Մեր ընտրած ճանապարհն այսօր էլ անշրջելի է. Արթուր Թովմասյան

Հոկտեմբերի 30-ին ԱՀ Աժ-ում գումարվել է արտահերթ նիստ:
Նիստի բացումը արել է ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:
«Հարգելի՛ հայրենակիցներ, ԱՀ ԱԺ «Կանոնակարգ օրենք»-ի 37-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝ ս.թ. հոկտեմբերի 27-ին ԱՀ ԱԺ պատգամավորների կողմից ԱԺ է ներկայացվել պաշտոնական գրություն՝ ԱՀ ԱԺ արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությամբ:
Առաջարկվել է 2022թ. հոկտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ին, գումարել ԱՀ ԱԺ արտահերթ նիստ՝ օրակարգում ընդգրկելով ԱՀ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ ներկայացված ԱՀ ԱԺ հայտարարությունը»,-ասել է Ա. Թովմասյանը:
Նիստին գրանցվել են 33 պատգամավորներ, բացականեր չեն եղել: Նիստին առաջինը ելույթ ունեցավ ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը: Իր ելույթում նա մասնավորապես ասել է.
«Արցախը հայկական պահելու, ԱՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքն իրացնող հանրահավաքի ամենակրտսե՛ր մասնակից, ամենատարե՛ց մասնակից, արցախցի՛, սա քո՛ հանրահավաքն է, և նրա կազմակերպիչը դո՛ւ ես: Սիրելի՛ հայրենակից, եթե դու այս պահին տանն ես, ապա շտապի՛ր քո տեղը զբաղեցնել Վերածննդի հրապարակում, քո խաղաղասեր խրամատում, սա նաև քո՛ հանրահավաքն է ու նախաձեռնողներից, կազմակերպիչներից մեկն էլ ես:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին , Ֆրանսիայի նախագահ էմմանուել Մակրոնին, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռաիսիին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիայի , մեր հարևան ԻԻՀ ժողովուրդներին, ՀՀ մեր հայերնակիցներին, աշխարհի բոլոր երկրների առաջնորդներին ու ժողովուրդներին. այս փոքրիկ աշխահատարածքը իրենից վտանգ չի ներկայացնում, բայց վտանգված է արցախի ժողովրդի լիարժեք ապրելու ու գոյատևելու իրավունքը: Որպեսզի արցախցին, ապրի, արարի, ստեղծագործի իր հայրենքիում ճանաչե՛ք նրա ինքնորոշման իրավունքը:
Հայ ժողովրդի հավաքական ապագան այսօր որոշվում է նաև Արցախում: Դիմում եմ ողջ հայ ժողովրդին. միասնաբար նեցուկ կանգնել արցախահայությանը, շարունակել աջակցել նրա ազատագրական պայքարին և հասնել նրա ինքնորոշման իրավունքի լիակատար իրացմանը: Այսօր հայոց պետականությունը կանգնած է ազգային ինքնությանն ու լինելիությանը սպառնացող լուրջ վտանգների առջև: Այսօր, առավել քան երբևէ հայ ժողովուրդը պետք է շարունակի գործել միասնական, միակամ ու միաբան:
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հավակնությունները մեր հայրենիքի նկատմամբ զուրկ են պատմական, իրավական ու բարոյական հիմքերից, քանզի Արցախը երբեք անկախ Ադրբեջանի մաս չի եղել և չի կարող լինել:
Ներկա դրությամբ առաջնահերթ խնդիրը երկրի հուսալի անվտանգության ապահովումն է, որն իրականացնում են ՌԴ խաղաղապահ զորակազմն ու ԱՀ ՊԲ ուժերը: Հավատացած ենք, որ աշխարհաքաղաքական բարդ ու անկանխատեսելի իրավիճակին և արտաքին մարտահրավերիներին դիմակայելու համար առաջնային ու կարևոր գործոն պետք է հանդիսանան համաժողովրդական համախմբվածությունն ու համերաշխությունը:
Հավաստիացնում եմ, որ մենք շարունակելու ենք մեր ջանքերը Արցախի ժողովրդի ինքնորոշման ու անվտանգության համար մղված արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանության, խնդրի խաղաղ ու արդարացի լուծման հասնելու ուղղությամբ: Ինչպես ԱՀ նախագահն է նախօրեին հայտարարել, պետք է մեկընդմիշտ մերժվեն այն առաջարկներն ու սկզբունքները, որոնք ժխտում են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, զրկում հակամարտության արդարացի կարգավորման հեռանկարներից և կասկածի տակ դնում Արցախի գոյությունը: Մենք պետք է տեր կանգնենք 1991թ. սեպտեմբերի 2-ին հանրապետության հռչակման օրվան, 1991թ դեկտեմբերի 10-ի անկախության հնարաքվեին և 1992թ. հունվարի 6-ի անկախության հռչակագրին:
Լիահույս ենք, որ հոկտեմբերի 31-ին Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպմանը չի ստորագրվի այնպիսի փաստաթուղթ, որը կարող է անտեսել արցախյան հիմնախնդրի գոյությունը, հարվածի տակ դնել արցախյան հիմնախնդրի կարգավորման հեռանկարը, և սահմանափակել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը:
Այսօր համայն հայության ջանքերն ու նպատակները պետք է ուղղված լինեն հայրենիքի՝ Արցախի ու Հայաստանի անվտանգությունն ու խաղաղությունը ամրապնդելուն:
Մեր ընտրած ճանապարհն այսօր էլ անշրջելի է, քանի որ այն արդար է և սրբագործված մեր հերոս նահատակների արյամբ:
Խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգել արցախյան գոյապայքարի և ՀՀ սահմանների պաշտպանության համար նահատակված քաջորդիների հիշատակը:
Արցախը եղել է, կա ու լինելու է: Շնորհակալություն»: