Մենք նախընտրում ենք ապրել մեր հողում և ցանկանում ենք, որ ստեղծվեն այնպիսի պայմաններ, որ արտագաղթած մեր հայրենակիցները վերադառնան․ Սևակ Պետրոսյան
Գլխավոր » Լրահոս » Մենք նախընտրում ենք ապրել մեր հողում և ցանկանում ենք, որ ստեղծվեն այնպիսի պայմաններ, որ արտագաղթած մեր հայրենակիցները վերադառնան․ Սևակ Պետրոսյան

Մենք նախընտրում ենք ապրել մեր հողում և ցանկանում ենք, որ ստեղծվեն այնպիսի պայմաններ, որ արտագաղթած մեր հայրենակիցները վերադառնան․ Սևակ Պետրոսյան

Մինչև 2023-ի Արցախի հայաթափումն Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղում ապրում էր 47 ընտանիք։ Տեղահանությունից հետո՝ այս մեկուկես տարվա ընթացքում, 9 ընտանիք արտագաղթել է Ռուսաստանի Դաշնություն։ Համայնքի նախկին ղեկավար Սևակ Պետրոսյանի խոսքով՝ արտագաղթի հիմնական պատճառը սոցիալկենցաղային բնույթի է։ Կարծում է, որ առաջիկայում ևս սպասվում է մարդկանց արտահոսք։ Սևակ Պետրոսյանը մշտական կապ ունի համայնքի բնակչության հետ։

-Արցախից բռնի տեղահանվելուց հետո, ցավոք, մեր համագյուղացիներից շատերը չեն կարողանում հարմարվել ստեղծված իրավիճակի հետ։ Կանգնելով սոցիալական մի շարք խնդիրների առաջ՝ մարդիկ հուսահատության մեջ են հայտնվում և չգիտեն որտեղ ապրուստի միջոցներ փնտրել։ Տեղահանվելուց հետո, բացի Վայոց ձորի մարզից, մեր համագյուղացիները բնակություն են հաստատել Հայաստանի բոլոր մարզերում և Երևան քաղաքում։ Մարդիկ զբաղվում են շինարարությամբ, գյուղատնտեսական աշխատանքներով, ոմանք էլ աշխատում են որպես տաքսու վարորդ։ Կարելի է ասել, որ ոչ ոք մշտական աշխատանք չունի։

Երբ տեղահանվեցինք ու ապաստան գտանք Մայր Հայաստանում, չէինք կարծում, որ այսպիսի դժվարություններ ու խնդիրներ կլինեն։ Բնակարանային ապահովման ծրագիրն անհասանելի է մարդկանց համար, որովհետև նախատեսվող գումարներով ոչ մի տեղ հնարավոր չէ տուն ձեռք բերել, ինչպես նաև անհնարին է տան գումարը լրացնել հիպոթեքային վարկով։ Իսկ այն, որ ծրագրից օգտվելու համար կարևոր պայման է ՀՀ քաղաքացիություն ընդունելը, մարդկանց մոտ դժգոհություն է առաջացնում․ մի՞թե մենք ՀՀ քաղաքացի չենք։ Ոչ մեկը չի ցանկանում հրաժարվել 0-70 կոդից, որը համարում է իր ինքնության կոդը։ Ապրիլ ամսից 50 հազար դրամ աջակցության ծրագրի փոփոխությունը և՛ կսրի սոցիալական խնդիրները, և՛ խթան կհանդիսանա արցախցիների արտագաղթին։ Բոլորն են տեղյակ, թե Հայաստանում, առանձնապես՝ Երևան քաղաքում ու մերձակա բնակավայրերում ինչ աստղաբաշխական թվերի են հասնում վարձակալության տրվող տները։  Մեր համագյուղացիները, ովքեր հիմնականում արտագաղթել են ՌԴ-ի Ստավրոպոլի երկրամաս, տեղեկացնում են, որ այնտեղ գոնե հնարավոր է աշխատանք գտնել, տան վարձ տալ ու ընտանիք պահել։ Հայաստանում դա հնարավոր չէ, որովհետև նորմալ աշխատավարձով աշխատանք չես կարող գտնել, այն էլ մարզերում։

Մեր համագյուղացիներն ամբողջ կյանքում աշխատել են հողի հետ, ստեղծել ու իրենց ապրուստի միջոցները հայթայթել սեփական քրտինքով։ Այսօր էլ պատրաստ են նույնը անել Մայր Հայաստանում, եթե ՀՀ կառավարության կողմից ստեղծվեն հնարավորություններ, կյանքի կոչվեն գյուղատնտեսական ծրագրեր։ Մենք նախընտրում ենք ապրել մեր հողում և ցանկանում ենք, որ ստեղծվեն այնպիսի պայմաններ, որ ՌԴ արտագաղթած մեր հայրենակիցները վերադառնան,- ասում է Սևակ Պետրոսյանը։  

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

1