Մեր ընտանիքը կմնա Հայաստանում՝ Արցախից մոտիկ

Անյուտա Հովսեփյանը 2023 թվականի դեկտեմբեր ամսից է զբաղվում հրուշակագործությամբ։ Արցախից տեղահանվելուց հետո նրա ընտանիքը հանգրվան է գտել Մասիս քաղաքում։ Մասնագիտությամբ պատմության ուսուցչուհին հասկացել է, որ արցախցիների համար ծանր ժամանակաշրջանում, երբ այնքան էլ հեշտ չէ մասնագիտությամբ աշխատանք գտնել, պետք է ձեռնամուխ լինել սեփական գործ սկսելուն։ Գրանցվելով հարկային դաշտում՝ նա օրինական հիմքերով սկսեց զբաղվել ձեռնարկատիրությամբ։ Այսօր Մասիս քաղաքում լայն ճանաչում ու պահանջարկ ունի Արցախի համ ու հոտով հագեցած նրա հրուշակեղենը։

-Սկզբից ցանկանում էի իմ մասնագիտությամբ աշխատանք գտնել ու դիմեցի քաղաքապետարանի կրթության բաժին։ Քանի որ ծրագրից հանված է Հայոց եկեղեցու պատմություն առարկան, իսկ Հայոց պատմության դասերի ժամանակաքանակը՝ քչացված, ինձ առաջարկվեց ընդամենը 7 դասաժամ, այն էլ Մասիսի գյուղական համայնքներում։ Մտածեցի, որ ստացված աշխատավարձս չի բավականացնի ընտանիքիս կարիքները հոգալուն։ Ամուսինս Արցախյան 44-օրյա պատերազմի հաշմանդամ է և իր անձնական մեքենայով աշխատում է որպես տաքսու վարորդ։
Երբ սկսեցի զբաղվել հրուշակագործությամբ, իհարկե, որոշակի դժվարություններ կային։ Նախ խմորեղեն էի տալիս Մասիսի սուպերմարկետներից մեկին։ Հաճախորդները գոհ էին, ու սկսեց մեծանալ պահանջարկը։ Այժմ համագործակցում եմ 4 խանութների հետ և բացի դրանից ունեմ հավատարիմ հաճախորդներ, որոնք անհատապես են պատվիրում։ Առաքումը կատարում է ամուսինս, իսկ աղջիկս երբեմն օգնում է ինձ։ Լինում են օրեր, երբ աշխատում եմ գիշերները։ Չեմ հոգնում, միշտ էլ սիրել եմ խմորեղեն պատրաստել։ Թխում եմ փախլավա, ընկույզով և խորիզով գաթաներ, կաթնաշորով թխվածքներ, տարբեր միջուկներով ռուլետներ։ Իսկ երբ գովեստի խոսքեր եմ լսում, երբ մարդիկ մտնում են խանութ ու ասում՝ Արցախի թխվածք ենք ուզում, ավելի եմ ոգևորվում։
Ներքին մի հավատ ունեմ, որ մի օր վերադառնալու ենք Արցախ ու քանի կա այդ հավատը, մեր ընտանիքը կմնա Հայաստանում՝ Արցախից մոտիկ։ Մտադիր եմ ընդլայնել իմ բիզնեսը, ձեռք բերել նոր հմտություններ ու միշտ պահել Արցախի համն ու հոտը,-ասում է Անյուտա Հովսեփյանը։
Շուրջ 16 տարի Անյուտան աշխատում էր Ասկերանի շրջանի Դաշուշենի Վազգեն Օվյանի անվան հիմնական դպրոցում։ Երկու տրանսպորտ փոխելով՝ Ասկերանից հասնում էր Դաշուշեն ու հետ դառնում։ Երբեք չի հոգնել ու չի տրտնջացել։ Ավելին, համատեղությամբ աշխատել է Ասկերանի ՄՊՍ կենտրոնում։ Այդպիսին են արցախցի կանայք՝ ստեղծող, ուժեղ, հաստատակամ։

-Երբեք չէի պատկերացնի, որ կապրեմ Արցախից հեռու։ Դժվար է դիմանալ կարոտին։ Մի ամբողջ կյանք թողեցինք այնտեղ ու հիմա ենք հասկանում մեր դրախտավայրի ուժն ու զորությունը։ Ինչքա՜ն հաստատուն էինք կանգնում մեր հողի վրա։ Ֆիզիկապես ապրում ենք այստեղ, բայց մտովի Արցախում ենք՝ տանը,-ասում է Անյուտան և ավելացնում, որ Մասիս քաղաքում, որտեղ շատ արցախցիներ են բնակվում, լավ ընդունելության են արժանացել։ Սրտացավ ու կամեցող մարդկանց շրջապատում ավելի հեշտ է հաղթահարել դժվարությունները։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