Մեր մանկության Լենդրոշը
Գլխավոր » Լրահոս » Մեր մանկության Լենդրոշը

Մեր մանկության Լենդրոշը

Լենդրոշի քրոջ էջում տեսա Լենդրոշի նկարը եւ մի րոպեում հասա մանկություն. այնտեղ էլ էր պատերազմն իր հետքերը թողել, բայց մենք հորինում էինք աշխարհի ամենալավ խաղերը եւ խաղում: Մեր մանկությունը գունավոր չէր, բայց աշխարհի ամենասիրուն գույները մեր ներսում էին…

Մենք ձեռնոց նետեցինք պատերազմին, մեր աղմուկը խառնեցինք նրա աղմուկին, ու մեր աղմուկը հաղթեց նրան, մեծացանք բռնոցի խաղալով, բարձր երգելով, թաղից թաղ թափառելով, մեր երազանքները ծառերին փորագրելով… Լենդրոշն ինձանից մի տարով փոքր էր,բայց հազար անգամ ճարպիկ էր բոլորից, ինձանից’ առավել եւս,որովհետեւ ես նման բաներում չէի փայլում:) 

Քար նետելը մեր թաղի երեխեքի սիրած խաղերից էր.նետում էինք ու հետո հաշվում,թե ով է ամենահեռուն նետել: Դե, իհարկե, պարտվողը միշտ ես էի: Մի օր էլ միտքս փայլատակեց, ասացի. 

— Երեխեք, եկեք իրիկունը քարերը դեպի երկինք նետենք, տեսնենք ով կկարողանա աստղ ցած գցել: 

Ու ոչ ոք չասաց, որ դա հիմարություն է, ընդհակառակը’ ոգևորվեցին ու մի-մի քար վերցրին: 

Երբ հերթը հասավ ինձ ու քարը նետեցի, խաղը միանգամից վերջացավ, որովհետեւ քարը շատ արագ հետ եկավ եւ ընկավ ուղիղ Լենդրոշի վրա: Քարը ճանկռեց ճակատը եւ արյուն եկավ: Նա լաց չեղավ, բայց նրա փոխարեն ես սկսեցի բարձր լացել: Մաման ձայնից դուրս վազեց եւ տեսավ արյունը. 

— Ո՞ վ է քարով խփել, անամոթներ: Բոլորը լռեցին:

Լենդրոշը ձեռքով սրբեց արյունը: 

— Ես եմ խփել, մամ: Էդ պահին մաման մի կերպ զսպեց ծիծաղը. 

— Դու՞ … Քա՞ ր, մի ծիծաղեցրու… 

-Չէ, ես, ես եմ արել…,

-նորից կմկմացի:

-Ամոթ նրան, ով արել է,- ասաց մաման ու Լենդրոշին տուն տարավ’ վերքը մշակելու… 

Բոլորը սկսեցին ծիծաղել: 

-Ի՞ նչ եք ծիծաղում: 

— Ասում ենք’ կարող ա՞ քարի տեղ աստղ էր ընկել, չէինք նկատել… Հետգրություն

— Լենդրոշ ջան, երանի էս պատերազմն էլ մեր խաղերից լիներ ու վերհիշեինք մանկության խաղերի պես: Երանի երկնքից հրաշք ընկնի ու դու արթնանաս չորսամսյա կոմայից եւ երեք զավակներիդ պատմես, որ մանկությունն աշխարհի ամենալավ բանն է եւ իրենք էլ պիտի ձեռնոց նետեն պատերազմին’ բռնոցի խաղալով, թաղից թաղ թափառելով, ծառերի վրա երազանքներ փորագրելով… Հավատում եմ, որ կարթնանաս, որովհետև փոքրիկ Նորայրը մի օր նկարչության դասին ասաց. 

-Ընկեր Հերմինե, դու ասել ես, որ Աստված լսում է երեխաների աղոթքները:

 — Հա, Նորայր ջան, միշտ լսում է: 

— Ուրեմն Նարեկին էլ կասեմ, որ ինձ հետ աղոթի, գուցե էդպես ավելի շուտ լսի ու պապան ավելի շուտ արթնանա… 

— Շատ ճիշտ ես որոշել, անպայման կլսի… 

— Եթե չլսի’ նամակ եմ գրելու, կուղարկե՞ ս: 

— Հա, կուղարկեմ… 

-Դե, պայմանավորվեցինք…
Մայոր Լենդրոշ Խաչատրյանը Արցախի Աշան գյուղից է, խիզախաբար կռվել է թշնամու դեմ եւ ծանր վիրավորում ստացել: Արդեն չորս ամիս է’ կոմայի մեջ է եւ գտնվում է Երևանի հիվանդանոցներից մեկում: Ունի երեք զավակ: 

Հերմինե Ավագյան

Համազգային հայ կրթամշակութային միության Արցախի մասնաճյուղի տնօրեն

yerkir.am

1