Մեր ունեցած ուժը մեր կամքն է. Հարութ Բանոյան
Գլխավոր » Գաղափարական » Մեր ունեցած ուժը մեր կամքն է. Հարութ Բանոյան

Մեր ունեցած ուժը մեր կամքն է. Հարութ Բանոյան

«Եթե թշնամին մտածի մեզ հարված հասցնել, առաջին մայրը թող լինի իմ մայրը, որ սև կհագնի, քան թե սև հագնեն հայ ազգի բոլոր մայրերը»: Խոսքերի հեղինակը Հարություն Բանոյանն է: Նա արցախյան 44-օրյա պատերազմի անմահ հերոսներից է:  Դաշնակցական նվիրյալի համար հայրենասիրությունը ոչ թե լոկ խոսքերով էր սահմանափակվում, այլ լուռ ու անխոջ գործով:

Հարութը, ով անցնելով սիրիական պատերազմի բովով, կազմակերպեց  Հալեպի հայաշատ թաղամասերի ինքնապաշտպանությունը, իսկ ապա վիրավոր Արցախի կանչով Հայաստան եկավ, և ընկերների՝ Մոսիկ Սեքլեմյանի, Հակոբ Ասթարճյանի և Ջորջ Քրդանյանի  հետ օրհասական պահին մեկնեց Շուշի:

Հարութի կյանքի առաքելությունը հայրենիքին նվիրվելն ու հայության պաշտպանությունն էր:  Նա վստահ էր, որ հայրենիքը աստվածատուր պարգև է տրված մեզ, որի պաշտպանությունը հայ մարդու համար պատվաբեր ու սրբազան գործ է:

Հալեպում ստանձնելով հայկական թաղամասերի պաշտպանության գործը, իր մտքում մշտապես Արցախն ու Հայաստանն էին, նրանց պաշտպանության ու անվտանգության ապահովման խնդիրները:

2016թ. քառօրյա պատերազմից Հարութ Բանոյանը համագործակցում էր նաև ՀՀ ԶՈՒ-ի հետ, նախագծում և պատրաստում էր հրթիռներ, հարվածային զինտեխնիկա, որոնք կիրառվեցին վերջին պատերազմում:

Մարտական ընկերներից Մոսիկ Սեքլեմյանը ծնվել է 1992-ին, Հակոբ Ասթարճյանը՝ 1991-ին. իսկ Հարութը՝ 1976-ին, Հալեպում։ Մոսիկը մասնագիտացված էր օդորակիչների, Հակոբը՝ էլեկտրոնային և համակարգչային տեխնոլոգիաների ոլորտում: Հարութը, որ ռազմական գործի հզոր գիտակ էր, իր ռազմական ունակությունները ձեռք է բերել իր ավագ  ընկերներից, բայց իր գիտելիքների և ընդունակությունների մեծ մասը նա ձեռք է բերել ինքնակրթությամբ:

Նրանց կատարած ազգանվեր աշխատանքների մասին «Ապառաժ»-ը զրուցել է նրանց ընկեր Ջորջ Քրդանյանի հետ:

Ջորջի խոսքով՝ Հարութ Բանոյանին ճանաչել են  սիրիական պատերազմի ընթացքում, որն սկսվել էր 2011-ին:

«Մտերմացանք ընկերոջ հետ, ինքն էլ մեզ մարզեց, զինեց  ռազմական գիտելիքներով»,-ասում է նա:

Հարութը կամավորներին բաժանել էր ջոկատների, որոնցից յուրաքանչյուրը Հալեպի մի շրջանի ինքնապաշտպանություն պետք է ապահովեր, իսկ ինքն էլ ընդհանուր հրամանատարությունն էր ստանձնել, երբ հրամանատար Րաֆֆի Պչագճյանը զոհվել էր ռումբի պայթյունից:

«Որտեղ որ ռումբ էր ընկնում կամ ավերածություն էր լինում, մենք անմիջապես հասնում էինք դեպքի վայր, որպեսզի այստեղի բանակը չթալաներ հայկական տները»,-ասում է նա:

