«Մենք ունենք որոշակի իրավունքներ՝ մեր բնիկ տարածքում, մեր պապենական հողում ունենալ մեր պետությունը». Վահրամ Բալայան

Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է, որ Հայաստանի հետ Խաղաղության պայմանագրի կետերի մեծ մասի շուրջ եկել են համաձայնության։ Նա չի մանրամասնել, սակայն ասել է, որ դեռևս կան շատ կարևոր կետեր, որոնց շուրջ երկուստեք չկա համաձայնություն։
Հայկական կողմից Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մակարդակով բազմիցս նշվել է, որ Խաղաղության պայմանագրում չկա հայ գերիների ու պատանդների, Արցախի ու արցախահայության հարց, այն վերաբերում է միայն ու միայն Հայաստանի, ինչպես Նիկոլ Փաշինյանն է մշտապես նշում՝ 29.743 քկմ տարածքին։
Տարբեր փորձագետներ՝ թե՛ Արցախից, թե՛ Հայաստանից, մատնանշում են՝ Արցախը, որը ՀՀ անբաժան մասն է, չի կարող Խաղաղության պայմանագրով հավերժ օտարվել Հայաստանից։
Արցախի ԱԺ նախկին փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանի խոսքով՝ խաղաղության պայմանագրում պետք է անպայման ներառված լիներ Արցախի, գերիների ու պատանդների, նաև՝ արցախահայերի վերադարձի հարցը։
«Սա մտահոգիչ է։ Ադրբեջանը սկզբում նման պահանջ էր ներկայացրել, որ Հայաստանը պետք է հրաժարվի Արցախից, ՀՀ օրվա իշխանությունն էլ կատարեց այդ պահանջը՝ հայտարարելով, որ ճանաչում են Արցախն Ադրբեջանի կազմում։ Բայց պարզ էր, որ սրանով Ադրբեջանը չի բավարարվելու։
Այդուհանդերձ, Ադրբեջանն էլ է գիտակցում, որ անկախ նրանից, թե ՀՀ օրվա իշխանությունն ինչ կասի, Արցախը Խորհրդային Միության կազմում գոյություն ունեցած որոշակի կարգավիճակով միավոր է եղել, ընդ որում՝ երկու միավոր են եղել, մեկը՝ կարգավիճակով մի քիչ բարձր (խոսք վերաբերում է Հայաստանին), մյուսը՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզին»,- նշեց Վահրամ Բալայանը։