Մեր դիրքորոշումը կհայտնենք իշխանությունների ծրագրերի հստակեցումից հետո
Գլխավոր » Լրահոս » Մեր դիրքորոշումը կհայտնենք իշխանությունների ծրագրերի հստակեցումից հետո

Մեր դիրքորոշումը կհայտնենք իշխանությունների ծրագրերի հստակեցումից հետո

Արցախի Հանրապետության ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանը հարցազրույց է ունեցել hraparak.am-ի հետ։

-Պարոն Բալայան, ի՞նչ փուլում են Արցախի ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանի հետ քաղաքական կոնսուլտացիաները, մասնակցելո՞ւ եք ազգային համաձայնության կառավարության ձեւավորմանը, թե՞ դիրքավորվելու եք ընդդիմադիր դաշտում։

-Առայժմ այդ ամենը խոսակցությունների, քննարկումների մակարդակում է, կոնկրետ ոչ մի բան չկա։

-Բայց հանդիպումներ եղել են, չէ՞։

-Այո, մի քանի անգամ հանդիպումներ, քննարկումներ ենք ունեցել, բայց ընդհանրացված դիրքորոշում դեռ չունենք։

-Իսկ ի՞նչն է խանգարում նման որոշում կայացնելուն։

-Դե, օրինակ՝ ինչ ծրագրեր պետք է իրականացվի, համագործակցությունն ինչ ուժերի միջեւ պետք է տեղի ունենա, ինչ թիմ պետք է աշխատի, առաջիկա հինգ տարիներին մոտեցումներն ինչպես պետք է համադրվեն եւ այլն։ Այս ամենի հստակեցումից հետո մենք կկարողանանք մեր մոտեցումները հայտնել։

-Օրինակ ո՞րն է ձեր տեսլականը, ի՞նչ նախապայմաններ ունեք, կամ ինչպե՞ս եք պատկերացնում համագործակցությունը, որ դեպքում կհամագործակցեք, որ դեպքում՝ ոչ։

-Երբ չկա որեւէ արդյունք, չեմ կարող ասել։ Կլինի արդյունք, դրա մասին կհայտարարենք։

-Նկատի ունեմ՝ ո՞ր հարցերն են Դաշնակցության համար սկզբունքային, որպեսզի համագործակցությունը կյանքի կոչվի։

-Արցախի կարգավորման հետ կապված, Սահմանադրության փոփոխությունների, անվտանգության, նմանատիպ հարցերի շուրջ․․․Պետք է լինի մի թիմ, որը կարողանա այս հարցերի իրականացումն ապահովել։

-Իսկ պորտֆելների հարցը էական նշանակություն ունի՞։

-Պատկերացրեք, որ ոչ, խնդիրն այն է, թե դու ինչ չափով ես կարողանալու ազդեցություն ունենալ քաղաքական զարգացումների վրա։

-Իսկ հնարավո՞ր է ընդդիմադիր դաշտում դիրքավորվեք՝ Աշոտ Ղուլյանի եւ Վիտալի Բալասանյանի հետ դաշինքով։

-Չի բացառվում, խնդիրն այն է, որ բոլոր կողմերի հետ էլ բանակցում ենք, հանդիպումներ ենք ունենում տարբեր կողմերի հետ, մոտեցումներ ճշտում, պետք է պատկերը հստակ լինի, որպեսզի մենք էլ կարողանանք որոշում կայացնենք։ Շուտով կկայացնենք։

-Ի դեպ, խոսակցություններ կային, որ Ղուլյանի եւ Վիտալի Բալասանյանի հետ ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի ակցիա եք նախաձեռնել։

-Ես նման բան առաջին անգամ եմ լսում։

Լուսինե Շահվերդյան

arfd.am

1