Մենք մեր անկախության իրավունքից, ինքնորոշման իրավունքից չենք շեղվելու
Արցախի Հանրապետության նախագահի գլխավորությամբ հրավիրվել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ։ Նախագահ Հարությունյանը ցավակցել է զոհված երեք ոստիկանների հարազատներին.
Նախ, իմ և Հանրապետության իշխանությունների անունից խորին վշտակցություն եմ հայտնում երեկվա ադրբեջանական հարձակման զոհ դարձած երեք ոստիկանների հարազատներին: Նրանց հիշատակը միշտ վառ կմնա մեր բոլորիս սրտերում:
Այսօր հրավիրել եմ Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ՝ Ազգային ժողովի քաղաքական ուժերի և շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ:
Անվտանգության խորհրդի անդամներին տեղեկացրել եմ, որ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով սույն թվականի փետրվարի 24-ին և մարտի 1-ին ադրբեջանական կողմի հետ հումանիտար և ենթակառուցվածքային հարցերի շուրջ կազմակերպված հանդիպումներն արդյունք չեն տվել: Ավելին, դրանից հետո ադրբեջանական կողմը իր խողովակներով փոխանցել է մեզ, որ կամ պետք է ընդունենք ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ առկա խնդիրներին որևէ լուծում չի լինելու, հակառակը՝ լինելու են ավելի կոշտ և կտրուկ քայլեր:
Մենք չենք ընդունել, չենք ընդունում, և այսօր ուզում եմ նորից հայտարարել՝ այն միայն Անվտանգության խորհրդի որոշում չէ, այլ մեր ժողովրդի գերակշիռ մեծամասնությունն ընդունում է, որ մենք մեր անկախության իրավունքից, ինքնորոշման իրավունքից չենք շեղվելու: