Մենք պետք է լինենք ոչ թե Արցախի կողքին, այլ Արցախում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Մենք պետք է լինենք ոչ թե Արցախի կողքին, այլ Արցախում

Մենք պետք է լինենք ոչ թե Արցախի կողքին, այլ Արցախում

Սեպտեմբերի 19-ին  «Պարկ հոթել Արցախ» հյուրանոցում տեղի է ունեցել «Մարաշլյան» Photo Atelier-ի բացումը։

«Մարաշլյան» Photo Atelier -ի հիմնադիր, լուսանկարիչ Էմմա Մարաշլյանի հետ «Ապառաժ»-ը զրուցել է  նորաբաց ֆոտոստուդիայի,  ներկա իրավիճակում ազգային մշակույթի պահպանման ու տարածման անհրաժեշտության և նրա անձնական հաջողությունների մասին։

Մասնագիտությամբ դուք դեղագետ-տեխնոլոգ եք: Ինչպե՞ս ընտրեցիք ձեր երկրորդ մասնագիտությունը, և ո՞րն է Ձեր հաջողության գաղտնիքը:

-Ես առաջին մասնագիտությամբ դեղագետ-տեխնոլոգ եմ, ավարտել եմ բժշկական համալսարան, և ինչպես յուրաքանչյուր անձ, այնպես և ես ունեի  հոգևոր սննդի կարիք, որն իմ պարագայում լուսանկարչությունն էր։ Այն ինձ համար հոբբի էր, և երբեք չեմ մտածել, որ այն կդառնա իմ մասնագիտությունը։

Երբ 2010թ. եկանք Հայաստան և 2013թ. հիմնեցինք ստուդիան, ես որոշեցի, որ այլևս իմ հիմնական մասնագիտությամբ չեմ զբաղվելու, չնայած, որ միշտ համեմատականներ եմ անցկացնում, որ  նույն գործն եմ անում՝ մի դեպքում աշխատելով նրանց ֆիզիկական մարմինների, մյուս դեպքում՝ նրանց հոգիների հետ։ Լուսանկարչությամբ մարդկանց հոգին ենք բուժում։

Յուրաքանչյուրս պետք է ունենանք նպատակներ, մեր առջև դնենք խնդիրներ, լինենք աշխատասեր, շատ սիրենք մեր գործն ու ունենանք ներքին համոզմունք նպատակին հասնելու հարցում, և Աստծո օրհնությամբ կհասնենք հաջողության։

-Արցախում այժմ գործում է «Մարաշլյան»  ֆոտոստուդիան: Ինչպե՞ս Ձեզ մոտ ծագեց Արցախում ստուդիայի բացման գաղափարը և ո՞րն էր նպատակը:

-Այս գաղափարը մենք միշտ ենք ունեցել։ Տարիներ առաջ, երբ քայլում էի Շուշիում, փողոցներից մեկում տեսա վրձինով նկարված Մարաշլյանի նկարներից, ու ցանկություն առաջացավ ֆոտոստուդիան բացել Շուշիում։ Սակայն այս գաղափարը այդպես էլ չհասցրինք իրականություն դարձնել։ Հետագայում՝ 2020թ. պատերազմի ընթացքում, երբ մեր ամբողջ թիմն աշխատում էր Արցախից եկած երեխաների հետ, իրենց հետ ընկերություն էինք անում, լուսանկարում էինք և այնքան էինք մտերմացել, որ պատերազմից հետո նամակագրության մեջ մտան մեզ  հետ և բոլորը ցանկություն հայտնեցին, որ մենք Արցախում լինենք։

Այլևս չուզեցի ոչ մի վայրկյան հապաղել, և որոշեցի ֆոտոստուդիա բացել նաև Արցախում։ Ես հասկացա, որ սա ինքնանպատակ է, և եթե մենք ասում ենք, որ պետք է լինենք Արցախի կողքին, ապա ես համարում եմ, որ մենք պետք է լինենք ոչ թե Արցախի կողքին, այլ Արցախում։

