Մեծ քաղաքում վառվում են գլխավոր տոնածառի լույսերը, բայց մենք արդեն հեռու ենք, շա՜տ հեռու` երկուսով, ազատ…
Իմ օրագրից…
Երբ վառվեցին մեծ տոնածառի լույսերը և մեծ քաղաքն իրեն գեղեցկուհի զգաց, հիշեցի հեռվում մնացած փոքր քաղաքի աչքերը,
որ փնտրում էին կորած լույսերի հիշողությունը…
Մեծ քաղաքի լույսերը չեն հասնում փոքր քաղաքին, նրանց միջև անկատար երազանքներ են, կիսատ հուշեր, կիսատ լռություններ և մի կամուրջ, որը միակ կամուրջն է, որտեղով հետադարձ չկա։
…Մեկը կանչում է անունս։ Փոքր քաղաքն է։ Եկել է ինձ մոտ։ Նա այնքան փոքր է և այնքան թեթև, որ մեկ շարժումով տեղավորում եմ վերարկուիս տակ, ամուր կապում եմ կոճակներս, որպեսզի մի քիչ տաքանա, մի քիչ չմրսենք։
— Հիշողությունն ավելի խորն է, քան այս լույսերի փայլը, ավելի մեծ, ավելի լայն, քան բոլոր մեծ քաղաքների ճանապարհները,֊ ասում է ու դողում։
֊ Ես քեզ երբեք չեմ ասել, որ դու ամենասիրունն ես, որովհետև ինձ միշտ թվացել է, թե դու դա գիտես։ Հիմա ու՞շ է, որ ասեմ։ Թեև ի՞նչ իմաստ ունի, մեկ է` դու մրսում ես, իսկ ես ոչինչ չունեմ քեզ տաքացնելու, բացի այս վերարկուից, որ քո խանութներից էի գնել…
֊ Երբեք չփոխես այդ վերարկուն, ուրիշը քեզ չի սազի, ինչքան էլ լավը լինի։ Համ էլ` այնտեղ ես չեմ տեղավորվի արդեն…Դե՜, արի գնանք։
֊Ո՞ւր։
֊Մի տաք տեղ։ Ես մրսում եմ։
…Եվ մենք գնում ենք ոչ թե փախչելով մեծ քաղաքից, այլ վերադառնալով դեպի մեզ, անվերջ վերադառնալով դեպի այնտեղ, ուր հիշողությունը տաքացնում է մեր աչքերը, որպեսզի ցրտից չլացենք։
Մեր քայլերը դանդաղ է, ասես ուզում ենք հորինել մի երգ, որ դեռ ոչ ոք չի գրել: Մի երգ`ապագայի մասին…Փոքր քաղաքն իմ վերարկուի տակ շնչում է իմ ռիթմով, նրա սրտի զարկերը խառնվում են իմ սրտի զարկերին: Մենք արդեն մեկ ենք, և դա է ամենասիրուն երգը։ Այդ երգը տանում է մեզ…
Մեծ քաղաքում վառվում են գլխավոր տոնածառի լույսերը, բայց մենք արդեն հեռու ենք, շա՜տ հեռու` երկուսով, ազատ: Ազատ ոչ թե տարածությունից, այլ՝ մոռացությունից:
Մեր երգը նուրբ է, ինչպես առաջին ձյան փաթիլները, բայցև տաք՝ ինչպես հավատի կրակը:
Փոքր քաղաքը շշնջում է ականջիս.
— Մենք հիմա տանն ենք: Ոչ այն տանը, որ կառուցված է աղյուսներից ու քարերից, այլ այն տանը, որ կառուցված է հիշողություններից ու վաղվա երազներից։
֊Արի մնանք այստեղ, մինչև եղանակները կտաքանան, մինչև երկրի բոլոր ծառերը միաժամանակ կծաղկեն…
-Արի մնա՜նք…
2024