Մեր մշակույթը մեզ համար բարձրագույն արժեք է, և այն պետք է ներկայացնենք աշխարհին․․․
Գլխավոր » Լրահոս » Մեր մշակույթը մեզ համար բարձրագույն արժեք է, և այն պետք է ներկայացնենք աշխարհին․․․

Մեր մշակույթը մեզ համար բարձրագույն արժեք է, և այն պետք է ներկայացնենք աշխարհին․․․

Անի Հովհաննիսյանը Արցախի Մարտակերտի շրջանի Հարությունագոմեր գյուղից է։

Տեղահանվելուց հետո ընտանիքի հետ ապրում է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Բաղրամյան գյուղում։ Անին մեկն է այն արցախցի երիտասարդներից, որ փորձում է հաղթահարել բոլոր դժվարությունները, ներսում խեղդել հոգու ճիչը և ժպիտով նայել շրջապատին։

Ասեղնագործությամբ զբաղվում է 2021 թվականից։ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո նա ցանկանում էր ինչ-որ բանով զբաղվել և ընտրեց հենց այդ ուղղությունը՝ հայկական նախշաձևերով Մարաշի ասեղնագործությունը, որը շատ հոգեհարազատ է իրեն։ Այսօր Անիի արհեստավարժ մատների մեջ թելն ու ասեղը հրաշքներ են գործում․․․

-Նպատակ ունեի Արցախում արտադրել յուրահատուկ, բոլորից տարբերվող արտադրանք, քանի որ բոլոր խանութներում նույն ոճի հագուստներ էին վաճառվում։ Իմ հետաքրքրությունը հայկական նախշաձևերի հանդեպ մեծ է եղել։ Միշտ իմ ուշադրությունը գրավում էին հայկական նախշերով տարբեր իրերը, հագուստները, զարդերը, և ուսումնասիրելով դրանք, հասկացա, որ նախշաձևերի մի մասը  մոռացվում է հանրության կողմից: Եվ այդպես որոշեցի մոռացված նախշերին տալ ժամանակակից էլեմենտներ, ճանաչելի դարձնել և բոլորին ցույց տալ հայկական մշակույթի նրբությունները, զարդանախշերի յուրատիպությունը։

Սկսեցի ինքուս սովորել համացանցի օգնությամբ։ Քույրս ինձ նվիրեց «Մարաշի ասեղնագործությունը» գիրքը, որը շատ օգնեց ինձ նոր գիտելիքներ ձեռք բերելու և ավելի հմտանալու գործում։ Սկսեցի ասեղնագործել հագուստի, տնային դեկորների վրա, ու իմ առաջին գործը մայրիկիս համար ասեղնագործած սփռոցն էր, որը բավականին հաջողված էր։ Ցավոք, այն մնացել է Արցախում։

Ստեփանակերտում մասնակցել եմ բիզնես դասընթացների, որտեղ էլ ներկայացրել եմ իմ բիզնես ծրագիրը։ Այդ դասընթացների ժամանակ սովորել եմ բիզնեսի կառավարման հմտություններ, որոնք այսօր կիրառում եմ բիզնեսի մեջ։

Բրենդի անվանումը «SuHen» է, որը նվիրել եմ ծնողներիս։

Արցախում մտադիր էի հանրությանը ցույց տալ իմ աշխատանքները և իրականացնել վաճառք։ Որոշակի վաճառք իրականացնելուց հետո պատրաստվում էի ցուցահանդես կազմակերպել, սակայն Արցախի շրջափակման, այնուհետև պատերազմի պատճառով բիզնեսի գործունեությունը դադարեցրի,-պատմում է Անին։

Արցախից տեղահանվելուց որոշակի ժամանակ հետո նպատակասլաց աղջիկը որոշեց վերաբացել իր փոքրիկ բիզնեսը՝ բայց արդեն ավելի մեծ ծավալներով ու նպատակներով։

-Վերջերս մասնակցել եմ «REVIVING DREAMS»-ի կազմակերպած ծրագրին՝ ի աջակցություն տեղահանված արցախցի երիտասարդների բիզնես գաղափարների իրականացման, որտեղ էլ ներկայացրել եմ իմ բիզնես ծրագիրը և արժանացել դրամաշնորհի։ Բացի Մարաշի ասեղնագործությունից, ցանկանում եմ հետագայում ուսումնասիրել նաև այլ շրջանների ասեղնագործություններ ու կիրառել բիզնեսի մեջ: «SuHen»-ի առաքելությունը հայկական մշակույթի տարածումն է ազգային նախշերի միջոցով: Մեր մշակույթը մեզ համար բարձրագույն արժեք է, և այդ արժեքները պետք է ներկայացնենք աշխարհին։ Միաժամանակ մտածում եմ, որ իմ բիզնեսը եկամտի աղբյուր կհանդիսանա ընտանիքիս համար։ Այժմ իրականացնում եմ որոշակի վաճառք, և դրամաշնորհ ստանալուց հետո նպատակադրվել եմ բիզնեսի վաճառքի ուղիներն ընդլայնել,-ասում է Անին։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

1