Մեր ընկեր Արամը
Գլխավոր » Գաղափարական » Մեր ընկեր Արամը

Մեր ընկեր Արամը

Արամ Կառլոսի Գրիգորյան

2020թ. 44-օրյա պատերազմի օրերին, թշնամին խախտելով միջազգային բոլոր  կոնվենցիաներն ու միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը՝  թիրախավորում ու ռմբակոծում էր քաղաքացիական բնակչությանն ու քաղաքացիական նշանակության օբյեկտները: Չարաբաստիկ այդ օրը՝ հոկտեմբերի 4-ին, թշնամին հրետակոծում էր մայրաքաղաք Ստեփանակերտը: Ստեփանակերտում Արցախէներգոյի գլխամասային շենքի  հրետակոծության  հետևանքով՝ հերթապահության  ժամանակ զոհվում է նաև  ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամ, 19-ամյա Արամ Կառլոսի Գրիգորյանը:

Արամ Գրիգորյանը ծնվել է 2001թ. մարտի  7-ին Ստեփանակերտում:

2006 թվականից  հաճախել է  Ստեփանակերտի Ա. Գրիբոյեդովի  անվան  N3  դպրոցը: 10-րդ  դասարանը  սովորել  է Ստեփանակերտի   Ֆիզմաթ, իսկ 11-12-րդ  դասարանները՝ 8-րդ  դպրոցում:

2017թ. ընդունվել  է  ԱրՊՀ  բնագիտական  ֆակուլտետի  Տեղեկատվական տեխնոլոգիաներ բաժինը: 3-րդ  կուրսի  ուսանող  էր, երբ  սկսվեց  պատերազմը:

Իր բնավորությանը հավատարիմ` նա պատասխանատվությամբ ու գիտակցումով էր մոտենում իրեն վստահված աշխատանքին:

Նրա ընկերներից՝ Սամվել Միլոնյանն ու ՀՅԴ ԱԵՄ-ի անդամ Բենո Բաբայանը Արամին միշտ իրենց կողքին են տեսել: «Ամեն հարցում մեզ հետ էր, մեր կողքին կանգնած»,-ասում են նրանք: Բենոյի խոսքով՝ Արամը հաճախում էր ծրագրավորման դասընթացների, սակայն իր ապագան պատկերացնում էր շինարարության ասպարեզում: Սամվելը նույնպես հաստատում է Բենոյի խոսքերը: «Հոր հետ շինարարական ընկերություն էր ուզում հիմնել»,-ասում է նա:

Իսկ ՀՅԴ ԱԵՄ-ի անդամ Ռիմմա Մարտիրոսյանը Արամին միշտ ուրախ է հիշում:

«Շատ անմիջական էր, նվիրված, ու եթե գիտեր, որ կարող է ինչ որ բանով օգնել, սրտանց օգնում էր բոլորին»,-պատմում է Ռիմման: Ուզում էր շուտ ամուսնանալ: Ռիմման ժպիտով է հիշում, թե ինչպես էր ամեն անգամ Արամն ասում, որ Ռիման իր համար «տուն տանելու» աղջիկ պետք է գտնի: «Կատակով հարցնում էի՝ տարազով աղջի՞կ ես ուզում, ասում էր՝ այո, տարազով պետք է լինի»,-նշում է նա:

Ռիմման սովորում է Երևանում, և կարծես զգում էր մոտալուտ արհավիրքի մասին, երբ պատերազմից մեկ օր առաջ զանգեց Արամին ու ասաց, որ շատ է կարոտել Արցախը, ուզում է վերադառնալ, ինչին ի պատասխան՝ Արամն ասաց, որ քիչ է մնացել, շուտով հետ կգա Արցախ: Ռիմման Արամի հետ պարբերաբար խոսել է նաև պատերազմի օրերին ու նրա զոհվելուց մեկ օր առաջ:

«Լավատես էր ապագայի հանդեպ: Ամբողջ պատերազմի ընթացքում ինձ ու մեր միության բոլոր ընկերներին վստահեցնում էր, որ ամեն ինչ լավ է լինելու, շուտով վերջանալու է ամեն ինչ: Ամեն անգամ, երբ մի վատ լուր էինք լսում, նա առաջինն էր, որ ԱԵՄ-ի ընդհանուր խմբում արձագանքում էր և հավաստի տեղեկատվություն տրամադրում: Ասում էր, որ չվախենանք»,-հիշում է Ռիմման:

1