Մեր քաղաքական նպատակը տեղահանվածներին իրենց բնակավայրեր վերադարձնելն է
«Մեր քաղաքական նպատակը տեղահանվածներին իրենց բնակավայրեր վերադարձնելն է: Դրա մասին կարգի մեջ էլ հստակ նշված է, որ այս բնակարանները մենք տրամադրում ենք մինչև իրենց բնակության վայրեր վերադարձը: Բայց քանի որ մեզ համար տեսանելի կամ կանխատեսելի չէ, թե երբ է հնարավոր լինելու նրանց վերադարձնել իրենց տներ, մեզ համար առաջնահերթություն ու սկզբունքային հարց է, որ իրենց չպահենք վատ, վրանային ճամբարներում, ինչպես Ադրբեջանն է արել տասնամյակներ շարունակ»,- հունվարի 18-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը:
Նրա խոսքով՝ տեղահանվածների ընտանեկան կարիքներն ու դժբախտությունը չպետք է դառնան պետության քաղաքական գործիքակազմի մի մաս: Այդ պատճառով հստակ քաղաքական որոշում է կայացվել բոլորին հնարավորինս արագ ապահովել արժանապատիվ բնակարանային պայմաններով:
«Իրենց բնակարան տալը որևէ կերպ չի նվազեցնում մեր քաղաքական ջանքերի մակարդակը, որպեսզի կարողանանք օկուպացված տարածքները վերադարձնել ու մեր քաղաքացիներին իրենց բնակավայրեր վերադարձնել»,- ասել է Ա. Բեգլարյանը: