Մերուժան Մոսիյան. միլիոն գործ ուներ ու քիչ ժամանակ

1993 թվականի օգոստոսի 23-ին Մարտունու դիրքերում պաշտպանական հատվածը ամրապնդելիս զոհվեցին Մարտունու 26-րդ մոտոհրաձգային գումարտակի հրամանատար, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Մերուժան Մոսիյանը եւ ՀՅԴ անդամ, ԼՂՀ Մարտունու 26-րդ մոտոհրաձգային գումարտակի հետախուզական և զինական մասի խորհրդական Մհեր Ջուլհաճյանը, ազատամարտիկներ Արտակ Մնացականյանը, Լևոն Համբարձումյանը և Ռուդիկ Ավագյանը:
Հոր մահվան 29-րդ տարելիցի կապակցությամբ ֆեյսբուքյան իր էջում հիշողություններով ու ապրումներով կիսվել է Մերուժան Մոսիյանի դուստրը՝ Արմինեն.
«Հայրս՝ Մերուժանը
Թե չլիներ չարաբաստիկ 1993թ. օգոստոսի 23-ը՝ հորս զոհվելու օրը, այսօր մեր ընտանիքը կնշեր մեկ այլ օգոստոսի 23, բայց արդեն 1988թ.՝ ծնողներիս ամուսնության ու նրանց ընտանիքի կազմավորման 34-ամյակը… Բայց հորս այսօր գրկելու փոխարեն մայրս կրկին կգրկի նրա՝ չնայած օգոստոսյան, բայցևայնպես սառը շիրմաքարը, գլուխը կախ կլացի լուռ… Արցունքների մի մասը ներս կգլորվի՝ միանալու տարիներով կուտակված վշտին ու չասված խոսքերին, մյուս մասը շիթով կգլորվի ու մի վայրկյան անց օդում կչորանա. Մարտունիում օգոստոսին միշտ էլ անասելի տաք է լինում… Եղբայրներս լուռ ծխախոտ կվառեն…

Մայրս ու հայրս միասին ապրեցին ուղիղ 5 տարի, ու ոչ մի օր ավել… Միասին ապրեցին պատերազմի ողջ մղձավանջն ու արհավիրքը, ունեցան 3 զավակ, մեծ նպատակներ և հույսեր… Հորս՝ Մերուժան Մոսիյանի մասին երբեք այս հարթակում չեմ գրել, երբեմն միայն նրա ծննդյան կամ մահվան օրերին նրա մասին պատմող «Խոնարհ հերոսներ» շարքի ֆիլմով եմ կիսվել… Չեմ կիսվել, որովհետև կարիքը չեմ տեսել. հորս ճանաչող յուրաքանչյուր ոք գիտի նրա տեսակի մասին՝ հայրենասեր հայի բացառիկ տեսակի… Ու այսօր էլ չէի կիսվի, ուղղակի սիրտս անասելի լցված է, ներսումս դատարկություն է, անցյալն՝ արժեզրկված, ներկան՝ անիմաստ, ապագան՝ անորոշ…

Այսօր կգնամ ու 29-րդ տարին անընդմեջ կնայեմ հորս աչքերին ու կասեմ. Երնե՜կ քեզ ու մեր բոլոր նահատակներին, Հայրի՜կ, որ այս խայտառակությունը դուք չեք տեսնում… Հազա՜ր երանի, որ չեք տեսնում, թե ձեր բոլորի՝ կյանքի գնով ազատագրած Արցախը ինչպես են մաս-մաս նվիրել ու դեռ շարունակում են նվիրել թուրքին… Իսկ վերջը դեռ չի երևում… Թեև ամբողջ կյանքում զրկված ենք եղել քո ֆիզիկական ներկայությունից, քո սիրուց, հայր ունենալու երջանկությունից ու «հայրիկ» արտասանելու բերկրանքից, բայցևայնպես ներքուստ անասելի հպարտ ենք եղել, որ քո զավակներն ենք, քո մի մասնիկն ու շարունակությունն ենք, մարդու, ով գեթ մի վայրկյան չի վարանել կյանքը հայրենիքի զոհասեղանին դնելիս, որովհետև ինչպես ինքն էր ասում՝ միլիոն գործ ուներ… Իսկ հիմա՞… Իսկ հիմա ամեն ինչ անիմաստ է…

Թող ձեր բոլորի հոգիները ննջեն խաղաղությամբ, Հայրի՜կ… Իսկ ես հավատում եմ, որ, ինչպես մանկության հին ու բարի հեքիաթում է լինում՝ բարին վերջում միշտ էլ հաղթում է չարին, ու եթե դեռ չի հաղթել, ուրեմն սա դեռ վերջը չէ… »
Մերուժան Մոսիայնը ծնվել է 1965-ին Արցախի Մարտունի քաղաքում, մասնակցել է Մարտակերտի ազատագրմանը, Քարվաճառի, Աղդամի ռազմական գործողություններին:
«Խոնարհ հերոսներ» շարքի ֆիլմը.