Մեր երեխաներն ամենալավն են աշխարհում, նրանք ամենաշատն են արժանի խաղաղ ու անհոգ կյանքի
Գլխավոր » Երիտասարդական » Մեր երեխաներն ամենալավն են աշխարհում, նրանք ամենաշատն են արժանի խաղաղ ու անհոգ կյանքի

Մեր երեխաներն ամենալավն են աշխարհում, նրանք ամենաշատն են արժանի խաղաղ ու անհոգ կյանքի

Արցախը շրջափակման մեջ է երկու հարյուր և ավելի օրեր: Դրա հետևանքով ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական պայմաններն անտեսելով՝ հուլիսի 17-ից 28-ը Մարտունիում էինք: Կազմակերպել էինք ՀՅԴ պատանեկան բակային ճամբար։ Այս ճամբարն առանձնացավ մեր կազմակերպած բոլոր ճամբարներից՝ իր մթնոլորտով, տրամադրություններով, առօրյայով, կազմակերպչական աշխատանքներով և … խնդիրներով։ Այդ իսկ պատճառով վստահ եմ, որ այս 2 շաբաթներն անմոռաց կմնան թե՛ մեր՝ կազմակերպիչներիս, թե՛ պատանիների հիշողության մեջ:

Ճամբարը պետք է տեղի ունենար անկախ ամեն ինչից, որոշումը հստակ էր։ Կազմակերպիչներս պատրաստ էինք հաղթահարելու ցանկացած դժվարություն այդ որոշումն իրականացնելու համար, սակայն պետք է խոստովանենք, որ խնդիրները բազմաթիվ էին, շատ հաճախ՝ անլուծելի թվացող: Բայց կար նպատակ՝ թշնամուց մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Մարտունու պատանիները պետք է հնարավորինս կտրվեին ճնշող դաժան իրականությունից, նրանց կյանքի ներկապնակի գույները չպետք է խամրեին։

Պատանիները մեզ խանդավառությամբ ընդունեցին: Ավելի մեծ խանդավառությամբ ինքներս աշխատանքի անցանք: Ճամբարն ընթացավ բավականին հետաքրքիր՝ հագեցած կրթադաստիարակչական, հայրենաճանաչման, սպորտային ու ժամանցային ծրագրերով։

Մարտունու պատանիները հրաշքներ են և անջնջելի հետք թողեցին յուրաքանչյուրիս սրտում։ Որքան էլ նրանց դեմքից անպակաս էր ժպիտը, սակայն աչքերի խորքում երևացող թախիծը մատնում էր իրենց հոգու տխրությունն ու մտահոգությունները՝ կապված երկրի ներկա իրավիճակի հետ: Պատերազմն ու շրջափակումը արել էին իրենց չար գործը։ Երբեմնի կենսախինդ, չարաճճի պատանիները կարծես միանգամից մեծացել էին, հասունացել ու գիտակցում էին պահի ողջ լրջությունը։ Նրանք հրաժարվել էին իրենց մանկական չարաճճիությունից, դարձել կարգապահ ու ավելի կազմակերպված։ Այլևս կամակորներ, դժգոհողներ, բողոքողներ չկային, որը սովորաբար լինում էր ճամբարների ընթացքում, երբ պատանիները չէին ուզում այս կամ այն առաջադրանքը կատարել։ Բոլորը շատ մեծ սիրով և լրջորեն կատարում էին իրենց հանձնարարված առաջադրանքները։ Ճամբարային կարգապահական հստակ օրակարգից դուրս գալու և ժամանակն ավելի ազատ, ըստ պատանիների նախասիրությունների անցկացնելու նպատակով պատանիների հետ հավաքվում էինք նաև երեկոյան ժամերին։ Քաղաքում կյանքն աշխուժացնելու նպատակով Մարտունու հրապարակում երեկոյան ժամերին կազմակերպում էինք մուլտֆիլմերի ցուցադրություններ, ազգային երգ ու պարով աշխուժացնում նաև ճամբարին չմասնակցող երեխաներին: Ճամբարի երեք խմբերը մեր եռագույն դրոշի գույներն էին խորհրդանշում: Որպես վարիչ՝ ինքս աշխատել եմ կապույտ խմբի հետ։ Նրանց հետ երբեմն առանձնանում էինք երեկոյան ժամերին, խաղեր կազմակերպում, զրուցում։

Սակայն որքան էլ խաղերով, երգ ու պարով, տարբեր զրույցներով փորձեինք շեղել նրանց մտքերն առօրյա հոգսերից, միևնույն է, նրանց կյանքում արդեն ինչ-որ բան թերի է, ինչ-որ բան պակասում է, և նրանք ցավալիորեն զգում են դա: Զգում են և շատ հաճախ էլ չեն կարողանում թաքցնել իրենց մտքերը, չարտահայտել այն, ինչի կարիքն ունեն, ինչն իրենց չի հերիքում: Հերթական անգամ տունդարձի ճանապարհին քայլում և լուռ ունկընդրում էի նրանց խոսակցությունները․ դրանք սիրտ մաշող էին։

«Մեր բարեկամը զանգել էր, առաջարկում էր ցույց տալ Երևանի հսկա խանութների՝ ապրանքներով լցված ցուցափեղկերը, հրաժարվեցի. չուզեցի տեսնել», «Երանի չիպս ու կոկա-կոլա լիներ, գիտեմ, որ վնասակար է, բայց շատ եմ սիրում», «Տեսնես մեկ էլ երբ նորմալ կյանքի կվերադառնանք», «Հիշու՞մ եք ինչքան էինք պաղպաղակ ուտում, հիմա դա երազանք է դարձել», «Ախր ուզածներս շատ բան չի, չէ՞», «Հենց որ ճանապարհը բացվի,առաջինը Добрый հյութ եմ խմելու» … և այսպես շարունակ։ Ես քայլում ու մտածում էի, որ այս պատանիների ուզածն, իսկապես, շատ բան չէ, երեխայական պարզագույն ցանկություններ, որ արդեն երազանքներ են դարձել։

Արցախում ապրող այս պատանիների մտորումները բնավ նման չեն աշխարհի անհոգ մանուկների մտորումներին, և ոչ էլ երազանքներն են նման նրանց երազանքներին: Նրանց ուզածը թանկարժեք ու նորագույն հեռախոսներ չեն, այլ սովորական հյութ ու քաղցրավենիք։ Նրանք չեն երազում տեսնել աշխարհի լավագույն ու շքեղ քաղաքները, նրանք պարզապես քնել և արթնանալ են ուզում սեփական տանը, ապրել են ուզում իրենց փոքրիկ, աշխարհի մեծ քարտեզների վրա չերևացող, սակայն ամենալավ բնակավայրում: Ուզում են պարզապես ապրել մարդավայել…Յուրաքանչյուր բանական էակի բնական ցանկություն, որ ի չիք է դարձել արցախցիների համար…

Սննդի բացակայության պատճառով պատանիներին ճաշի ընթացքում կարողանում էինք տալ միայն բանջարեղեն ու միս. այն, ինչ հնարավոր էր գտնել Մարտունիում։ Պատանիներն իրենց սնունդն անվանեցին դիետիկ և անընդհատ կրկնում էին, թե այն օգտագործելուց հետո սկսել են ավելի քիչ սովածանալ ու տանն էլ քիչ ուտել։ Ես լսում ու ժպտում էի նրանց, իսկ հոգիս տակնուվրա էր լինում։

Ցավոտ մտքերի տեղատարափի մեջ բազմաթիվ շատ ավելի ցավոտ հարցերի պատասխաններն այդպես էլ չէի կարողանում գտնել, և անպատասխան մնացած «ինչու՞»-ներն ինձ հանգիստ չէին տալիս: Դրանք ինձ հանգիստ չեն տալիս նաև այսօր, երբ ճամբարը վաղուց ավարտվել է…

Թերևս աշխարհի բոլոր երեխաները նման են իրար, բայց ես ուզում եմ առանձնացնել մեր երեխաներին և ասել, որ նրանք ամենալավն են աշխարհում, նրանք ամենաշատն են արժանի խաղաղ ու անհոգ կյանքի, որովհետև նրանք տեսել են պատերազմի սարսափը և լավ գիտեն խաղաղության գինը, նրանք այսօր էլ իրենց մաշկի վրա զգում են անարդարության ու անազնվության հետևանքով ստեղծված դժոխային պայմանների ողջ ծանրությունը, թեև իրենց հոգիներն առավելագույնս պարզ են, մաքուր ու շիտակ։

Վահագն ԽԱՉԱՏՐՅԱՆ

1