Մեր անկախությունը ծնվեց Մայիսյան հերոսամարտերի բոցերում
Հարցազրույց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանի հետ.
— Հարգելի պարո՛ն Մելքոնյան, ի՞նչ գործոններով են պայմանավորված ցեղասպանություն վերապրած հայության կողմից 1918 թվականին ձեռք բերված մայիսյան հաղթանակները: Այս հարցը պատահականորեն չեմ տալիս, որովհետև այսօր էլ հանդիպում ենք մեկնաբանությունների, ըստ որոնց` Հայաստանի անկախացումը աշխարհաքաղաքական դասավորումների արդյունք էր: Եվ նույնիսկ գնահատականներ են հնչում, թե մենք ուղղակի նվեր ենք ստացել անկախությունը:
— 1918 թ. մայիսի վերջին հայոց պետականության վերականգնման դարակազմիկ իրադարձության մասին շատ է գրվել։ Ուղղակի անհավատալի էր, որ Հայոց ցեղասպանությունից ընդամենը երեք տարի անց հայ ժողովուրդն այնքան ուժ գտավ իր մեջ, որ վերականգնեց պետական անկախությունը։ Թերևս դրանով պետք է բացատրել մեզանում որոշ մարդկանց, իսկ օտարների պարագայում թուրք-ադրբեջանական քաղաքական ու կեղծ գիտական շրջանակներում շրջանառվող այն շինծու թեզը, ըստ որի` մեր անկախության վերածնունդը հետևանք էր միայն ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի։ Ավելին՝ թուրք-թաթարական շրջանակների պնդմամբ Հայաստանի անկախությունը իբր հետևանք էր իրենց բարյացակամ վերաբերմունքի, ոչ ավել ոչ պակաս՝ «իրենց Էրիվան քաղաքը մեզ զիջելու» մեծահոգության։ Իրականությունն այն է, որ հայոց պետականության վերականգնումն ունեցել է լուրջ նախապատմություն։ Գաղափարական առումով այն ծնվել է 19-րդ դարում՝ ազգայինազատագրական շարժումների բովում, իսկ գործնականում՝ 1915 թ. մայիս-հունիսին՝ Վանում Արամ Մանուկյանի ստեղծած նահանգային վարչության տեսքով։ Պատահական չէ, որ Արամը Վանում կուտակած պետականաշինության ողջ ռազմաքաղաքական ու վարչական փորձը 1917 թ. վերջից փոխադրեց Երևան և հիրավի դարձավ հայոց նորագույն պետականության ճարտարապետը։ Ի տարբերություն մեր հարևանների` մեր անկախությունը ոչ թե մեզ տրվեց Գերմանիայի կամ Թուրքիայի հետ նախապես ձեռք բերված համաձայնության արդյունքում, այլ ծնվեց թուրքերի դեմ Մայիսյան հերոսամարտերի բոցերում։ Ուստիև մեկընդմիշտ պետք է մոռացության տալ սկուտեղի վրա մեզ անկախ հայրենիք նվիրելու մասին ցնդաբանությունը։ Նմանապես 1991 թ. սեպտեմբերին Արցախյան հուժկու ազատագրական պայքարի տրամաբանական արդյունքը եղավ զույգ հայկական պետությունների՝ ՀՀ և ԼՂՀ անկախության հռչակումը։
— Իսկ ինչպե՞ս կգնահատեք 102 տարի առաջ հայոց պետականության վերականգնման փաստը տվյալ պատմաքաղաքական իրականության մեջ, ինչպես և նրա նշանակությունը հայ ժողովրդի համար առհասարակ:
— 1918 թ. մայիսյան հրաշքով հիմք դրվեց ոչ միայն 1918-1920 թթ. Առաջին հանրապետությանը, այլ նաև Հայաստանի նորագույն պատմության մեջ հայոց պետականության անընդհատականությանը։ Միանշանակ կարող ենք պնդել, որ չլիներ Առաջին անկախ հանրապետությունը, բոլշևիկները կյանքի չէին կոչի Խորհրդային Հայաստանը, որը նույն Հայհեղկոմի կողմից 1920 թ. նոյեմբերի 29-ին հռչակվեց խորհրդային սոցիալիստական անկախ հանրապետություն և համենայնդեպս «դե յուրե» այդ կարգավիճակը պահպանեց մինչև 1922 թ. մարտի 12-ին Անդրդաշնության և դեկտեմբերին ԽՍՀՄ ստեղծումը։ Անգամ անկախության շատ հատկանիշների կորստից հետո էլ ՀԽՍՀ-ն ԽՍՀՄ կազմում պահպանեց պետականության ցուցիչները՝ խորհրդարան, կառավարություն, սահմանադրություն, սեփական սահմաններ, և դրանց հիման վրա պայմաններ ստեղծեց 1991 թ. Երրորդ հանրապետության հռչակման համար։ Ահա սա է 102 տարի առաջ մեր ժողովրդի ձեռք բերած անկախության պատմական խորհուրդը։
