Մեր նպատակը վերադարձն է. Արմեն Սարգսյան
Գլխավոր » Լրահոս » Մեր նպատակը վերադարձն է. Արմեն Սարգսյան

Մեր նպատակը վերադարձն է. Արմեն Սարգսյան

«Մեկ տարի առանց Արցախ. վիճակագրություն ու ռազմավարական հեռանկար» խորագրով այսօր կայացած քննարկման ժամանակ, «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոնի հումանիտար հետազոտությունների ղեկավար, պատմաբան Արմեն Սարգսյանը զեկույց է ներկայացրել Արցախի հայաթափումից հետո նյութական կորուստների վիճակագրության մասին։

Համաձայն զեկույցի վիճակագրությունը հետեւյալն է՝ 12 քաղաք, 241 գյուղ, 11 450 բնակարան, 13 550 տուն, 15 գործարան, 60 ֆաբրիկա, 200 մշակույթի տուն, 25 թանգարան, 115 գրադարան, 4 համալսարան, 7 քոլեջ, 232 դպրոց, 232 մարզադահլիճ, 11 սպորտդպրոց, 4 մարզադաշտ, 2386 խաչքար, 400 միջնադարյան գերեզման, 385 եկեղեցի, 60 վանական համալիր, 37 ՀԷԿ, 48 հանքեր, 5 ջրանցք, 11 հիվանդանոց, 3500 հա անտառ։ Մինչեւ 2020-ի պատերազմը Արցախում բնակչության թիվը 147000 էր: Արմեն Սարգսյանի Արցախի հուշարձանների թիվը դեռ ամբողջական չէ, քանի որ նոր հուշարձաններ էին բացահայտվում Արցախում։

Արցախի բռնի հայաթափումից հետո առաջինն անգամն է, որ ներկայացվում է նյութական կորուստների վիճակագրություն։ «Հեռու ենք այն մտքից, որ այսօրվա զեկույցն ամբողջովին արտացոլում է Արցախի նյութական կորուստների վիճակագրությունը։ Բայց սա սկիզբն է եւ առաջին սկիզբն է, որ մենք վստահ ենք, որ հետագայում տարբեր կազմակերպություններ ու օղակներ կսկսեն ավելի խորությամբ վերլուծել մեր կորուստների վիճակագրությունը։ Սա պետք է մեզ միջազգային հարթակներում հանդես գալու համար, որովհետեւ միջազգային հարթակներում շատ է կարեւորվում, թե ինչ ենք կորցրել, եւ ինչ ոճրագործություններ է կատարել Ադրբեջանը։ Ընդհուպ մինչեւ Արցախի գյուղերի ոչնչացումը։ Եվ այս կորուստների հաշվարկումը ավելի շատ նաեւ քաղաքական է»,- ասաց նա։

«Առաջին հայացքից թվում է, որ եթե այս զեկույցը կա, ապա մենք հաշտվել ենք, որ Արցախն արդեն կորցրել ենք եւ սկսել ենք մտածել նյութական կորուստների մասին, թե ինչ ենք կորցրել։ Բայց ոչ, այս զեկույցին պետք է հաջորդեն նոր ուսումնասիրություններ, որպեսզի մանրամասն ներկայացնենք Արցախում մեր կորուստները, որ երբ վերադառնանք Արցախ` կարողանանք համեմատել եւ ազերի ոճրագործություններն անմիջապես կոնկրետ թվերով ներկայացնենք։ Մեր նպատակը վերադարձն է»,- հավելեց նա։

Ապառաժ

1