Մենք պայքարում ենք մեր կյանքի, ազատության համար
Գլխավոր » Լրահոս » Մենք պայքարում ենք մեր կյանքի, ազատության համար

Մենք պայքարում ենք մեր կյանքի, ազատության համար

Արցախում կայացած բազմահազարանոց հանրահավաքում ելույթ է ունեցել ԱՀ պետական նախարար Ռուբեն Վարդանյանը․

«Ես հպարտ ու շնորհակալ եմ, որ ձեզ հետ այստեղ եմ գտնվում, դուք ինձ հիացնում եք։ Մի պատմություն եմ ուզում պատմել։ Մոտիկ ընկերս հաճախ զանգում և հարցնում է՝ Ռուբե՛ն, ո՞նց ես, ասում եմ՝ դու չես պատկերացնում՝ ես երջանիկ մարդ եմ։ Ասում է՝ ես ամեն անգամ քեզ զանգելուց վատ եմ զգում, դու ասում ես երջանիկ եմ։ Այո՛, ես երջանիկ եմ իմ հայրենիքում, որովհետև իմ ժողովրդի հետ պաշտպանում ենք մեր արժանապատվությունը, մեր ապագան։ Ասում է՝ ես հասկացա ՝մենք ենք բլոկադայում, ոչ թե դուք։

Ես 20 տարի շարունակ գալիս էի Արցախ, վերջին 52 օրը պետնախարար եմ և վերջին 14 օրը կատարում եմ օպերատիվ շտաբի ղեկավարի պաշտոնը։ Ասեմ ձեզ՝ ես իսկապես հպարտության ու հարգանքի զգացում ունեմ, որ դժվարությունների մեջ ապրող մարդիկ ասում են՝ պատրաստ ենք պայքարի, եթե գիտենք, որ կարող ենք հավատալ մեր առաջնորդներին, պատրաստ են ամեն ինչի դիմանալ։

Ես 1980-90-ական թվականներին այստեղ չեմ եղել, բայց վերջին երկու շաբաթը զգում եմ՝ ոնց որ պատմությունը կրկնվում է։ Հետաքրքիր է՝ ոնց է կյանքը կրկնվում, ինչպես ենք հավատում, որ բոլորս նույն պայմաններում ենք ապրելու։ Եթե դա չլինի, 100 տոկոս պարտվելու ենք, որովհետև մեզանից է գալու այդ թուլությունը, ոչ թե մեր թշնամուց։

35 տարի է, ինչ մենք սկսել ենք մեր պայքարը։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ հաջորդ սերունդը այս պայքարը տեսնի հաջողությամբ պսակված։ Մենք դրա համար հազարավոր զոհեր ենք տվել, շատ դժվարություններ ենք տեսել, որ ունենանք անկախ և երջանիկ Արցախ։

Շատ աշխատանք ենք տանում, շատերդ դա չեք տեսնում, ու ձեզ թվում է, թե մենք ինչ-որ բան չենք նկատում։ Հավատացեք, ամեն օր առավոտյան ժամը 7-ից մինչև գիշերվա ժամը 2-ը աշխատում ենք, որ հաղթահարենք այս դժվարությունը։ Մենք պետք է ստեղծենք նոր իրավիճակ, որպեսզի բոլորս հավատանք, որ արդար երկրում ենք  ապրում։ այդ «էկոակտիվիստներին» ուղարկած հարևան պետությունը պետք է մեզնից օրինակ վերցնի, մենք իրենց սովորեցնելու ենք ինչպես ապրել։ Նրանք չեն հասկանում՝ ում հետ են շփվում։

Մենք գիտենք, որ շատ սխալներ ենք արել, որ ունեցել ենք շատ վրիպումներ։ Վրիպումներ ենք ունեցել տարբեր պատճառներով՝ և՛ փողն է մեզ քայքայել, և՝ ընդհանուր վիճակն է աշխարհում այնպիսին, որ մեր խորքային ուժ հանդիսացող արժեքները, ավանդույթները արժեզրկվել են։ 30 տարվա ընթացքում մեր շուրջ աշխարհը փոխվել է, որը մենք պատրաստ չենք եղել ընդունել։ Ես վստահ եմ՝ այս դասը մենք քաղել ենք ու մեր մեջ ուժ կգտնենք ու կգնանք նոր ճանապարհով։ Արված գործը ջուրը չի ընկել, ուղղակի պետք է մեր մեջ ուժ գտնենք ու շարժվենք առաջ։ Մենք բոլորս մի նավի մեջ ենք, ուստի շատ կարևոր է, որ իրար հավատանք ու հարգենք մեր պետությունը. մեր ամենամեծ ուժը մեր պետությունն է։ Հնարավոր է՝ այդ պետությունը մեր պատկերացրածը չէ, երազածը չէ, բայց ունենալով Ազգային ժողով, սահմանադրություն, պետություն, անվտանգության  խորհուրդ, հասարակական կազմակերպություններ, սա է մեր ուժը։ Մենք ոչ թե ուղղակի անկախ ենք, այլ մի հասարակություն ենք, որը գիտի, թե ինչ է նշանակում ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, մարդուն հարգելը։ Ինչքան քեզ սեղմում են, կամ դու ուժեղանում ու հետ ես հրում կամ փախչում ես։ Մենք փախչելու իրավունք չունենք, մենք պետք է ընդդիմանանք, մեր ուժը դեմ տանք։

Գիտեմ մի բան․ արդարությունը սկսվում է քեզանից։ Բոլորին թվում է թե մյուսները պետք է օրենքով ապրեն, ինքը՝ ոչ; Եկեք ամենքս ինձանից սկսած օրինակ դառնանք։ Ղեկավարը պաշտոն չէ, այլ մարդ է, որ երկրի մարդկանց հնարավորություն է տալիս զգալու, որ կա կառավարություն, որն ապահովում է իր անվտանգությունը, իր իրավունքները, հնարավորությունները։ Ղեկավարը ղեկավարելու համար չէ, այլ երջանիկ, հարուստ ապրելու պայմաններ ստեղծելու համար։

Արցախը արմատն է ողջ հայկական աշխարհի։ Առանց չափազանցնելու՝ Արցախը աշխարհի արմատն է, որովհետև մենք եղել և դառնալու ենք օրինակ նոր վերածնունդի, նոր արժեքների և մեզ համար կարևոր ավանդույթների։ Այս ոգին ուրիշ տեղ չկա։ Հավատացեք մարդու, որ եղել է 120-ից ավելի երկրներում, Արցախը աշխարհի ամենասքանչելի տեղն է՝ չնայած այս դժվարություններին։

Մենք ամեն ինչ պետք է անենք հարգանքը վերադարձնելու համար, առաջինը հարգանքը դեպի ինքնդ քեզ։ Մենք պետք է վերականգնենք հարգանքը դեպի ուսուցիչ, դեպի բժիշկ, դեպի զինվոր։ Եթե մենք չկարողանանք դա անել, չենք ունենա առողջ հասարակություն։ Մենք անպայման պետք է վերադարձնենք հարգանքն աշխատանքի նկատմամբ։ Աշխատող մարդը պետք է հարգված լինի, ոչ թե գործ կպցնողը։ Մենք պետք է հարգենք գիտելիքը, որովհետև առանց գիտելիքի 21-րդ դարում մենք ոչ մի բան չենք կարող ներկայացնել։ Դիպլոմ պետք չէ, գիտելիք է պետք, որով մենք մրցունակ կլինենք։  

Երեք ճանապարհ ունենք։ Մեկը՝ ենթարկվում ենք, կամաց-կամաց ինտեգրվում Ադրբեջանին, երկրորդը՝ այստեղից դուրս ենք գալիս, երրորդը՝ պայքարում ենք։ Ես իմ որոշումը կայացրել եմ սեպտեմբերի 2-ին՝ ես այստեղ եմ, ես պայքարում եմ, ես այստեղից չեմ գնալու ու չեմ ենթարկվելու Ադրբեջանի պայմաններին։ Իմ գիտելիքը, իմ անունը, իմ կապերը, իմ ունեցվածքը, ամեն ինչ տալու եմ Արցախի անկախության, հաջողության ճանապարհին։ Ուրիշ ձև չկա։ Եկեք հրաշքի չսպասենք, հրաշք չի լինելու, մեզ շատ ծանր ճանապարհ է սպասվում։ Այդ ճանապարհով մենք իրար հետ ենք անցնելու՝ և՛ քրտինք է լինելու, և՛ արյուն է թափվելու, և՛ շատ աշխատանք է պահանջվելու։ Բայց եթե մեր մեջ զգանք, որ իրար հավատում ենք, որ մենք գիտենք մեր նպատակը, որ անկախ Արցախը մեզ համար ամենակարևորն է, և մեր հողի վրա ապրելը մեր կյանքի իմաստն է, ես վստահ եմ՝ ոչ թե միայն մենք, այլ աշխարհն է զգալու, ոչ թե միայն աշխարհն է մեզ օգնելու, մենք ենք աշխարհին օգնելու՝ մեր օրինակով։

Անտարբերությունն ամենացավալի հիվանդությունն է, անտարբերությունն է մեզ սպանելու ոչ միայն Արցախում, այլև հայկական աշխարհում։ Մարդիկ վիրավորվել են իմ խոսքերից, բայց ես ճիշտ եմ ասել, 30000 երեխաների պատկերը դուք ամեն գիշեր տեսնելու եք, եթե ոչինչ չանեք, այդ մեղքը ձեր վրա է մնալու։ Բայց ես գիտեմ, որ մարդիկ անտարբեր չեն, ուզում եմ շնորհակալություն հայտնել տարբեր երկրներում ապրող այն մարդկանց, որոնք ամեն ձևով աջակցում են մեզ։ Արցախի անունը հիմա հնչել է ավելի շատ, քան վերջին 20 տարվա ընթացքում։ Արցախի անունը հնչում է ՄԱԿ-ում, միջազգային դատարանում։ Մենք պայքարում ենք մեր կյանքի, ազատագրության համար։

Իմ առաջին հանդիպումներից մեկի ժամանակ տղաներից մեկի խոսքն ինձ վրա շատ ազդեց․ ասաց՝ ինձ համար մեծ պատիվ է  իմ կյանքը զոհել Արցախի համար, բայց ավելի մեծ պատիվ է Արցախում ապրելը։ Կեցցե՛ ազատ, անկախ, երջանիկ Արցախը»։

1