Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-Իրան գերակշռության պայքարն ու ազդեցությունը Հայաստանի ու Արցախի վրա
2020 թվականը Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում մեկնարկեց անվտանգությանը եւ խաղաղությանը սպառնացող վտանգով:
Հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանում հրթիռային հարվածի հետեւանքով սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին։ Ըստ տարածված տեղեկությունների՝ Սոլեյմանին ղեկավարել եւ պլանավորել է Իրանի շահերը պաշտպանող գրեթե բոլոր առանցքային ռազմական գործողությունները Սիրիայում եւ Իրաքում։
Պաշտոնական Վաշինգտոնն արագ հաստատեց Սոլեյմանիի սպանությունը՝ նշելով, որ օպերացիան իրականացվել է նախագահ Թրամփի հրահանգով՝ կանխելու համար ԱՄՆ հենակետերի վրա հետագա գրոհները, որոնք ենթադրաբար պլանավորվում էին Իրանի կողմից:
Մերձավոր Արեւելքին տիրանալու ԱՄՆ-Իրան գերակշռության պայքարի շուրջ «Ապառաժ»-ը զրուցել է իրանագետ Արմեն Իսրայելյանի եւ Թեհրանում գործող Alikonline կայքի խմբագիր Արամ Շահնազարյանի հետ: Մեկնաբանություններին կից ներկայացնում ենք նաեւ Ստեփանակերտից հնչեցված կարծիքները:
Արտատարածաշրջանային ուժերի հեռացումը տարածաշրջանից չափազանց բարդ եւ երկարատեւ գործընթաց է
Թեհրանում գործող Alikonline կայքի խմբագիր Արամ Շահնազարյան
-Մերձավոր Արեւելքը գերտերությունների շահերի բախման եւ պատերազմական գործողությունների բռնկման տարածաշրջան է: Իրանի բարձրագույն ղեկավար Այաթոլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Իրաքում գտնվող Ամերիկյան հենակետերի խոցումը միայն ազդակ է, եւ գեներալ Սոլեյմանիի սպանության վրեժը կիրագործվի, երբ Ամերիկյան ուժերը դուրս շպրտվեն տարածաշրջանից: Ինչպիսի՞նն է Ձեր տեսլականը հետագա զարգացումների հետ կապված:
-Արտատարածաշրջանային ուժերի հեռացումը տարածաշրջանից Իրանի ռազմավարական կարեւոր նպատակներից մեկն է:
Դեռեւս իրավիճակի վերջին թեժացումից առաջ, Իրանը տարածաշրջանի երկրներին էր ներկայացրել «Հորմոզի խաղաղության նախագիծը», որը ենթադրում է տարածաշրջանային անվտանգության եւ կայունության ապահովումը տարածաշրջանի բոլոր երկրների մասնակցությամբ: Այս կապակցությամբ, մինչ վերջին թեժացումը՝ Իրանը տարբեր մակարդակներով բանակցություններ էր վարում տարածաշրջանի մի քանի երկրների՝ Իրաքի, Կատարի, Օմանի եւ Քուվեյթի հետ: Այս նախաձեռնության առանցքային բաղադրիչն արտատարածաշրջանային ուժերի հեռացումն է տարածաշրջանից:
Իսկ ինչ վերաբերում է վերջին թեժացումից հետո ամերիկյան ուժերի տարածաշրջանից դուրս շպրտման մասին հայտարարություններին, ապա Իրանը կարող է օգտագործել իր տարածաշրջանային արբանյակ ուժերի բոլոր հնարավորությունները այն իրականացնելու համար: Դրա վառ ապացույցը գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո, ԱՄՆ գլխավորած հակաահաբեկչական կոալիցիայի ուժերի, Իրաքից հեռանալու մասին այդ երկրի խորհրդարանի որոշումն էր, որն Իրանի հետ սերտ կապեր ունեցող շիա քաղաքական կուսակցությունների նախաձեռնությունն էր:
Այս համատեքստում, պետք է նշեմ, որ արտատարածաշրջանային ուժերի հեռացումը տարածաշրջանից չափազանց բարդ եւ երկարատեւ գործընթաց է ենթադրում, որի իրականացման շանսերը գոնե այս պահի դրությամբ այնքան էլ մեծ չեն: Սա գիտակցում են նաեւ Թեհրանում, եւ փորձում են գործընթացն օգտագործել ամերիկյան ուժերի մանեւրի հնարավորությունները մաքսիմալ սահմանափակելու համար:
Հայաստանի իրականացրած գործողությունները բխում են Հայաստանի ու Արցախի շահերից
Իրանագետ Արմեն Իսրայելյան
—Ինչպիսի՞ն պետք է լինի պաշտոնական Հայաստանի կեցվածքը Մերձավոր Արեւելքում ստեղծված իրադրության համատեքստում:
