Մեր ականջները չպիտի քնեն, մեր սրտերը չպիտի կանգնեն, ու մեր բռուցքները չպիտի ափ դառնան Արցախի հիմնախնդրի մեջ մեր գոյապայքարում. քանդակագործ
Գլխավոր » Լրահոս » Մեր ականջները չպիտի քնեն, մեր սրտերը չպիտի կանգնեն, ու մեր բռուցքները չպիտի ափ դառնան Արցախի հիմնախնդրի մեջ մեր գոյապայքարում. քանդակագործ

Մեր ականջները չպիտի քնեն, մեր սրտերը չպիտի կանգնեն, ու մեր բռուցքները չպիտի ափ դառնան Արցախի հիմնախնդրի մեջ մեր գոյապայքարում. քանդակագործ

Բաց նամակ բոլորին,

2020 թվականի պատերազմը և այն, ինչ կատարվում է այս օրերին, ընկճախտի ու ցավի մեջ է պահում համայն հայությանը: Օգոստոսի 25-ին հանձնում ենք Բերձորը:

Մենք անզորության պատճառով հայտնվել ենք մի իրավիճակում, երբ առավել քան ցավի ու մտահոգությունների մեջ ենք:

Մենք հայտնվել ենք մի իրականության մեջ, երբ անվերջ ու մտովի Եռաբլուրում ենք ու  Ծիծեռնակաբերդում՝ մեր նահատակված պապերի հիշատակի կողքին:

Հայ ազգի սերուցքն անելանելի վիճակում է, քանի որ կտոր առ կտոր քերթում են իր տարիների վաստակն ու հաղթանակը: Եվ դա արվում է առաձնակի դաժանությամբ ու թիրախավորելով հանրային գիտակցությունը:

Դա ունի իր պատճառները, և վերջինները մեզ ուղեկցել են 3-րդ հանրապետության ողջ ընթացքում:

Մենք հայտնվել ենք կառավարելի քաոսի մեջ, և ինչքան էլ ծանր լինի դա խոստովանելը, ունենք մեր մեղքի՝ ոչ փոքր բաժինը:

Այսօր փորձում ենք մեր մեծ նավի մի ճեղքը փակել, ստանում ենք երկուսը հաջորդ առավոտյան:

Եվ դա շարունակվում է արդեն 4 տարի ու այդ չորս տարվա մեջ միշտ շնչելով ու վեր լողալով՝ ավելի խորն ենք սուզվում և չենք արտաշնչել:

Սակայն այս ամենի մեջ մենք չպիտի մոռանանք, որ կան հիշատակի օրեր ու հիշատակի հուշակոթողներ, որոնք ազգերն ու երկրները սարքում են իրենք իրենց մոռացության չմատնելու համար:

Մենք այդպիսի հուշակոթող ունենք և ամեն տարի ապրիլի 24 ին գլխահակ գնում ենք հարգանքի տուրք մատուցելու մեր սրբացյալ նախնիներին:

2020 թվականի պատերազմը կամ 3-րդ հանրապետության վերջնարդյունքը մեզ չպիտի տանի դեպի նոր Ծիծեռնակաբերդ կամ ընդլայնի Եռաբլուրի ու քաղաքային պանթեոնների տարածքը:

Ուստի առաջարկում եմ.

— Ամեն տարի նոյեմբերի 9-ին ի նշան մեր պահանջի ավտոերթ անել ՀՀ բոլոր բնակավայրերում:

— Հնչեցնել բոլոր եկեղեցիների զանգերը ի պահանջ վերը հայտարարվածի

— Այս տարվանից՝ օգոստոսի 25-ին՝ ՀՀ և Արցախի միացման հայկական հատվածում իրականացնել պահանջի միտինգ, որին կնախորդի ավտոերթը:

Մեր ականջները չպիտի քնեն: Մեր սրտերը չպիտի կանգնեն ու մեր բռուցքները չպիտի ափ դառնան Արցախի հիմնախնդրի մեջ մեր գոյապայքարում:

Սա վերջը չէ, ու քանի դեռ մեկ հայի սիրտ է բաբախում, մենք պահանջատեր ենք ու ծնելու ենք պահանջատեր զավակներ ու թոռներ:

Մենք հայտնի Անի երգի  տեղը Բերձոր չենք երգելու և Բերձորը տեսնելուց հետո ապրելու ենք:

Մենք՝ որպես իրադարձությունների ներկա և ժամանակակից, իրավունք չունենք այլ բան անելու, քանի որ մեր սերունդները մեզ կնզովեն:

Կոչ եմ անում  բոլորին: Պատկան մարմիններին, Հայ Առաքելական եկեղեցուն, Ընդդիմադիր Խորհրդարանական դաշինքներին, Հասարակական կազմակերպություններին, Հեղինակավոր անհատներին ու մեր բոլոր-բոլոր քույրերին ու եղբայներին:

Մեզ դրա համար չեն ծնել, որ լույս աչքով երկիր ու շեն բախշենք՝ մեզ ծաղրող, մեր ննջեցյալներին դիվադարար անող,  մեր զավակներին մորթող թշնամուն:

Եվ հանուն վաղվա օրվա մենք գտնելու ենք մեզ ու կրկին դառնանք բռունցք արած պայքարող:

Նամակը բաց է միացողների  համար: կրկնօրինակեք, ավելացրեք ձեր անունը ու տարածեք:

Քանդակագործ ՝ Արթուր Գևորգյան

1