Մենք պահանջատեր ենք. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ջահերթ՝ Ասկերան քաղաքում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Մենք պահանջատեր ենք. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ջահերթ՝ Ասկերան քաղաքում

Մենք պահանջատեր ենք. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ջահերթ՝ Ասկերան քաղաքում

Ապրիլի 23-ին Ասկերանում տեղի ունեցավ պահանջատիրական ջահերթ: Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանի գլխավորությամբ վարչակազմի պատասխանատուները, ուժային կառույցների, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարները, աշխատողները, Ասկերանի, Նորագյուղի, Իվանյանի, Խնապատի, Նախիջևանիկի միջնակարգ դպրոցների աշակերտները դպրոցների տնօրենների և համայնքների ղեկավարների հետ հավաքվել էին Ասկերանի բերդի մատույցներում:

Պահանջատիրական մշտարթուն ոգով նրանք դատապարտում են տարբեր ժամանակներում հայերի դեմ իրականացված բոլոր ոճրագործությունները և լցված են եղեռնագործությունը դատապարտող ու ցեղասպանությունը ճանաչելու պահանջով: Ջահերթի մասնակիցները կոչ են անում համայն աշխարհին, որ անտարբեր չմնան մեր ժողովրդի ցավին և դատապարտեն այն ոճրագործությունը, որ տեղի է ունեցել ու շարունակում է տեղի ունենալ:


Ջահերթի մասնակիցները Ասկերանի Սուրբ Աստվածածին եկեղեցու խորանից բերված վառվող ջահերով, պահանջատիրական պաստառներով և կոչերով շարժվեցին դեպի Արցախյան պատերազմներում նահատակված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշահամալիր: Մեկնարկն սկսվեց Տերունական աղոթքով։


Ջահերը և մոմերը տեղադրվեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանին՝ ի հիշատակ Եղեռնի անմեղ զոհերի: Երթի մասնակիցները լցված են անխախտ որոշմամբ. հայը ապրել ու ապրելու է Արցախում, նա երբեք չի դադարելու աշխարհին ներկայացնել իր արդար պահանջը, շարունակելու է պայքարել և հատուցում պահանջել: Երիտասարդ սերունդը քաջ գիտակցում է, որ լինելով համախմբված ու միասնական, հենվելով միայն իր սեփական ուժին, հայը կարող է հասնել վերջնական նպատակին: Աշխարհի ամեն մի անկյունում ապրող ոչ մի հայ չի կարող մոռանալ 107 տարի առաջ կատարված ոճրագործությունը: Միջոցառումն ավարտվեց Պահպանիչ աղոթքով։
Նախքան ջահերով երթի մեկնարկը՝ Ասկերանի Սուրբ Աստվածածին եկեղեցում հոգևոր հովիվ Տեր Մեսրոպ քահանա Մկրտչյանի ձեռամբ մատուցվել է բարեխոսական կարգ:

Ասկերանի Բերդ թերթ

1