Այնպես է ստացվել, որ երբ ես Արցախ էի գալիս, մնում էի «Պարկ հոթել Արցախ» հյուրանոցում, որն իր տեսակով, կոլորիտով միակն է Ստեփանակերտում, որ պատմական հոգի ունի։ Ընկերանալով հյուրանոցի տնօրեն Արմեն Իշխանյանի հետ, քննարկումների արդյունքում որոշեցինք հիմնել ֆոտոստուդիան։ Նա էլ հենց աջակցել է ֆոտոստուդիայի բացմանը։

Ես ինքս ինձ ասում եմ, որ մեզնից յուրաքանչյուրը մեղավորության իր չափաբաժինն ունի այսօրվա ստեղծված իրավիճակի համար։ Ֆոտոստուդիայի նպատակը ազգայինի քարոզչությունն է, ինչպես նաև հայկական ընտանեկան լուսանկարչության ավանդույթի վերականգնումը, երբ մի լուսանկարի մեջ մի քանի սերունդ էր ներկայացվում, որն ուղղակի հրաշք է։

Ֆոտոստուդիան և մեր թիմը մեծ աշխատանք են կատարում՝ վերականգնելով ազգային հագուստը, որն այս դեպքում Արցախի տարազն էր։ Ստուդիան ևս մի քանի նախագծեր կիրականացնի կրթական ծրագրերի տեսքով՝ ուուցողական իմաստով՝ լուսանկարչություն կամ տարազագիտություն, այն, ինչ հաճելի կլինի երեխաներին։

Ո՞ր շրջանի տարազներն են ներկայացված ստուդիայում։

-Այս պահին տարածաշրջանային առումով ընտրել ենք հենց Արցախի տարազները՝ նպատակ ունենալով առաջինը  խոսել Արցախի տարազների մասին։ Սակայն նպատակ ունենք հետագայում նախասիրության առկայության դեպքում ներկայացնել նաև մեր տարածաշրջանին վերաբերող այլ տարազներ։
Մենք նպատակ ունենք նաև օրակարգ բերել հայկական ավանդական տարազներով  հարսանիքները, և գուցե հարսանեկան տարազներ էլ բերենք ապագայում։

Ի՞նչ եք կարծում, լուսանկարվելու հանդեպ սեր ունե՞ն արցախցիները։

-Մեր  ստուդիայում շատ-շատ ենք ունեցել արցախից ընտանիքներ։ 2013թ. երբ ես հիմնեցի ստուդիան, իմ առաջին մեծ ընտանիքը եղել է Արցախից, ու ես հիշում եմ իմ հուզմունքը նրանց նկարելու ժամանակ։ Սա նաև ինձ համար ազատության, ուժի խորհրդանիշ է։

Պատերազմի ժամանակ, երբ մենք աշխատում էինք երեխաների հետ, նրանց ոգևորությունը, նրանց անկոտրում ոգին, հայացքը ոգևորում էին մեզ։ Երբ լուսանկարելու ժամանակ նրանց հստակ կանգնելու դիրք էի ցույց տալիս և գնում էի լուսանկարելու, նրանք մնում էին նույն դիրքով. զարմանում ու մտածում էի՝ ինչպիսի զինվորական ոգի ունեն՝ ինչպես կանգնեցրի, այնպես էլ մնացին։

Կա կարծիք, որ Արցախում մշակութային ինքնությունն ու ազգային արժեքները ավելի լավ են պահպանվել, քան այլ մարզերում։ Համաձա՞յն եք այդ մտքի հետ։

-Մասամբ համաձայն եմ։ Այն հենց նկատելի է տարազների վրա, քանի որ արցախյան տարազները իրենց տեսակով ու յուրօրինակությամբ մաքուր են մնացել, չեն ենթարկվել որևէ ազդեցության։ Առ այսօր կան տատիկներ՝ այաներ, որոնք կրում են այդ տարազները։