— Մենք երեք տասնամյակ առաջ կրկին անկախություն ենք հռչակել, բայց շարունակում ենք խոսել պետականության գիտակցության, մեր պետության ինքնուրույնության մասին: Ձեր կարծիքով` արհեստակա՞ն են այս հարցադրումները, թե՞ մտահոգության իրական պատճառներ գոյություն ունեն և՛ պետականության հանդեպ մեր վերաբերմունքի, և՛ պետականության լիարժեք անկախության ապահովման, և՛ այդ պետականությունն արժևորելու մտածողության առումով:
— Այսօր մեզանում լինում են պահեր, երբ մեր հասարակության առանձին շերտերի մոտ թերի է թվում պետականության զգացողության ու մտածողության առկայությունը։ Բայց ես լավատես եմ և կարծում եմ, որ դա առաջին հերթին պայմանավորված է մեր երկիրն ավելի կատարյալ տեսնելու ցանկությամբ։ 2016 թ. Ապրիլյան պատերազմը դրա վառ վկայությունն էր։ Ինչ վերաբերում է մեր հասարակության այսօրվա պառակտվածությանը, համոզված եմ՝ նույնպես երևութական է ու անցողիկ։ Աստված մի արասցե՝ երկրի գլխին կախվի իրական վտանգ. պետական մտածողությունն անմիջապես կգա օրակարգ։ Բայց այժմ համավարակի պայմաններում, անկեղծ ասած, այդ զգացողությունը կարծես իրեն նկատել չի տալիս, հավանաբար այն պատճառով, որ այդ վտանգը մենք ուղղակի անզեն աչքով չենք տեսնում։ Բայց այն արդեն լրջորեն բախում է մեր դուռը։
— 20-րդ դարի վերջին մենք ունեցանք միանգամից երկու անկախ հայկական պետություն: Առաջինը անկախացավ Խորհրդային կայսրության փլուզման արդյունքում: Արցախյան ազատագրական պայքարի արդյունքում ձևավորվեց երկրորդ հայկական պետությունը, որի տիրապետության տակ այսօր գրեթե այնքան տարածք է, որքան Առաջին հանրապետության տարածքն էր ձևավորման պահին: Հայկական իրականության առանձնահատկությունները և առկա մարտահրավերները առաջադրո՞ւմ են արդյոք առանձնահատուկ խնդիրներ:
— Այո՛, Արցախի Հանրապետությունը ձևավորվեց գրեթե նույնքան տարածքի վրա, որքան Առաջին հանրապետության տարածքն էր։ Այդ 12-13 հազար քառ. կմ-ը ազատագրական մարտերի շնորհիվ պատահականորեն չհայտնվեց մեր վերահսկողության տակ։ Այն հիմնականում համընկնում է 1735 թ. Նադիր շահի կողմից միջազգայնորեն ճանաչված Խամսայի մելիքությունների պատմական տարածքին։ Հետևապես այն ոչ միայն պատմականորեն, այլև աշխարհագրական սահմաններով պաշտպանված լեռնային մի երկրամաս է, որի պահպանությունը սրբազան գործ է և սակարկության առարկա չէ։
— Կարծես բոլորն այսօր միակարծիք են, որ մեր տարածաշրջանը մեծ փոփոխությունների շեմին է կամ արդեն իսկ այդ ընթացքի մեջ է: Որքանո՞վ կարող են վտանգավոր լինել աշխարհաքաղաքական այդ տեղաշարժերը: Նկատի ունենանք, որ մեզ համար Արցախյան պատերազմը ավարտված չէ: Մյուս կողմից հենց Հայաստանի սահմանների մոտ բավական ակտիվ է Թուրքիան: Մասնավորապես նկատի ունենք վերջինիս ակտիվ գործունեությունը Նախիջևանում:
— Իմ կարծիքով՝ տարածաշրջանում սպասվող աշխարհաքաղաքական փոփոխությունները և մարտահրավերները մեր կողմից հաղթահարելի են։ Չեմ կարծում, որ աշխարհում եղանակ ստեղծող երկրները Արցախում առկա ստատուս քվոյի փոփոխման լուրջ պահանջ առաջադրեն։ Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա Արևմուտքի հետ նրա հարաբերությունների որոշակի սառեցումը, Սիրիայի պատճառով Ռուսաստանի հետ «սիրախաղի» ավարտը, երկրի տնտեսական իրավիճակի վատթարացումը և քրդական խնդրի սրումը բավարար են, որ թուրքերը ստիպված լինեն զսպել իրենց ախորժակը։ Ինչ վերաբերում է Նախիջևանում Թուրքիայի ազդեցության աճին, ապա այն միայն Հայաստանի անվտանգությանը առնչվող խնդիր չէ։ Հարցը շոշափում է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Իրանի շահերը։ Համոզված եմ, որ որքան Ադրբեջանը գնա Նախիջևանի թուրքացման ճանապարհով, այնքան հավանական կդարձնի երկրամասը առաջիկայում հարվածի տակ դնելու և կորցնելու իրողությունը։
«Դրօշակ», թիվ 5 (1639), մայիս, 2020 թ.