Մեզ չեն ների ո՛չ սերունդները, ո՛չ էլ երկնքից նայող մեր հերոսները. փրկե՛ք կյանքի ու մահվան կռիվ տվող Արցախին․ ԱՀ նախագահի խորհրդական
Հումանիտար աղետ ստեղծելու ճանապարհով արցախահայությանը վհատեցնելու Ադրբեջանի հաշվարկները չեն աշխատելու։ Նման տեսակետ հայտնեց մեզ հետ զրույցում Արցախի նախագահի խորհրդական Արմեն Սարգսյանը։
Հարցին, թե ինչպե՞ս է տեսնում Արցախի առաջ ծառացած օր օրի ահագնացող մարտահրավերների հաղթահարման ճանապարհը, որքա՞ն արցախցին միայնակ կկարողանա պայքարել ստեղծված ծանր իրավիճակում, մեր զրուցակիցը նկատում է․
-Մարտահրավերների հաղթահարման ճանապարհը, միանշանակ, Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնության մեջ է: Այն ոչ թե վերացական է, այլ կոնկրետ գործունեություն Արցախի փրկության ծրագրի շուրջ: Այս եռամիասնությամբ ստեղծված համահայկական հարթության մեջ ցանկացած անձ կամ ուժ լքելիս անմիջապես պետք է լրացվի տեղը՝ համահայկական միասնության դաշտի լրացման համար: Կոչ եմ անում՝ մի պահ ինքնամաքրվենք և շարունակենք 1988թ. միասնության և սիրո գաղափարի իրականացումը՝ խուսափելով ժամանակին թույլ տված սխալներից: Կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր «երազում են» ապրել հայրենիքից դուրս, իրենց փախուստը արդարացնելու համար՝ սոցցանցերում հանդես չգան հակահայրենասիրական գաղափարներով, որպեսզի արդարացնեն իրենց: Մարտարհավերներին կոնկրետ դիմագրավելու համար, պետք է առաջնորդվել միմիայն մարտահրավերները սաղմնային վիճակում ոչնչացնելու գաղափարով: Մենք շատ ենք տեսել ծանր օրեր և ճանապարհների փակում, սակայն այդ ամենը ոչ թե վհատեցրել, այլ ավելի է ամրապնդել արցախցու միասնությունը։ Օրինակ, երբ 1988թ. հազարավոր ազերի բնակչություն շարժվեց Ասկերանի ուղղությամբ, դեմ դիմաց դուրս եկան ասկերանցիները, և քիչ անց ազերիները փախչում էին հակառակ ուղղությամբ: Ցանկացած մարտահրավերների դեմ դիմակայելու համար մենք կընտրենք լավագույն տարբերակը:
Օգտվելով առիթից ուզում եմ դիմել համայն հայությանը․Սիրելի հայ ժողովուրդ, մի հանդուրժեք ձեր մեջ տականքներին և հիշեք, որ Արցախը պատմական Հայաստանի 10-րդ նահանգն է և այսօր պետք է միավորվել նրա շուրջ: Արևմտյան Հայաստանում ֆիդայական շարժման ժամանակ կռվում էին բազում արցախցիներ, ախալքալաքցիներ, ախալցխացիներ, գյումրեցիներ և ողջ Հայաստանի տարբեր մարզերից հայեր: Ինչու՞, որովհետև Արևմտյան Հայաստանը՝ Հայաստան է: Երբ թուրքերը հասան Երևանի մատույցներին, որն ի դեպ հիմա էլ ուզում են կրկնել, Սարդարապատի ճակատամարտում ողջ հայ ժողովրդի հետ միասին մասնակցեցից և ղեկավարեցին բազում արցախցիներ, նույնիսկ Սարդարապատի մահապարտների գունդը կազմված էր միայն արցախցիներից: Ինչու՞, որովհետև Երևանը համայն հայության մայրաքաղաքն էր:
Ով հայ ժողովուրդ, ոտքի ելեք փրկելու թշնամիներով շրջապատված, կյանքի ու մահվան կռիվ տվող Արցախին, այլապես մեզ չեն ների ո՛չ սերունդները, ո՛չ էլ երկնքից նայող մեր հերոսները:
Ամփոփելով խոսքը ԱՀ նախագահի խորհրդականը ընդգծում է․
-Վստահ եմ արցախցին միայնակ չի մնալու: Ճիշտ է, շրջափակման մեջ և չճանաչված լինելը իր հետ բերում է առանձնապես լուրջ դիվանագիտական դժվարություններ, սակայն մենք պատրաստ ենք յուրովի հաղթահարել այդ դժվարությունները: Արցախցու նպատակը միանշանակ է՝ միանալ մայր հայրենիքի հետ դե ֆակտո կամ դե յուրե և այդ ճանապարհի դեմ կանգնած յուրաքանչյուր ուժ նետվելու է պատմության աղբանոցը: Այնպես, որ մենք պայքարելու ենք այնքան մինչև իրագործվի մեր նպատակը: Գիտակցում ենք, որ այսօր Արցախը ողջ հայության միջնաբերդն է:
iravunk.com