Եթե արցախյան տարազների վրա քիչ են ասեղնագործությունները, դա  դեռ չի նշանակում, որ արցախցի կանայք չէին կարողանում ասեղնագործել։ Եթե համեմատենք, օրինակ, Արևմտյան Հայաստանի տարազների հետ, որտեղ ավելի խիտ էին ասեղնագործությունները,ապա արցախյան տարազների վրա ավելի շատ զարդերն էին գերակշռում, որոնք սիմվոլիզմի առումով «աչքից հեռու» պահելու իմաստն են կրել։

Այսօր մեր մշակույթը, մեր ազգային արժեքները տարաբնույթ հարվածների են ենթարկվում։ Ինչպե՞ս կարող ենք հակազդել այդ ամենին։

-Մենք, ցավոք սրտի, չունենք պետականամետ մտածելակերպ, և այն, ինչ անում եմ ես և իմ թիմը, պետք է արվի նաև պետական մակարդակով։ Ես չեմ կարող բացատրություն տալ այն հանգամանքին, թե ինչու չի արվում դա, սակայն, եթե համեմատենք այլ պետությունների հետ, օրինակ՝ Ուկրաինայում և Վրաստանում կան հատուկ օրեր, երբ պետական համակարգի աշխատողները պարտավոր են աշխատանքի ներկայանալ ազգային հագուստի տարրերով։ Մենք՝ անհատներս, փորձում ենք, սակայն դա շատ քիչ է, եթե չի աջակցում պետությունը։ Ամեն դեպքում, մենք՝ անհատներս ենք փորձելու պահպանել մեր ազգային մշակույթը։

Ինչպե՞ս պետք է պահպանենք այն, ինչ-որ մեր ազգայինն է։

­-Պետք է լինենք մեր արժեքների սեփականատերը, մենք պետք է զարգացնենք մեր մեջ սեփականատիրոջ զգացումը։ Այսօր մենք պատասխանատվության զգացում էլ ունենք, որը շերտավորվել է արդեն։ Մենք պետք է հասկանանք, որ ոչ միայն մշակույթն է մերը, այլև մեր հողերը, մեր լեզուն, որը ոչ ոքի զիջել չենք կարող։

Ե՞րբ եք առաջին անգամ այցելել Արցախ, և ի՞նչ զգացիք պատերազմից հետո՝ առաջին անգամ Արցախ գալով։

­- Ես Արցախում եմ 2007-ից։ Եղել ենք Մատաղիսում, Ջրականում, Թալիշում՝ տարբեր բարեգործական ծրագրերով։

Ես եթե չլինեի Արցախում, շատ ծանր կտանեի։ Մարդիկ տարբեր են. կան մարդիկ, որոնք պատերազմից հետո վախեր են ձեռք բերել և չեն կարողանում գալ Արցախ, իսկ ես ուզում էի մեկ անգամ ևս այստեղից զգալ այդ ցավը, գուցե այդպես հանգստանայի։ Փետրվարին, երբ եկանք Արցախ, լինելով թուրքի գնդակից մի քանի մետր հեռավորության վրա՝ ես չէի ուզում հետ վերադառնալ Երևան, և ամեն անգամ գալիս եմ, չեմ ուզում վերադառնալ։ Այսօր իմ տպավորությունն այն է, որ մենք Արցախին պետք ենք, և բոլորս պետք է լինենք այստեղ.  մեղավորության զգացում ունեմ Արցախում տեղի ունեցածի համար, և ուզում եմ՝ բոլորն ունենան մեղավորության այդ զգացումը։

-Շատ քչերն են համարձակվում պատերազմից հետո Արցախում իրենց գործունեությունն սկսել: Կարծում եք՝ այն վարակիչ  կլինի՞:

-Ամեն դեպքում, այսօր այստեղ գտնվելը պետք է օրինակ ծառայի մնացած թե՛ մշակութային, թե՛ բիզնես ոլորտի կազմակերպությունների համար, որպեսզի Արցախին կողքից չնայեն, այլ լինեն Արցախում, որովհետև սա մեր երկիրն է, մենք ոչ մեկին տալու ոչ մի բան չունենք, հակառակը՝ պետք է ետ բերենք այն հողերը, որոնք այսօր օկուպացված են։

Վահագն Խաչատրյան

1