Մեր զինվորը չի պարտվել, ժողովուրդը չի պարտվել, պարտվել է ռազմաքաղաքական ղեկավարությունը

Ասկերանի շրջանի Կարմիր գյուղը հարյուրամյակների պատմություն ունի: Նախկինում գյուղը կոչվում էր Տռնավազ: Այն առաջացել է «Տեր Ավեզ» անունից, ով այս բնակավայրի հիմնադիրն է եղել։ Նախկին բնակավայրը գտնվում էր 1,5 կմ հեռավորության վրա`«Կալերահող» տեղամասում։
Գյուղի պատմությանը քաջատեղյակ Կարմիր գյուղի միջնակարգ դպրոցի ռուսաց լեզվի ուսուցիչ Հրանտ Ավետիսյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է, որ ջրի սակավության պատճառով են գյուղացիները տեղափոխվել նախկին բնակավայրից, իսկ գյուղի «Դերավազ», «Տրնավազ» անվանումները ծագում են Տեր Արտավազդ անունով հոգևոր հոր անունից: Կարմիր գյուղն իր ներկայիս անվանումը ստացել է խորհրդային ժամանակներից, երբ գյուղացիները բերքով լի սայլերը կարմիր դրոշներով տեղափոխում էին շրջկենտրոն:
Արցախյան առաջին պատերազմում երկու անգամ վիրավորված, հարազատ եղբորը կորցրած Հրանտ Ավետիսյանը վերջին պատերազմում թիկունքային աշխատանքներով էր զբաղված, բայց նշում է, որ այն շատ էր տարբերվում նախորդ պատերազմներից:

«Ցավոտ պատերազմ էր, հետևանքներով, զոհերի անհամաչափությամբ: 1990-ական թթ. պատերազմական չորս տարում այսքան զոհ չենք տվել»,- ասում է նա՝ համոզված, որ դավաճանություն է եղել: Նրա խոսքով՝ մեր զինվորը չի պարտվել, ժողովուրդը չի պարտվել, պարտվել է ռազմաքաղաքական ղեկավարությունը:
«Հնարավոր չէ, որ պարտված պետության ղեկավարը մնա իր տեղում: Միայն ինքնասիրությունը կորցրած մարդիկ կարող են նման իրավիճակում, նման ամոթալի պարտությունից հետո նորից հանդգնեն շարունակել իրենց քաղաքականությունը: Միգուցե թուրքական հետախուզական աշխատանքների արդյունք է»,- կարծում է Հ. Ավետիսյանը: Նա գտնում է, որ այս պայմաններում հասարակ ժողովրդից շատ բան կախված չէ, հարցը պետք է լուծվի վերևներում՝ հզոր պետությունների, միջազգային կառույցների գրասենյակներում:
Հրանտ Ավետիսյանի կարծիքով՝ անցած տարիներին մեր դիվանագիտությունը պետք է աշխատեր, որ Արցախի կարգավիճակի հարցը անորոշ չմնար:
Կարմիր գյուղն այն եզակի գյուղերից է, որ չնայած ֆերմաներում մեծաթիվ թուրքեր (ադրբեջանցիներ) էին աշխատում, բայց գյուղի ներսում չէին թույլատրում ապրել: Ադրբեջանցիներն ապրում էին գյուղից դուրս, հողափոր հյուղակներում:
Այժմ սովորական են դարձել հարևան օկուպացված բնակավայրերից լսվող պայթյունի ձայները, ադրբեջանական դիրքերից արձակվող կրակոցները:
Պատերազմից հետո Կարմիր գյուղը վերադարձել է սովորական, առօրյա կյանքին: Գյուղացիները զբաղվում են անասնապահությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ: Ամռան ամիսներին ջրի սակավության խնդիր ունեին: Բայց, ինչպես Արցախի այլ վայրերում, մարդկանց ավելի շատ հուզում է ապագայի, Արցախի կարգավիճակի հարցը:

«Մեր ապագան լուսավոր եմ պատկերացնում, միշտ լավատես եմ եղել նման իրավիճակներում, բայց միևնույնն է, դրություն պետք է փոխվի, իշխանափոխություն լինի»,- ասում է Հ. Ավետիսյանը:
Կարմիր գյուղի մեկ այլ բնակչի՝ Սուսաննա Ավետիսյանի կարծիքով, անկախության դեպքում Արցախը կարող է ապրել. «Եթե անկախ լինենք, հնարավոր է այստեղ ապրել, իսկ Ադրբեջանի կազմում անհնար է. Նախիջևանի նման կամաց-կամաց հայաթափվելու է»:
Նրա հորը ադրբեջանցիները 1974թ. Պատարայի անտառում սպանել են, միայն նրա համար, որ հայ էր: «Բնության պահպանության վարչությունում էր աշխատում, միշտ անտառներում էր: Թուրքերն էլ տեսել են հայ մարդ է, սպանել են, տերևներով ծածկել: Հորս հետ մի տղա էլ կար ուրիշ հեռավորության վրա, ինքն է տեղը ցույց տվել: Սպանողին դատել են, հինգ տարի են տվել, մեկ-երկու տարի է բանտ նստել: Այդ ամենը Խորհրդային Միության կազմում: Իմ աչքի առաջ է սա եղել: Այսքանը տեսնելով, Շարժումը, այսքան զոհը տեսնելով՝ ես թուրքի մասին լավ չեմ կարող մտածել: Նրանց համար հաճույք է հայի արյուն թափելը: Նրանց մեջ դա է մարմնավորված, հայի նկատմամբ թշնամությունը միշտ էլ եղել է: Ես չեմ հավատում միասին, համերաշխ ապրելուն, ինչքան էլ ասեն»,- ասում է Սուսաննան:

Սուսաննա Ավետիսյանը հիշում է, որ նախքան Արցախյան շարժումը գյուղում մի քանի ադրբեջանցի ընտանիք էր ապրում, հիմնականում կովկիթ, հովիվ: Այդ ընտանիքից մի աղջիկ հայերի հետ հայկական դպրոցում է սովորել, հետո բարձրագույն կրթություն ստացել և գյուղում ռուսաց լեզու էր դասավանդում: Պատերազմից բռնկումից հետո վերադարձել է Ադրբեջան ու այնտեղից հակահայկական կոչեր էր անում:
Այս պատերազմի ընթացքում Սուսաննայի մտքով չէր անցնում, որ կպարտվենք: Միշտ մեր զինվորներով հպարտանում էր և համոզված էր, որ կհաղթենք: «Համ էլ Ադրբեջանը չի կռվել, Թուրքիան է կռվել մեր դեմ»,- ասում է նա՝ ավելացնելով, որ ուզում է իր հայրենիքում անվտանգ ու առանց թուրքերի ներկայության ապրել:
Տաթևիկ Աղաջանյան