Մեր պատմությունն անարժան ձևով փակելու իրավունք չունենք
Գլխավոր » Լրահոս » Մեր պատմությունն անարժան ձևով փակելու իրավունք չունենք

Մեր պատմությունն անարժան ձևով փակելու իրավունք չունենք

Հունիսի 16-ի Սանկտ Պետերբուրգում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը կողմ է Արցախի հարցով ՀՀ-ի կողմից վարվող քաղաքականությանը:

«Իմիջիայլոց, այդ տեսակետին համաձայն է եղել Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը: Ես կարող եմ իրենց անվան փոխարեն ասել: Մենք իրենց հետ քննարկել ենք, որ մենք գնում ենք այս ճանապարհով»,- մասնավորապես ասել է նա:

ԱՀ ԱԺ 2022թ. ապրիլի 14-ի հայտարարությամբ ԱՀ ԱԺ բոլոր խմբակցությունները պահանջել են, որ «Հայաստանի Հանրապետության իշխանությունները հրաժարվեն իրենց ներկայիս աղետալի դիրքորոշումից»: Հայտարարության մեջ նաև նշվում է, որ ոչ մի իշխանություն իրավունք չունի  «խաղաղության» պատրվակով  Արցախի համար անընդունելի կարգավիճակի, ինչպես նաև՝ միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքի բանակցային նշաձողն իջեցնելու:

«Ապառաժ»-ը,  նկատի առնելով ԱՀ ԱԺ բոլոր խմբակցությունների  համատեղ հայտարարությունը, դիմել է ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին՝ խնդրելով մեկնաբանել Հունիսի 16-ին Ռուսաստանում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի արած հայտարարությունը: Մեր հարցին ի պատասխան՝ Արթուր Թովմասյանը նշել է.

«Արցախը երբեք չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում, և դրա շուրջ ցանկացած քննարկում անընդունելի է. այն կարմիր գիծ է, որը որևէ մեկն իրավունք չունի խախտելու:

Արցախի բռնակցումը կբերի Արցախի ոչնչացման և կհանդիսանա աշխարհաքաղաքական, պատմական ու բարոյական ողբերգություն հայոց պետականության և հայ ժողովրդի համար:

Արցախի ժողովուրդը հաստատակամ է և չի շեղվելու իր ընտրած ուղուց: Մենք չափազանց թանկ գին ենք վճարել մեր ազատության ու անկախության համար: Մեր պատմությունն անարժան ձևով փակելու բարոյական իրավունք չունենք:

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը անկասելի է և ենթակա չէ սակարկման. այս մասին ԱՀ նախագահն անգամներ նշել է իր հարցազրույցներում և հայտարարություններում:

Այս հարցին բազմիցս անդրադարձել է նաև Արցախի Ազգային ժողովը   բոլոր խմբակցությունների համատեղ հայտարարություններում և առանձին պատգամավորների ելույթում, մասնավորաբար 2022թ. ապրիլի 14-ի հայատարարությամբ»:

1