-Հայաստանը լարված, պատերազմական իրադրության մեջ է եւ ամեն օր Ադրբեջանի կողմից սպառնալիք կա ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի անվտանգության վրա: Թուրքիան էլ իր առանձին գործողություններով մեկ այլ սպառնալիք է ներկայացնում Հայաստանին: Այս տեսանկյունից պետք է հաշվի առնել, որ Հայաստանն ունի անվտանգության խնդիր, եւ առաջին հերթին Հայաստանի համար շատ կարեւոր է ամենօրյա ռեժիմով աշխատանքներ իրականացնել տարբեր հարթակներում, որպեսզի մեր անվտանգության միջավայրը հնարավորինս բարելավվի:
Այդ համատեքստում Իրանի շուրջ զարգացումները, ներքին կամ արտաքին անկայունությունը բնականաբար հավելյալ ռիսկեր են պարունակում Հայաստանի համար: Հայաստանը շատ լավ հարաբերություններ ունի հարավային հարեւան Իրանի հետ: Իրանը չափազանց կարեւոր դերակատարություն ունի Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում, Թեհրանի պաշտոնական դիրքորոշումը մեզ համար կարեւոր է կայունացնող եւ հավասարակշռող դերակատարության առումով:
Մյուս կողմից էլ, Հայաստանը ԱՄՆ-ի հետ եւս ունի շատ լավ հարաբերություններ, որոնք ձեւավորվել են ԱՄՆ-ի՝ Մինսկի խմբի համանախագահ եւ Արցախի հետ արդյունավետ հարաբերությունների արդյունքում:
Այս տեսանկյունից Հայաստանի կացությունը բարդ է. երկու գործընկերների միջեւ լարվածությունը անհարմար իրավիճակի մեջ է դնում Հայաստանին: Բայց ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի քաղաքականությունը բաց է երկու կողմերի համար էլ: Հայաստանի՝ հրապարակային եւ ոչ հրապարակային իրականացրած գործողությունները բխում են Հայաստանի ու Արցախի շահերից եւ անվտանգությունից:
Այս գործընթացներից զատ՝ Հայաստանի համար չափազանց կարեւոր են նաեւ Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող գործընթացները, որոնք ամենեւին կապված չեն Իրանով: Հայաստանն այդ տարածաշրջանում ունի առաջնահերթություններ եւ պատմական հարաբերություններ տարբեր երկրների հետ: Կան նախաձեռնություններ ավելի ակտիվացնելու հարաբերությունները Մերձավոր Արեւելքի մի շարք երկրների հետ. Իսրայելի հետ դեսպանություն բացելու պայմանավորվածությունը, որը նոր իրողություն կարող է լինել Մերձավոր Արեւելյան տարածաշրջանում, Քաթարի հետ դեսպանություն հիմնելու քայլը, որոնք թույլ են տալու Հայաստանին ներկա լինել Մերձավոր Արեւելքում, պաշտպանել մեր շահը, դուրս չմնալ գործընթացներից՝ հնարավորինս ճիշտ գնահատելու առկա ռիսկերը մեր երկրի սահմաններից վտանգը հեռու պահելու համար:
Մերձավոր Արեւելքում Հայաստանի ակտիվությունը բխում է հայկական համայնքների անվտանգության, պատմական, մշակութային, քաղաքական եւ տարբեր հարցերից: Բացի այդ, Մերձավոր Արեւելքի տարածաշրջանը ձեւափոխվում է եւ փոխում խաղացողներին, փոխվում են պետությունների դիրքորոշումները, եւ, բնականաբար, Հայաստանը պետք է իր որոշումներն ընդունի, դիրքորոշումը հայտնի՝ համահունչ այդ փոփոխություններին:
Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող զարգացումները կարող են ազդել նաեւ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության վրա
ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հունվարի 15-ին կայացած՝ գերատեսչության 2019 թ. գործունեության վերաբերյալ ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է նաեւ Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող զարգացումներին:
«Մենք հետեւում ենք Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձություններին: Այդ իսկ առումով՝ Արցախի ԱԳՆ-ն հունվարի 4-ին հանդես է եկել հայտարարությամբ, իսկ հունվարի 5-ին նախագահ Բակո Սահակյանը հրավիրել է խորհրդակցություն անվտանգության խորհրդի անդամների մասնակցությամբ:
