Մեր բոլոր քայլերը պետք է ուղղված լինեն մեր ազգային նպատակներին՝ Արցախում ապրելուն, մեր իրավունքների պաշտպանությանը
Գլխավոր » Լրահոս » Մեր բոլոր քայլերը պետք է ուղղված լինեն մեր ազգային նպատակներին՝ Արցախում ապրելուն, մեր իրավունքների պաշտպանությանը

Մեր բոլոր քայլերը պետք է ուղղված լինեն մեր ազգային նպատակներին՝ Արցախում ապրելուն, մեր իրավունքների պաշտպանությանը

Սնեժանա Թամրազյանն Արցախից է։ Նրա ընտանիքը տեղահանությունից հետո հաստատվել է Սյունիքի մարզի Կապան քաղաքում։ Սնեժանան աշխատում է, միաժամանակ ծավալում ակտիվ հասարակական գործունեություն, զբաղվում կամավորական աշխատանքներով։

-Արցախի տեղահանումից հետո հաստատվեցիք Արցախից ավելի մոտիկ մարզում՝ Սյունիքում։ Հե՞շտ էր հարմարվել նոր միջավայրին, ինչպե՞ս հաղթահարեցիք առաջին դժվարությունները․․․

-Արցախի և Սյունիքի կապը դարերի խորքից է գալիս՝ պատմական, մշակութային, աշխարհագրական առումներով: 2023 թվականի պատերազմի և արցախցիների տեղահանության հետևանքով Սյունիքը դարձել է արցախցիների համար առաջնային ապաստան։ Ես, ինչպես բոլոր արցախցիները, ստիպված եղա հարմարվել նոր պայմաններին, նոր միջավայրին և հաղթահարել բազմաթիվ խնդիրներ։ Մենք ստիպված էինք դիմակայել կորստի զգացողությանը և անկայունության վիճակին: Նոր կյանք սկսելը Սյունիքում մեծ անորոշություն էր առաջացնում՝ կապված ապագայի, աշխատանքի, կրթության և կացարանի հետ: Հասկանալ, թե ինչպե՞ս առաջ շարժվել, ի՞նչ նպատակներ դնել կամ ի՞նչ ծրագրեր իրականացնել, դժվար էր այդ պայմաններում: Ի՞նչն ինձ օգնեց նորից պայքարել։ Ես հիշեցի իմ ուժեղ կողմերը, Արցախում ունեցած հասարակական փորձս, կազմակերպչական և համառ բնավորությունս։ Հենց դրանք ինձ օգնեցին մարտահրավերների լուծման մեջ: Ես հասկացա, որ ամենակարևորն է գործել, ինչ-որ բանի մասնակցել, ինձ օգտակար զգալ: Այդ ժամանակ իմացա Կապան համայնքի ղեկավարին կից Երիտասարդական խորհրդի կամավորական ծրագրերի մասին և որոշեցի միանալ ու օգնել արցախցիներիս: Դա ինձ դուրս բերեց անգործության ու անորոշության վիճակից։ Կամավորությունն ու թիմը ինձ համար դարձան վերածննդի մի տեսակ՝ նոր կյանքի սկիզբ: Հաջորդ մեծ խնդիրը իմ մասնագիտությամբ աշխատանք գտնելն էր ։ Ստացվեց այնպես, որ որպես իրավաբան՝ ես չէի կարող աշխատել դատական համակարգում, քանի որ չունեի ՀՀ քաղաքացիություն: Սա մեծ հիասթափություն էր։ Երբ հասկացա, որ իմ մասնագիտությամբ աշխատելու ճանապարհը փակ էր, որոշեցի այլ ուղղություններով փնտրել աշխատանք, որտեղ կարող էի կիրառել իմ հմտությունները։ Այդ ժամանակ ինձ և շատ այլ արցախցիների աշխատելու հնարավորություն տվեց «ԱԺԴԱՆԱԿ» ՍՊԸ-ն: Աշխատանքի ընդունվելը առաջին հերթին ինձ ապահովեց ֆինանսական կայունությամբ, ինչը մեծ նշանակություն ուներ պատերազմի հետևանքով առաջացած պայմաններում: Սահմանափակումները միայն ժամանակավոր խոչընդոտներ են: Ինձ համար այս ամենը դարձավ շարժիչ ուժ՝ ավելի վճռական դառնալու և իմ նպատակներին հետևելու համար:

-Գիտենք, որ Արցախում ակտիվ հասարակական գործունեություն էիք ծավալում, այստեղ ևս անմասն չեք մնում․․․

-Որտեղ էլ ապրեմ, ես արցախցիների, իմ ասկերանցիների հետ եմ։ Հանդիսանում եմ «Ասկերանցիներ համայնքի զարգացման կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչը Սյունիքի մարզում։ Երևանում և Կապանում կազմակերպեցինք արտթերապիաներ երեխաների համար։ Դա ոչ միայն դարձավ ինքնարտահայտման և վերականգնման միջոց, այլև ստեղծեց ամուր կապ Արցախի և Կապանի երեխաների միջև։ ՀԿ-ի շրջանակներում կազմակերպում ենք նաև ցուցահանդեսներ, վարպետաց դասեր՝ նպատակ ունենալով ներկայացնել արցախյանը։ Մեծ մարտահրավեր է մեր ինքնության, մեր մշակույթի և ապագայի հանդեպ հավատը պահպանելը։

-Ի՞նչ երազանքներ և նպատակներ ունեք․․․

-Ինչպես շատերը, ես երազում եմ խաղաղության մասին, բայց խաղաղությունը մեզ համար միայն խաղաղ երկինք չէ. դա հնարավորություն է ապրելու մեր տանը, զարգացնելու մեր համայնքը, կրթվելու, աշխատելու և երազանքները կյանքի կոչելու։ Քանի որ այդ ամենը այս պահին հնարավոր չէ Արցախում, ես դա անում եմ Սյունիքում։ Սյունեցիները մեզ նման գիտեն, թե ինչ է նշանակում դժվարությունները հաղթահարել, կորուստների միջով անցնել և նորից կանգնել ոտքի վրա։ Այս նմանությունը ստիպում է ինձ զգալ, որ Սյունիքում ես օտար չեմ, որ այստեղ մարդիկ հասկանում են մեր ապրումները։ Ես մտահոգ եմ Սյունիքի ապագայի համար։ Չնայած դրան, ես ընտրել եմ այստեղ ապրել։ Ոչ թե պարզապես գոյատևելու, այլ իսկապես ապրելու՝ սովորելու, աշխատելու և իմ ներդրումն ունենալու համար։ Գիտեմ, որ այս հողն ունի իր մարտահրավերները, բայց այն նաև ունի անսահման հնարավորություններ։ Այժմ փորձում եմ վախը վերածել էներգիայի, անորոշությունը՝ նպատակների։ Ես շարունակում եմ աշխատել նաև իմ նպատակի վրա՝ դառնալու իրավաբան, ով կկարողանա իրագործել արդարության սկզբունքները և միջազգային կառույցներում ներկայացնի Արցախը և պաշտպանի մեր ինքնորոշման իրավունքը։ Անկեղծ ասած, վերջերս նկատել եմ, որ կան մարդիկ, ովքեր կոչ են անում դիմել ՄԻԵԴ՝ նյութական վնասների փոխհատուցման հայցով։ Շատերի համար սա կարող է թվալ որպես միակ հնարավորը, բայց ես, որպես իրավաբան և որպես արցախցի, ուզում եմ նշել, որ մենք պետք է ավելի խորապես մտածենք այն հետևանքների մասին, որոնք կարող են առաջանալ նման դիմումներով։ ՄԻԵԴ-ը կարող է լինելլ մարդու իրավունքների պաշտպանության ու արդարության վերականգնման կարևոր գործիք, սակայն երբ խոսքը վերաբերում է Արցախի հարցին, կարծում եմ, որ մենք պետք է զգույշ լինենք, որ չվտանգենք մեր ազգային շահերը։ Դիմելով ՄԻԵԴ՝ նյութական վնասների փոխհատուցման պահանջով, մենք գործնականում կարող ենք փակել այն հնարավորությունը, որ մի օր կրկին կվերադառնանք մեր տուն, մեր հայրենիք՝ Արցախ։ ՄԵՆք կարող ենք դիմել ՄԻԵԴ՝ բարոյական վնասների փոխհատուցման համար՝ նշելով, որ մենք ստիպված էինք լքել մեր տները ՝ ցեղասպանության վտանգի տակ։ Արցախ վերադարձի հարցը պետք է մնա մեր պայքարի կենտրոնում։ Մենք պետք է գիտակցենք, որ մեր բոլոր քայլերը պետք է ուղղված լինեն մեր ազգային նպատակներին՝ Արցախում ապրելուն, մեր իրավունքների պաշտպանությանը։ Ինձ համար Արցախի վերադարձը ոչ միայն քաղաքական կամ ռազմական խնդիր է, այլև իրավաբանական: Ես չեմ կորցրել հավատս՝ մի օր մենք կրկին կկարողանանք ապրել Արցախում, վերականգնել մեր հայրենիքը։ Եվ ես հավատում եմ, որ իրավաբանը պետք է լինի պայքարի մաս՝ ստեղծելով այնպիսի իրավական միջավայր, որտեղ մեր ձայնը միշտ կհնչի։

Ինչպիսի՞ն է ձեր կարծիքը 2025 թվականից արցախցիներին տրամադրվող սոցիալական աջակցության վերաբերյալ ՀՀ կառավարության ընդունած որոշման մասին։

-Վերջերս նաև ամենաքննարկվող թեմաներից է 50000 դրամ աջակցության ծրագրի դադարեցումը։ Ես համաձայն եմ, որ աջակցությունը պետք է շարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չեն լուծվել մեր բնակարանային խնդիրները։ ՀՀ-ում բնակարանների վարձակալման գները բավականին բարձր են, և կառավարության կողմից տրվող 50000 դրամ աջակցությունը չի բավարարում նույնիսկ վճարելու տան մեկ ամսվա վարձավճարը (հատկապես փոքր ընտանիքների համար)։ Չպետք է մոռանալ, որ Արցախում մարդիկ ունեին սեփական տներ, գյուղատնտեսական հողեր, աշխատանք, սեփականություն, որով ապրում էին ինքնաբավ կյանքով։ Այդ տները ոչ միայն ֆիզիկական արժեք ունեին, այլև ընտանեկան ժառանգություն էին։ ժամանակին լիարժեք կյանքով ապրող մարդիկ այսօր ստիպված են ապրել որպես «օգնություն ստացողներ»։

Նոյեմբերի 30-ին կայանալիք հավաքի ժամանակ կուզենայի բարձրաձայնվեր ոչ միայն մեր սոցիալական խնդիրները, այլև քաղաքական հիմնահարցեր, այն է՝ գերիների վերադարձի պահանջ, պահանջ՝ Արցախ վերադառնալու և միասնական քաղաքական օրակարգ մշակելու։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

1