Մենք մեր գյուղն ենք ուզում. թաղավարդցիներ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Մենք մեր գյուղն ենք ուզում. թաղավարդցիներ

Մենք մեր գյուղն ենք ուզում. թաղավարդցիներ

Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքը 44-օրյա պատերազմից հետո կիսվել է երկու մասի: 7 կմ երկարությամբ տարածքում ձգվող գյուղի կեսը մնացել է փշալարերից այն կողմ: Մինչև պատերազմը գյուղն ուներ 1316  բնակիչ, այժմ 520 բնակիչ տեղահանված է:

«Ապառաժ»-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Օլեգ Հարությունյանը նշել է, որ  ներկայումս տեղահանված բնակիչների 80 տոկոսն ապրում է Ստեփանակերտում, 10 ընտանիք Մարտունիում, 8-ը՝ Խնածախում, 2-ը՝ Ճարտարում, 20-ը ՀՀ-ում, իսկ 5 ընտանիք արդեն տեղափոխվել է ՌԴ:

Հայկական ուժերի վերահսկողության տակ է մնացել Թաղավարդի «Կալեր» կոչվող հատվածը: Թաղավարդի երկու հատվածներում էլ կային գյուղապետարան, ակումբ, դպրոց ու բուժկետ: Այժմ գործում են «Կալեր» հատվածում  գտնվող կառույցները:

Համայնքի ղեկավարը հուսով է, որ այս մասնատված վիճակը ժամանակավոր է. խոստացել են գյուղը վերադարձնել:

«1915թ. Եղեռնը 2020թ. կրկնվել է Թաղավարդում: Ինչպես այն ժամանակ, հիմա էլ մեր հայրենակիցները հասել են այլ երկրներ: 140 տուն ենք թողել այնտեղ, ծրագիր կա նույնքան տներ կառուցել Կարմիր Շուկայում, բայց մենք մեր գյուղն ենք ուզում: Լրիվ հուսահատ վիճակում չենք, ապագային հույսով ենք նայում, որ կգնանք մեր գյուղը»,- ասել է Օ. Հարությունյանը:

Թաղավարդի 609 հա վարելահողից 120 հա է մնացել մեր վերահսկողության տակ, սակայն դրա միայն կեսն է մշակվել, քանի որ մյուս մասը չեզոք գոտում է:

Երեք կողմից թշնամու դիտարկման տակ գտնվող գյուղում 4 ընտանիք է տեղավորվել Հադրութից: Սակայն փոքր երեխաներ ունեցող ընտանիքները չեն համարձակվում դեռևս վերադառնալ, պարբերաբար տարբեր տրամաչափի զենքերից կրակոցներ են արձակվում:

Գյուղի բոլոր տները դիտարկվում են, նույնիսկ մի քանի տեղից: Թաղավարդցիները համոզված են, որ եթե թշնամու դիրքերը հեռացվեն, այստեղ հնարավոր կլինի բնականոն կյանքը վերականգնել:

Պատերազմի օրերին ավիահրթիռից հիմնովին ավերվել է գյուղի ներքևի հատվածում գտնվող մատուռը, 5 տուն այրվել է, 3-ը ավերվել: Իսկ կանգնուն մնացած մյուս բոլոր տները, կառույցները տարբեր չափով վնասվել են:

Մոտ 200 աշակերտ ուներ Թաղավարդը, «Կալերի» 8-ամյա դպրոցում այժմ սովորում է 15 աշակերտ:

Դպրոցի տնօրեն Մարգարիտա Սահակյանի խոսքով՝ փետրվարի 16-ից գործող դպրոց մեկ ամիս շարունակ ընդամենը երկու աշակերտ էր հաճախում: Նախկին 52 աշակերտից 15-ին են դասավանդում:

Ըստ նրա՝ պատերազմից անմիջապես հետո էր չափազանց դժվար, հիմա կենցաղային նվազագույն պայմանները ապահովված են:

Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ թաղավարդցիները բողոքի ակցիա էին իրականացրել ռուս խաղաղապահների տեղակայման վայրի մոտ՝ խնդրելով թույլատրել այցելել իրենց հարազատների գերեզմաններ: Գերեզմանոցը մնացել է նոր գծված սահմանագծից այն կողմ: Դրանից հետո ռուս գնդապետ է այցելել գյուղ, սակայն էական առաջընթաց չկա այդ գործում:

1