Մենք մեր մտահոգությունն ենք հայտնում տարածաշրջանում կայունությունը պահպանելու տեսանկյունից, որովհետեւ ԱՄՆ-Իրան հարաբերությունների սրացումը եւ պատերազմական գործողությունները բացասական հետեւանքներ են ունենալու՝ հաշվի առնելով Արցախի ու Իրանի 138 կմ ընդհանուր սահմանը:
Բացի այդ, Իրանը միակ երկիրն է, որն ընդհանուր սահման ունի ինչպես Հայաստանի ու Արցախի, այնպես էլ Ադրբեջանի հետ: Այդ առումով Իրանը մեզ համար շատ կարեւոր երկիր է՝ հայկական համայնք ունեցող գործոնով: ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա որեւէ հարվածի դեպքում մենք առնվազն ստանալու ենք փախստականների ներհոսք: Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող զարգացումները կարող են ազդել նաեւ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության վրա, քանի որ խառը իրավիճակը եւս անկանխատեսելի է: Այս իսկ առումով՝ տարածաշրջանում կայունությունն ապահովելու համար շատ կարեւոր է, որ ԱՄՆ-Իրան հարաբերությունները կարգավորվեն խաղաղ ճանապարհով»:
Հնարավորություն՝ արցախա-իրանական սահմանի համատեղ օգտագործման խնդիրների շուրջ բանակցությունները սկսելու
ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյան
—Արցախն ու Իրանը սահմանակից երկրներ են: Տեսնու՞մ եք արդյոք երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման հնարավորություն:
-Բնականաբար նման հնարավորություններն առկա են՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ արցախա-իրանական սահմանը հայ-իրանական սահմանի զգալի հատվածն է կազմում, եւ ըստ էության շատ ափսոս է, որ այդ սահմանի հնարավորությունները կողմերը չեն օգտագործում: Հատկապես կարծում եմ, որ պետք է նկատի առնվի այն հանգամանքը, որ այդ սահմանը ոչ միայն ապահովում է Արցախի անվտանգության կարեւոր բաղադրիչներից մեկը, այլ նաեւ Իրանի հյուսիսի՝ Ատրպականի նկատմամբ առկա հավակնությունները: Հետեւաբար սահմանն երկու կողմերի համար ունի թե անվտանգային նշանակություն ՝ ընդ որում հավասարաչափ կարեւորություն, եւ նաեւ տնտեսական հսկայական պոտենցիալ, որը կարծում եմ պետք է օգտագործվի՝ հաշվի առնելով այսօր Իրանի պատժամիջոցների տակ գտնվելու հանգամանքը: Այսօր այս առումով որոշակի հնարավորություններ կան, որպեսզի կողմերը առնվազն սկսեն բանակցել արցախա-իրանական սահմանի համատեղ օգտագործման խնդիրների շուրջ:
Անվտանգության խորհրդի ներկա եւ նախկին քարտուղարների կարծիքը
Գեներալ Սոլեյմանիի սպանությունից անմիջապես հետո, հունվարի 3-ին ԱՀ Անվտանգության խորհրդի ներկա եւ նախկին քարտուղարներ Արշավիր Ղարամյանն ու Վիտալի Բալասանյանն իրենց ֆեյսբուքյան էջերում անդրադարձել են Մերձավոր Արեւելքում տեղի ունեցած իրադարձությանը: Երկու գեներալները խորին ցավակցություն եւ զորակցություն են հայտնել Իրանի ժողովրդին եւ զոհվածների հարազատներին:
«Սոլեյմանին հավատարմորեն, անմնացորդ ծառայել է իր երկրի եւ ժողովրդի շահերին, հետեւաբար վրեժի լուծումը արժանապատվության խնդիր է Իրանի պետության, ժողովրդի, զինվորականության եւ հատկապես հետախուզական ու հատուկ նշանակության ծառայությունների համար»,- մասնավորապես նշվում է Արշավիր Ղարամյանի ֆեյսբուքյան էջում:
«Մեծ է վիշտը Իրանի իշխանությունների եւ քաղաքացիների, Իրաքի, Սիրիայի եւ այն երկրների քաղաքացիների մոտ, ովքեր պայքարում են ազատության, օտարի լծից ազատագրվելու եւ իրենց երկրներում ինքնիշխանությունը վերականգնելու համար:
Համոզված ենք, որ այդ կորուստը չի թուլացնի Իրաքում, Սիրիայում և այլ երկրներում հայրենական պատերազմ վարող ժողովուրդների հաղթելու ցանկությունը, եւ այդ կորուստը առավել կմիավորի հայրենիքի ազատագրության համար պայքարող բոլոր ազատատենչ ժողովուրդներին»,-գրված է Վիտալի Բալասանյանի հայտարարությունում:
Լուսինե Թեւոսյան