Մեր նպատակն է եղել՝ հաշտեցնել, հարթեցնել եւ խուսափել ծանր իրավիճակներից
2020թ. հունվարի 10-ին Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը հանդիպել է առաջիկա համապետական ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած քաղաքական ուժերին եւ նախագահի հավանական թեկնածուներին՝ իր կոչն ու ծնողական պահանջը փոխանցելու համար:
Այս կապակցությամբ ‹‹Ապառաժը›› զրուցել է Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ:
—Վերջերս սոցցանցերում քննության նյութ է դարձել հունվարի 10-ին Ձեր կողմից հնչեցրած կոչը: Արդյո՞ք նախկինում քաղաքական նմանատիպ գործերում հոգեւոր առաջնորդի միջամտությամբ նման նախադեպեր եղել են:
-Այո′, եղել են:
Սա քաղաքական գործ չէ, այլ՝ ազգային, որոնք չպետք է շփոթել: Մեր նպատակը մեկն է եղել՝ հրավիրել քաղաքական գործիչներին, կուսակցություններին, նախագահի հավանական թեկնածուներին մեկ կոչով՝ այնպես անել, որ խրամատ չփորել, թշնամություն, ատելություն եւ հակառակություն չսերմանել մեր ազգի մեջ: Սա է եղել իմ հրավերի բուն նպատակն ու իմ հորդորը:
Արցախում ամենածայրահեղ պայմաններում իմ միջամտությամբ նման նախադեպեր եղել են, եւ մեր նպատակն է եղել հաշտեցնել, հարթեցնել եւ խուսափել ծանր իրավիճակներից:
Հիշենք Սամվել Բաբայանի եւ Արկադի Ղուկասյանի դեպքը: 3 ժամ 20 րոպե խոսել եմ Սամվել Բաբայանի հետ, եւ պիտի ասեմ, որ ի պատիվ իրեն՝ ինքն ընկալել է եւ զորք չի մտցրել քաղաք:
—Ո՞րն է Ձեր մտահոգության պատճառը, որի համար որոշել եք կոչ եւ ծնողական պահանջ ուղղել քաղաքական ուժերին եւ նախագահի հավանական թեկնածուներին:
-Ես վտանգն այսօր զգում եմ: Չեմ ուզում, որ մենք իրար հանդեպ թշնամությամբ գնանք ընտրությունների: Երբ 2008թ. մարտի 1-ին Հայաստանի Հանրապետության բնակչությունը բեւեռվեց երկու մասի, Ադրբեջանը հարձակվեց եւ գրավեց Լեոնարդ գյուղը, որը մեզ կորուստներ ու զոհեր տվեց: Մի քանի օր անց մենք հակահարձակում կազմակերպեցինք, նորից զոհեր տալով, վերականգնեցինք մեր տարածքները:
2016թ. ապրիլյան պատերազմն ու Ադրբեջանի հարձակումը լավ առիթ էր վերջինիս համար Հայաստանի ժողովրդին քաղաքական պատճառներով բաժանել մի քանի մասերի: Հակառակ թշնամու բոլոր կանխատեսումների՝ մի քանի ժամ անց ողջ հայ ազգը միաբանվեց: Ես չեմ կամենում, որ ոչ ընտրություններից առաջ եւ ոչ ընտրությունների ժամանակ մենք այդպիսի առիթ նորից տանք Ադրբեջանին:
Հարյուրավոր մտահոգ մարդկանց խնդրանքով եմ հրավիրել նրանց: Նրանք բոլորն էլ նույն հարցով են գալիս ինձ մոտ՝ այս ու՞ր ենք գնում, Սրբազան Հայր: Հարեւանը հարեւանի, համադասարանցին համադասարանցու, ազգականն ազգականի հետ թշնամացել են: Ես չէի կարող չարձագանքել մեր ժողովրդի մտահոգություններին: Իմ նպատակն է եղել՝ հանդարտ եւ քաղաքավարի ընտրություններ անցկացնելու սթափության եւ բանականության կոչ հղել նրանց:
Յուրաքանչյուրն ազատ է իր ձայնն այս կամ այն թեկնածուին կամ կուսակցությանը տրամադրելուն: Այո, մարդիկ կարող են մեկը մյուսի ծրագիրը քննադատել եւ կարող են առաջարկել իրենց լավ ծրագիրը՝ առանց անձնական թշնամանքի եւ վիրավորանքի: Մենք պետք է թշնամություն չսերմանենք եւ պահպանենք մեր միասնականությունը: Արցախի ժողովուրդն ունի ժառանգական ներքին իմաստություն, որով կարողացել է դա հաղթահարել: Ի ուրախություն մեզ՝ 25 կուսակցություններից 23-ը ստորագրել են:
—Արդյո՞ք նախատեսում եք գործնական այլ բնույթի քայլեր Ձեր կոչում հնչեցրած մտահոգությունների փարատման համար:
-Եթե հարկ լինի, այո′, ձեռնարկելու եմ նման քայլեր:
Հարցազրույցը՝ Հասմիկ Հակոբյանի