Մեր բոլոր երազանքներն ու նպատակները կիսատ մնացին
Գլխավոր » Լրահոս » Մեր բոլոր երազանքներն ու նպատակները կիսատ մնացին

Մեր բոլոր երազանքներն ու նպատակները կիսատ մնացին

Առաջին կարգի զինվորական հաշմանդամ Կամո Միրզոյանը Արցախի Խնածախ գյուղից բռնի տեղահանվելուց հետո բնակություն է հաստատել Երևան քաղաքում։ Երկու սենյականոց բնակարանում է ապրում կնոջ ու տարեց ծնողների հետ։ Ամբողջ կյանքում գյուղական համայնքում ապրած այս մարդիկ չեն կարողանում հարմարվել մեծ քաղաքի ակտիվ կյանքին, սակայն չեն կարող տեղափոխվել որևէ մարզ, որովհետև Կամոն պարբերաբար հաճախում է Երևանի Զինվորի տուն վերականգնողական կենտրոն, որտեղ ստանում է բուժօգնություն։

-Գյուղից սեպտեմբերի 28-ին ենք դուրս եկել։ Մի քանի հագուստից բացի ոչինչ չենք վերցրել մեզ հետ, մեքենայում տեղ չկար։ Ամեն ինչ մնաց Արցախում։ 20 տարեկանում վիրավորվել եմ Ակնայի մատույցներում, կորցրել ոտքս ու հավերժ հաշմանդամ անունը ձեռք բերել։ Այսօր մտածում եմ՝ հանուն ինչի՞, հանուն այս պարտությա՞ն։ Ինչո՞ւ են կռվել ու զոհվել մեր տղաները, եթե պետք է ապրեինք պարտվելու և Հայրենիքը լքելու այս խայտառակությունը։ Ինչո՞ւ պետք է արցախցին ընկճվի սոցիալական ծանր բեռի տակ։ Հայրս լրիվությամբ կույր է, մայրս 2020 թվականից կորցրել է հիշողությունը և գտնվում է մշտական վերահսկողության տակ։ Կինս ստիպված չի աշխատում, որովհետև երեք հաշմանդամների է խնամում։ Ես ելք չեմ տեսնում այս իրավիճակից դուրս գալու համար։ Թեև հաշմանդամ եմ, բայց կարող եմ աշխատել որպես վարորդ։ Ուղղակի չգիտեմ, ում դիմեմ, որտեղ աշխատանք գտնեմ։ Արցախում պարապ չեմ նստել, միշտ էլ աշխատել եմ ու այսօր, որպես տան տղամարդ, ինձ վատ եմ զգում, որ չեմ կարողանում եկամուտ բերել տուն,- ասում է Կամո Միրզոյանը։

Արցախյան պատերազմի վետերանը չի կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ կորցրել է Արցախը, հայրենի Խնածախը։

-Ամեն օր մտքով տանն եմ, հիմա եմ վերաարժևորում կյանքը։ Մտածում եմ՝ ի՞նչ կլիներ, որ այս ամենն ընդամենը մղձավանջային երազ լիներ։ Մեր բոլոր երազանքներն ու նպատակները կիսատ մնացին։ Մեր շիրիմները, պատմական արժեքները մնացին գերության մեջ։ Սարսափում եմ, երբ պատկերացնում եմ, որ թշնամին ոչնչացնում է դրանք,-ասում է Կամոն ու ավելացնում,-ցավով եմ տեսնում, որ արցախցիները մեկնում են ուրիշ երկրներ։ Արտագաղթի հիմնական պատճառը բնակվարձերի գներն են ու զբաղվածության խնդիրը։ Իմ տղան ևս մեկնել է Ռուսաստան, սովորում է մեքենայի ընթացագործի արհեստը։ Ցավոք, համոզված եմ՝ արցախցի այդպիսի ընտանիքներ շատ կան, որ ստիպված բաժան-բաժան են դառել։ Իմ կարծիքով՝ արտագաղթը կավելանա։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

1