Մեր պայքարն անժամկետ է, պայմանականորեն այն կավարտվի հակամարտության վերջնական կարգավորմամբ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Մեր պայքարն անժամկետ է, պայմանականորեն այն կավարտվի հակամարտության վերջնական կարգավորմամբ

Մեր պայքարն անժամկետ է, պայմանականորեն այն կավարտվի հակամարտության վերջնական կարգավորմամբ

Վերջին շրջանի քաղաքական զարգացումների վերաբերյալ «Ապառաժ»-ը հարցազրույց  է ունեցել միջազգային հարաբերությունների հարցերով ԱՀ նախագահի խորհրդական, պ.գ.թ. Նելլի Բաղդասարյանի հետ.

Բրյուսելում ԵԽ եռակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարությունը որքանո՞վ է վտանգավոր:

-Բրյուսելյան հայտարարությունը չափազանց վտանգավոր էր այն իմաստով, որ նման ձևակերպումը կարող է շատ արագ մտնել տեղեկատվական դիսկուրս, ապա հայտնվել կարգավորման քննարկումների դիսկուրսում և այդպիսով ոչ թե նպաստել կարգավորման գործընթացին, այլ արգելակել այն: Բրյուսելի հայտարարությունը որևէ կերպ չի համապատասխանում հակամարտության կարգավորման փաստաթղթային փաթեթում առկա ձևակերպումներին: Այդ է պատճառը, որ Արցախի օրենսդիրից և գործադիրից հնչեցին բավականին կոշտ հայտարարություններ: Դրանք արտահայտում էին ԱՀ հասարակական-քաղաքական դաշտի մտահոգությունները նոր սպառնալիքների հարցում:

Հուսանք, որ Եվրոպական խորհրդի նախագահը հաշվի կառնի այս արձագանքները, և ԵԽ-ն կվերադառանա նախկին պրակտիկային, որն առնվազն մինչև 2021 թ. դեկտեմբեր գործուն էր, երբ հղում էր կատարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատին և մանդատին: Իրականում Բրյուսելից ընդամենը օրեր անց մենք արդեն ունենք արձանագրված փաստ. մայիսի 27-ին Իլհամ Ալիևը հերթական անգամ բաց տեքստով հանդես է եկել ուժի սպառնալիքի դիրքերից, ապա՝ հղում է կատարել Բրյուսելի հանդիպմանը, նշելով, «որ միջազգային կառույցների բառապաշարում բացակայում են «Լեռնային Ղարաբաղ» բառերը, և վերջին Բրյուսելյան հանդիպումը ապացուցում է դա»:

Ի՞նչ կասեք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մասին, որքանո՞վ է ակտուալ այս փուլում համանախագահությանը հղում կատարելը:

-Ոչ մի կերպ չպետք է նպաստել այն վտանգավոր դիսկուրսին, որ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն այլևս գործուն չէ, հետևաբար գործուն չեն նաև համանախագահության կողմից քննարկված և տասնամյակների ընթացքում մշակված դիսկուրսը»: Դրանով մենք վտանգում ենք կարգավորման հիմքում ընկած միջազգային իրավունքի սկզբունքները: Ավելորդ չեմ համարում հիշեցնել, որ համանախագահությունը 2021 թ. ապրիլի 13-ին հայտարարել էր, որ «պետք է հասնել վերջնական համապարփակ և կայուն կարգավորման ձեռքբերմանը՝ կողմերին հայտնի տարրերի և սկզբունքների հիմքի վրա»: Որևէ մեկը չի կարող հաստատապես պնդել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը չեղարկվել է ուկրաինական ճգնաժամի իրողություններով պայմանավորված:

Սառեցումը չեղարկում չէ: Չեղարկման համար իրավական հիմքեր են պետք՝ առնվազն միջազգային գագաթնաժողով, որով իրավական մակարդակով կչեղարկվի այդ ֆորմատը: Ավելին, ես որպես ֆորմատի վերագործարկման հնարավորություն կամ հավանական սցենար տեսնում եմ առաջիկայում՝ հենց ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծումները փնտրելու ընթացքում: Մասնավորապես, հասկանալի է, որ Արևմուտքը և ՌԴ-ն հավերժ չեն առճակատելու, իսկ ընդհանուր եզրերի և հարաբերման հնարավորությունների համար պետք են լինելու հենց այսպիսի ձևաչափեր: Հատկանշական է, որ համանախագահությունն այն ձևաչափն էր, որը նախկինում ևս ծառայել է բացի բուն հակամարտության կարգավորմանը, այլ նաև եռանախագահների երկխոսությանը:

Համանախագահող պետություններն իրենք էլ ըստ անհրաժեշտության շարունակում են շեշտել ձևաչափի մասին: Մասնավորապես, ՌԴ նախագահի և ՀՀ վարչապետի 2022 թ. ապրիլի 19-ի համատեղ հայտարարության 24-րդ կետում նշված էր հետևյալը. «Ընդգծեցին հումանիտար անհետաձգելի հարցերի հրատապ լուծման և քաղաքական-դիվանագիտական միջոցներով Լեռնային Ղարաբաղյան կարգավորման պահանջվածությունը: Այդ համատեքստում հաստատեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի և փորձի օգտագործման կարևորությունը՝ նրա միջազգային մանդատին համապատասխան»։ ԱՄՆ-ի կողմից հիշեցումն այս թեմայով՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի 2022 թ. մայիսի 16-ին կայացած հարցազրույցում էր, որտեղ վերջինս շեշտել էր, որ «Միացյալ Նահանգները՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ճանաչում է Լեռնային Ղարաբաղի բնակչության դերակատարումն իր ապագան որոշելու հարցում»: Բրյուսելյան հայտարարությունից հետո հատկանշական էր Ֆրանսիայի կողմից այս գործընթացի ողջունումը, հայտարարության մեջ նշված է՝ «որպես ԵՄ խորհրդում նախագահող երկիր և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ»:

Այսինքն՝ հակամարտության կարգավորմամբ զբաղվող երկրները չեն հեռացել համանախագահության ֆորմատից և անհրաժեշտության դեպքում հղում են կատարում դրան, ինչը չափազանց կարևոր է:

ՌԴայս դեպքում ինչպիսի՞ դերակատարություն ունի և ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ կարգավորման փորձերի և գործընթացների վրա:

-Հերթական անգամ կցանկանայի ընդգծել, որ ՌԴ դերակատարությունը հակամարտության կարգավորման գործում որոշիչ էր և որոշիչ է: Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահության մանդատով պայմանավորված առկա status quo-ն պետք է պահպանվի մինչև հակամարտության վերջնական և համապարփակ կարգավորումը: Իսկ կարգավորման հիմքում ընկած պետք է լինեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից ընդունված միջազգային իրավունքի երեք սկզբունքները:

ՌԴ խաղաղապահ առաքելությունը երաշխավորում է փաստացի անկախ չճանաչված Արցախի Հանրապետության բնակչության անվտանգությունը: ՌԴ խաղաղապահությունը Արցախի Հանրապետության /Լեռնային Ղարաբաղ/ Պատասխանատվության գոտում գործնական և կոշտ դիվանագիտական պահվածք ցուցաբերեց 2022 թ. ապրիլի վերջին Փառուխ-Քարագլխի իրողությունների հետ կապված՝ դրանով կանխելով ուկրաինական ճգնաժամի ընթացքում Ադրբեջանի կողմից 2-րդ ճակատի բացման վտանգը Հարավային Կովկասում: ՌԴ-ն 2020 թ. նոյեմբերի 10-ի եռակողմ պայմանավորվածության կողմ է: ՌԴ-ն Արցախի Հանրապետությունում իր խաղաղապահ ներկայությանը կարևոր տեղ է տալիս, և գործնականում realpolitik-ի տեսանկյունից որևէ որոշում կամ որևէ փաստաթուղթ թերևս չի կարող կայացվել կամ ստորագրվել առանց պաշտոնական Մոսկվայի համաձայնության:

-ՀՀ իշխանությունների վերջին շրջանի հայտարարություններն ավելի են խորացրել Արցախում ապրողների մտահոգությունները վաղվա օրվա հետ կապված: Արցախում ապրողներս դատապարտվա՞ծ ենք հարատև պայքարի՝ հանուն մեր ինքնության ու իրավունքների:

-Կարծում եմ, որ կրկին հրատապ է համահայկական օրակարգում արցախյան օրակարգի շուրջ տեսլականների միասնականացումը, այն պետք է համազգային օրակարգի առանցքը լինի: Այո՛, արցախյան հասարակական-քաղաքական դաշտը շատ զգայուն է և հակադարձում է այն բոլոր հայտարարություններին և դեպքերին, որոնց մեջ վտանգ է տեսնում: Լինի իշխանություն, թե ընդդիմություն, պահպանողական, լիբերալ կամ ռադիկալ քաղաքական որևէ ուժ, միջազգային որևէ կառույց կամ անհատ Արցախի Հանրապետությունը կտրուկ մերժելու և հակադրվելու է սեփական բնակչության կամարտահայտության արգելակմանը կամ վտանգմանը և հակառակը ողջունելու է նշածս շրջանակների կողմից ձեռնարկված ԱՀ քաղաքական օրակարգին համապատասխանող և նպաստող պրակտիկ քայլերը: ԱՀ քաղաքական օրակարգը հաստատուն է:

ԱՀ դիրքորոշումը և պահանջը հստակ է՝ հաշվի նստել այդ օրակարգի հետ: Մեր պայքարն անժամկետ է, պայմանականորեն այն կավարտվի հակամարտության վերջնական և համապարփակ կարգավորմամբ, որի առանցքում Արցախի Հանրապետության բնակչության ինքնորոշման իրավունքի իրացումն է և ԱՀ միջազգային ճանաչումը: Կարևոր եմ համարում արձանագրել, որ Արցախի Հանրապետությունը որևէ վատթարագույն սցենար չի քննարկում և մերժելու է ցանկացած անընդունելի փաստաթուղթ:

1