Վերջին շրջանում նշանակվում են դիվանագիտական փորձ չունեցող դեսպաններ
Գլխավոր » Լրահոս » Վերջին շրջանում նշանակվում են դիվանագիտական փորձ չունեցող դեսպաններ

Վերջին շրջանում նշանակվում են դիվանագիտական փորձ չունեցող դեսպաններ

Մարտի 9-11-ը Արցախում էր ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը՝ ՀՅԴ Հունաստանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Հռիփսիմե Հարությունյանի և ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանի ուղեկցությամբ: Այցի ընթացքում կայացել են հանդիպումներ ՀՅԴ Արցախի ԿԿ անդամների, ՀՅԴ Հայ դատի Արցախի գրասենյակի ներկայացուցիչների, պետական այրերի, ինչպես նաև ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակում փորձուսուցում անցած մի խումբ երիտասարդների հետ:

«Բավական երկար ժամանակ Արցախ չէի այցելել և եկա, որպեսզի տեղում տեսնեմ կացությունը, խորհրդակցություններ ունենամ պետական պատասխանատուների հետ, Արցախին օգտակար լինելու նոր հնարավորությունները քննարկենք: Գոհ եմ այցելությունից, որովհետև իմացա բաներ, որոնք առանց այստեղ լինելու չէի իմանա: Անկեղծ խոսակցություն ունեցա բոլորի հետ»,- «Ապառաժ»-ի հետ զրույցում այցի մասին պատմում է Գասպար Կարապետյանը: Նախքան վերջին պատերազմը ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը տարին մի քանի անգամ քաղաքական ու հասարակական գործիչների, լրագրողների այցելություններ էր կազմակերպում դեպի Արցախ: Գասպար Կարապետյանի խոսքով՝ պատերազմից հետո դժվարացել է կացությունը, և պետք է հասկանալ նոր իրավիճակում արդյունավետ գործելու ուղիները:

Գասպար Կարապետյանը նախ խոսել է մարտի 10-ին Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) հրատապ ընթացակարգով և ճնշող մեծամասնությամբ Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ բանաձեւի ընդունման մասին։ Նա շեշտում է, որ վերջին ամիսներին Եվրապատգամավորների հետ տարվող անդադրում և նպատակաուղղված իրազեկման աշխատանքը թե՛ Բրյուսելում ՀՀ դեսպանատան, թե՛ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի կողմից տվեցին իրենց արդյունքը։ Դրան նպաստեց նաև Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանի այցը Բրյուսել, Եվրախորհրդարանում փետրվար ամսին Արցախի հետ բարեկամության խմբի վերակազմումը, ինչպես նաև հունվարին ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի այցը Բրյուսել։

«Եվրոպական խորհրդարանը խստորեն դատապարտում է Ադրբեջանում պետական մակարդակով տարվող հայատյաց քաղաքականությունը։ Սա կարևոր լծակ է Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու և այդ երկրի բարբարոսական քաղաքականության վերաբերյալ բարձրաձայնելու համար»,- նշում է Գասպար Կարապետյանը։

Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որ բանաձևը բոլոր քաղաքական խմբերի մասնակցությամբ անցավ: «Հաջորդ քայլը Ադրբեջանի վերջին սադրանքների մասին բարձրաձայնելը պետք է լինի: Գազի, հոսանքի, կապի հետ կապված խնդիրները, Խրամորթի ու սահմանամերձ այլ գյուղերի ահաբեկումը փաստերով ցույց են տալիս, թե որքան անմարդկային է Ադրբեջանի վերաբերմունքը: Կան քաղաքական գործիչներ, ովքեր դյուրազգաց են այդպիսի հարցերի նկատմամբ և նրանք էլ տրամադիր են օժանդակել Արցախին և Ադրբեջանին կարգի հրավիրել»,- ասում է Գ. Կարապետյանը:

«Մենք պետք է ցույց տանք, որ քանի Արցախի հարցը չի լուծվել, իսկ լուծվել ասելով՝ ի նկատի ունեմ Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման հարգումը, այս կացությունը շարունակվելու է: Սրանք մեր տեսակետը հիմնավորելու փաստեր են: Այսօր Ադրբեջանը մեծամտություն ունի՝ մտածելու, թե Արցախի հարցը վերջացավ: Դա այդպես չէ»,- նշում է գրասենյակի նախագահը: Նա անդրադարձել է նաև հայոց պետականության գոյության գործում Արցախի դերին. «Արցախը մեր անբաժանելի մասն է,  և եթե այն հայաթափվի, Սյունիքը ու այնուհետև Հայաստանն ամբողջությամբ եթե չհայաթափվի էլ, Ադրբեջանի և Թուրքիայի ձեռքին կուլ է գնալու: Դրա համար շատ կարևոր է երկու հանրապետությունների՝ ՀՀ և ԱՀ ղեկավարների, գերատեսչությունների սերտ գործակցությունը, միահամուռ աշխատանքը»:

Հայ դատի ասպարեզում 50 տարուց ավելի գործունեություն ծավալած գործչին մտահոգում է ՀՀ արտաքին քաղաքականության ասպարեզում տիրող իրավիճակը:

«Կարևոր է, որ մենք տարբեր երկրներում ՀՀ ունեցած դիվանագիտական ներկայացուցչությունների հետ լավ հարաբերություններ ունենանք՝ ի շահ մեր ժողովրդի: Բայց, դժբախտաբար, վերջին շրջանում ՀՀ իշխանությունների կողմից նշանակվում են դեսպաններ, որոնք ոչ դիվանագիտական փորձառություն ունեն, ոչ համապատասխան հմտություններ: Սա վտանգավոր քաղաքականություն է: Այս դժվարին օրերին  արտաքին գործերի նախարարությունում պետք է տեղ ունենան մեր փորձառու դիվանագետները: Այս առիթով կոչ եմ անում ՀՀ իշխանություններին վերանայել այս քաղաքականությունը: Ոճիր է այս պահին մեր դիվանագետներին չներգրավելը: Չեմ կարող ասել՝ ՔՊ-ի կողմից նշանակվող մարդիկ լավն են կամ վատն են, իմ հարցը սկզբունքային է: Ես իմ կյանքի մեծ մասը տվել եմ հայ ժողովրդի, հայ դատի շահերի պաշտպանությանը, և անձնական շահ կամ ակնկալիք չունեմ: Իմ մտահոգությունն ազգի ապագան է»,- ասում է փորձառու ազգային գործիչը:

Տաթևիկ Աղաջանյան

1