Ջորջի խոսքով՝ Հարութը իր աշխատանքներն է ծավալել Հալեպի այլ հայաշատ քաղաքներում ևս: Հենց նրա շնորհիվ է, որ Սիրիայի հյուսիսում կանգուն են մնացել բազմաթիվ հայաբնակ շրջաններ:

Հարութն այն աստիճանի  ռազմական պատրաստվածության էր հասցրել կամավորական ջոկատներին, որ այդ ջոկատները ոչ միայն բավարարվում էին միայն ինքնապաշտպանությամբ, այլև կարողանում էին թշնամուն տալ արժանի հակահարված:

Ջորջը, հիշելով պատերազմի ամբողջ ընթացքը, նշեց՝ 2016-ին, պատերազմի ավարտից 2 ամիս առաջ, երբ Սիրիական բանակի ազատագրական հարձակումներն էին սկսել Հալեպում, մաս էին կազմում նաև հայ կամավորական ջոկատները՝ օգտակար դառնալով սիրիական ջոկատին:

Հարութը ջանք ու եռանդ չէր խնայում՝ հայ երիտասարդներին փոխանցելու իր ռազմական գիտելիքներն ու փորձը՝ ինքնապաշտպանություն և հարձակում կազմակերպելու, դիրքերի ամրաշինական աշխատանքները կազմակերպելու, առանց ջրի ու սննդի դիմանալու մասին:

Երբ սկսվեց Արցախյան 44-օրյա պատերազմը, Ջորջը և մի քանի այլ ընկերներ պատրաստակամություն հայտնեցին որպես կամավորներ մեկնելու Արցախ, և այդպես էլ արեցին: 3 ընկերները՝ Ջորջը, Հակոբն ու Մոսիկը Հարութ Բանոյանի գլխավորությամբ մեկնեցին հայրենիք:

«Հարութի համար հայրենիքն ու հայությունը ամեն ինչից վեր էին: Միշտ մեզ ասում էր, որ եթե Սիրիայում անգամ մի հայ մնա, մենք պետք է մնանք ու պաշտպանենք իրեն, և չպետք է լքենք Սիրիան, մինչև որ ամբողջությամբ չհայաթափվի այն: Բարեբախտաբար, այդպես չեղավ: Արցախի պատերազմի պարագայում էլ՝ Հարութը վստահ էր, որ մեզնից դրական պատասխան կստանար հայրենիքի պաշտպանության գործին մասնակցելու համար: Այդպես էլ եղավ»,-ասում է Ջորջը:

«Մենք մեկնեցինք՝ պատրաստ նահատակվելու հանուն հայրենիքի: Մեկնեցինք, որպեսզի մեր գիտելիքներն ու ծառայությունները մատուցենք մեր ժողովրդին ու մեր հայրենիքին: Երբ արդեն Հայաստանում էինք, սկսեցինք ամեն տեսակի աշխատանքներ իրականացնել թե՛ ՀՅԴ կազմում, թե՛ բանակի կազմում»,-ընդգծում է նա:

Նրա խոսքով՝ հայ զինվորները մեծ ոգևորությամբ ընդունեցին իրենց ներկայությունը և ուշադրությամբ ընկալում էին այն գիտելիքները, որ իրենք էին նրանց փոխանցում: Հրամանատարական կազմն էլ շատ անգամ ապշում էր Հարութ Բանոյանի ռազմական հմտությունների վրա:

Հայաստանում նրանք մարզում էին առաջնագիծ մեկնող զինվորներին ու կամավորներին:

«Հարութ Բանոյանը՝ 2 տարի էր, ինչ պարբերաբար ժամանում էր Հայաստան և իր գիտելիքները փոխանցում հայ զինվորներին»,-նշում է Ջորջը:

Երբ որ սկսվեցին Շուշիի համար մարտերը, չկարողանալով թիկունքում մնալ՝  հոկտեմբերի 28-ին Հակոբն ու Մոսիկը Հարութ Բանոյանի հետ միասին անմիջապես շտապեցին Արցախ՝ Շուշիի պաշտպանության գործին մասնակցելու համար:

«Հայրենիքը մեզ համար կա՛մ մեր գերեզմանն է լինելու, կա՛մ թշնամու»,-ասել էր հրամանատար Հարութն ու հայրենի հողը գերեզման դարձրել թշնամու հարյուրավոր զինվորների համար, սակայն, ցավոք, ինքն էլ իր մարտական ընկերների հետ անմահացավ Շուշիի պաշտպանության ժամանակ՝ նոյեմբերի 5-ին, իր կյանքը նվիրելով ամենաթանկին՝ հայրենիքին։

Հայրենիքին մատուցած ծառայության համար Հարութն արժանացել է ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի։

Ջ. Քրդանյանն ընդգծում է հատկապես այն փաստը, որ ՀՅԴ-ն այն եզակի կառույցներից է, որտեղ գործը երբեք կիսատ չի մնում:

«Մեր հիմնադիրների գործն առ այսօր շարունակվում է, ընկեր Րաֆֆի Պչագճյանի գործը ընկեր Հարութը շարունակեց, ուրեմն ընկեր Հարութի գործն էլ՝ կգտնվեն ընկերներ, ովքեր կշարունակեն»,-վստահ է Ջորջը:

Նա նկատում է, որ պատերազմի դաշտում չկար փոխհամաձայնեցված գործողություններ, անկազմակերպվածություն էր տիրում, և հայկական զորաջոկատները չգիտեին՝ իրենց դիմաց կամ կողքին հայեր են, թե թուրքեր:

«Պատերազմի ընթացքում մենք ոչ թե մարդուժի պակաս ունեինք, այլ տեխնոլոգիաների, որովհետև սա տեխնիկայի պատերազմ էր: Ամեն օր 5-6 ավտոբուս մարդ էր մեկնում Արցախ, սակայն սա մեզ համար փրկություն չէր կարող լինել»,-ասում է Ջորջը:

Ըստ նրա, երբ մենք ամեն օր ինչ-որ շրջան էինք կորցնում, Հարութ Բանոյանն արդեն կանխատեսում էր, որ այդպես պետք է լինի: Նրա համար շատ հստակ էր, որ մենք դեպի հաղթանակ չենք գնում, և համոզված էր, որ պետք է նահատակվեն:

Ջորջի խոսքով՝ ստեղծված պարագայում մեզ համար առաջնահերթը ինքներս մեզ զորացնելն է, հատկապես՝ տեխնիկապես հագեցվածության առումով:

«Մենք բոլորս ՀՅ Դաշնակցության զինվորներն ենք, և հպարտ ենք, որ ընկեր Հարութ Բանոյանի նման հրամանատար ենք ունեցել»,-եզրափակում է Ջորջը:

«Որքան էլ որ իրենք կարծեն, որ ուժեղ են, կամ՝ մեզանից շատ ավելին ունեն, ես կարծում եմ, որ մեր ունեցած ուժը մեր կամքն է. կամքը, հավատքը՝ առ Աստված, հայրենիք ու հայ ժողովուրդ». Հարութ Բանոյանի այս խոսքերն այսօր Սիրիայի երիտասարդական միության խորհրդանիշն է և ուղեցույցը հայրենիքի համար նվիրումի պատրաստ ու ազգային գաղափարական ոգով սերունդներ պատրաստելու համար:

Հրամանատար Հարութ Բանոյանն իր գործով ապացուցեց, որ հայրենիքն է այն գերագույն արժեքը, այն սրբազան նշխարհքը, որ ամեն մի հայ պետք է կրի իր մեջ: Նա դարձավ հայրենիքի իսկական նվիրյալ զավակն ու շատ-շատերի համար իդեալ՝ հայ մարդու, համարձակ զինվորականի, քաջարի մարտիկի ու հմուտ հրամանատարի: Նա զենքը ձեռքին մինչև վերջին շունչը պայքարեց հայրենի հողի պաշտպանության համար և զենքը ձեռքին էլ մարտիրոսվեց:

Փառք ու պատիվ քաջարի հրամանատարին ու իր զինակից բոլոր ընկերներին: Ձեր սխրանքն անմար է, գործը՝ շարունակական:

Վահագն Խաչատրյան

1