցության ծրագրերի դադարեցումից հետո արձանագրված լուրջ սոցիալական խնդիրներին։
Նա նշել է, որ հազարավոր ընտանիքներ այսօր գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում՝ առանց կայուն եկամտի, առանց սոցիալական պաշտպանվածության և առանց վստահության իրենց ապագայի նկատմամբ։
Մարդկանց մեծ մասը աշխատում է բացառապես բնակվարձը վճարելու համար, իսկ սնունդը, բուժումը և նույնիսկ տարրական կենցաղային կարիքները հաճախ մնում են չլուծված։ Սա ոչ միայն արժանապատիվ կյանքի նվազագույն պայմանների խախտման ակնհայտ օրինակ է, այլև աջակցության ծրագրերի դադարեցման ուղղակի հետևանք։
Ստեղծված ճգնաժամը արդյունք է այն քաղաքականության, որի շրջանակում որոշումները կայացվել են առանց ժողովրդի հետ հաշվի նստելու և առանց դրանց սոցիալական ու առողջական հետևանքների գնահատման։
Արդյունքում՝ մարդիկ կանգնած են ոչ միայն սոցիալական ծանր վիճակի, այլև առողջական լուրջ խնդիրների առաջ։
Մարդկանց սոցիալական վիճակը օրեցօր վատանում է, իսկ պետական քաղաքականության մեջ առկա անորոշությունն ու անգործությունը խորացնում են խնդիրները։
Անհապաղ անհրաժեշտ է վերանայել գործող մոտեցումները, վերականգնել կամ փոխարինել դադարեցված աջակցության ծրագրերը իրական, արդյունավետ մեխանիզմներով և ապահովել համակարգված, կայուն լուծումներ։
Այսպես շարունակվել չի կարող։ Սոցիալական անտարբերությունը չի կարող և չպետք է դառնա պետական քաղաքականություն։

Ավելի վաղ «Ապառաժ»-ի հետ զրույցում Արցախի պետնախարարը ասել է, որ նախատեսվում է գարնանը սկսել փողոցային շարժում, քանի որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները չեն համագործակցում Արցախի իշխանությունների հետ և միակ այլընտրանքը դա հանրային ճնշումն է։
«Փորձը ցույց է տվել, որ միայն այդ դեպքում են մեզ հետ նստում բանակցությունների սեղանի շուրջ։ Անցած տարվա մարտի 29-ից հետո որոշակի դինամիկա արձանագրվել է՝ բնակապահովման ծրագրեր և առհասարակ․ թեկուզ քննարկումների մակարդակով։ Դրանից հետո այդ կապը լրիվությամբ կտրվել է։ Հաշվի առնելով այդ ամենը և ժողովրդի հետ բազմաթիվ հանդիպումներ ունենալուց հետո, եկել ենք այն եզրահանգման, որ միայն հանրային ճնշման միջոցով կարելի է խնդիրներին որոշակի լուծում տալ։ Իմ մամլո ասուլիսում հայտարարել եմ, որ գարնանը կկազմակերպենք հանրահավաք, իհարկե, նախօրոք քննարկելով օրակարգը և հստակեցնելով օրը։ Մեզ համար անընդունելի է, որ Հայաստանի իշխանությունները փորձում են Արցախի հարցը փակել»,- նշել է Նժդեհ Իսկանդարյանը։

1