Մեր ամեն մի օրը հիշողություններով է ավարտվում, իսկ արթնանում ենք՝ Արցախ վերադառնալու հույսով
Շիրակի մարզի Գյումրի քաղաքում է հաստատվել Արցախից տեղահանված Վլադիմիր Հակոբջանյանի բազմանդամ ընտանիքը։ Մինչև 2020-ի 44-օրյա պատերազմը Ասկերանի շրջանի վերաբնակեցված Ուղտասարի Մ․ Մելքոնյանի անվան դպրոցի տնօրենն էր և աշխարհագրության ուսուցիչը։
Հանգամանքներից ելնելով՝ դպրոցի տնօրենն ու բանիմաց մասնագետն այսօր տաքսու վարորդ է։
—Ինչպե՞ս է դասավորվել Ձեր կյանքը 2020-ից հետո։
-Շատ արցախցիների պես հիմնական աշխատանքիս հետ զբաղվում էի նաև հողագործությամբ։ Ինչպես բոլոր ընտանիք, զավակներ ունեցող մարդիկ, ես ևս մտածում էի ստեղծելու ու արարելու մասին։ Իմ արդար քրտինքով կարողացա Ասկերան քաղաքում տուն կառուցել։ Կնոջս ու երեխաներիս հետ վայելում էինք մեր ստեղծածը, մտածում ապագայի մասին։ Սակայն 2020-ին ամեն ինչ փոխվեց։ Ուղտասարի հանձնումը ինձ համար շատ ծանր էր։ Մարդիկ մնացին առանց տանիքի, կորցրին տարիների վաստակը։ Դպրոցը, որն ինձ համար հարազատ օջախ էր, մնաց թշնամուն։ Որոշ ժամանակ անց աշխատանքի անցա ԱՀ ՏԿԵ նախարարությունում՝ որպես գլխավոր մասնագետ։ Համատեղությամբ զբաղվում էի նաև մանկավարժությամբ, առանց որի իմ կյանքը կիսատ կլիներ։ Հետո մենք հայտնվեցինք շրջափակման մեջ, որը կարողացանք հաղթահարել, քանի որ մեր տանն էինք։ Պատրաստ էինք ապրել որոշակի զրկանքներով, միայն թե Արցախում լինեինք։ Սեպտեմբերի 19-ի պատերազմը և դրան հաջորդած իրադարձությունները ստիպեցին բոլորիս բռնել տեղահանության ճանապարհը՝ մեր սրտում կրելով դրանց աղետալի հետևանքները։
—Ինչո՞ւ հենց Գյումրիում որոշեցիք բնակություն հաստատել և հաջողվո՞ւմ է ձեր ընտանիքին հարմարվել նոր բնակավայրին․․․
-Դեռ ճանապարհին էի որոշել․ եթե ոչ Արցախում, ապա՝ Գյումրիում պետք է ապրեմ։ Ինչո՞ւ, որովհետև գյումրեցիները ևս անցել են «դժոխքի» մրջով և ավելի լավ կհասկանան մեր ապրումներն ու ցավը։ Փառք Աստծո, չենք սխալվել։ Մեր ընտանիքը բազմանդամ է՝ կինս, 4 զավակներս, թոշակառու ծնողներս և տարեց տատիկս։ Այստեղ գրեթե բոլորը կարեկցանքով են մեզ ընդունել, փորձել օգնել հնարավորությունների չափով։ Տեղահանվելուց մեկ ամիս հետո կինս՝ Նոյեմը, աշխատանքի անցավ Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղի դպրոցում՝ որպես աշխարհագրության և ֆիզիկայի ուսուցչուհի։ Իսկ ես, համապատասխան աշխատանք չգտնելով, արցախցի շատ տղամարդկանց նման սկեսցի տաքսի վարել։ Սկզբից, իհարկե, դժվարություններ կային։ Հաճախորդներս գիտեին, որ քաղաքին ծանոթ չեմ և հենց իրենց համբերատարության շնորհիվ կարճ ժամկետում ճանաչեցի քաղաքը։ Ավագ երեխաներս հաճախում են դպրոց, իսկ փոքրերը՝ մանկապարտեզ։ Ծնողներս ու տատիկս շատ են նեղվում, որ չեն կարողանում զբաղվել հողագործությամբ։ Դժվար են հարմարվում, որ արտադրողից հանկարծ դարձել են սպառող։ Նրանց համար դա շատ ծանր է, որովհետև ամբողջ կայնքում հողի հետ կռիվ էին տալիս, ստեղծում և վաճառում իրենց բերքը։ Մեր բազմանդամ ընտանիքն Արցախով է ապրում, մեր ամեն մի օրը հիշողություններով է ավարտվում։ Արթնանում ենք Արցախ վերադառնալու հույսով, բայց քանի որ դա միայն մեր ցանկությունից չէ կախված, գերադասում ենք մնալ Մայր Հայրենիքի այս հատվածում։
-Ի՞նչ կասեք ՀՀ կառավարության կողմից Արցախի տեղահանված բնակչությանը տրամադրվող 2025-ի հունվարից նորացված սոցիալական աջակցության ծրագրի մասին․․․
-Միանշանակ կասեմ, որ առանց պետության կողմից տրամադրվող աջակցության, արցախցիները կկանգնեն մեծ դժվարությունների առաջ, քանի որ մեծամասնությունն ապրում է վարձակալած տներում։ Առաջարկված բնակարանային ծրագիրը, իստ իս, արտագաղթ խթանող ծրագիր է՝ իր բազմաթիվ բացերով։ Ինձ համար ցավալի է, որ իմ իսկ տեսակը պարտադրում է հրաժարվել իմ ինքնությունից՝ Արցախի Հանրապետության քաղաքացիությունից։ Այն հավասարազոր է ազգանունից կամ հայրանունից հրաժարվելուն։ Միևնույն ժամանակ, որպես հայ, չեմ հրաժարվում ՀՀ քաղաքացու պարտականություններից։ Կարծում եմ՝ արցախցիները պետք է ապրեն կոմպակտ տարածքում, որպեսզի չկորցնեն իրենց ավանդույթները, սովորույթները, մշակույթը։ Այս ամենով հանդերձ, ինչքանով էլ անթերի ծրագիր մեզ առաջարկվի, առաջին իսկ հնարավորության դեպքում մենք կվերադառնանք Արցախ, մեր Ասկերան…