Մենք կորցրել ենք տուն, հող, գերեզմաններ, մշակութային բազմադարյա արժեքներ, բայց չենք կորցրել մեր արժանապատվությունը

Արցախի տեղահանությունից հետո, բազմաթիվ ընտանիքներ, Մայր Հայաստանում չկարողանալով հաղթահարել մի շարք խնդիրներ, բռնել են արտագաղթի ճանապարհը։ Այդ մարդկանց շարքին է պատկանում Ասկերանի շրջանի Խնածախի Արմեն Ավագյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Նելլի Սահակյանը։
Ինչո՞ւ․․․
-Կյանքիս ամենացավոտ հարցը և ամենաանկանխատեսելի իրողությունը, որում հայտնվել եմ ես…
Ոչ մի հայ, որ հոգով ու արյամբ կապված է իր հողին, երբեք չէր ցանկանա հեռանալ Մայր Հայրենիքից։ Պարզապես հայտնվել էի դրսում… Մեկ տարի հյուրընկալվելով բարի մարդկանց տանը՝ հասկացա, որ չեմ կարող իմ ունեցած միջոցներով տուն վարձել, իսկ չարաշահել մարդկանց բարի կամեցողությունը այլևս չեմ կարող։ Իմ տարիքում աշխատանքի տեղավորվելը պարզապես թանկ հաճույք կհամարվեր, իսկ աշխատանքային փորձն էլ մեզ համար արդեն փորձանք էր, առողջական խնդիրներն էլ մի կողմից ինձ կանգնեցրել էին փակուղու առաջ։ Ես չեմ լքել իմ Հայրենիքը, պարզապես ժամանակավորապես հեռացել եմ…. Երբ ինքնաթիռը բարձրանում էր օդ՝ կտրելով ինձ Մայր Հայաստանից, ես ինձ լրիվ որբացած զգացի և հասկացա՝ Հայրենիքը Մայր է, որին լքել չի կարելի, նա մեր կարիքն ունի, ինչպես նաև մենք՝ իր… ՌԴ-ում ես ոչ մի ծրագրեր չունեմ իրագործելու, մենք այստեղ ընդամենը ցածր վարձատրվող աշխատուժ ենք՝ կտրված Հայրենիքից, ժողովրդից ու մշակույթից… Առաջիկայում ես կլինեմ Մայր Հայաստանում և կմասնակցեմ իմ Հայրենիքի վերակերտմանը։
ՀՀ կառավարության արցախցիներին տրվող աջակցությունների ծրագրում ապրիլի 1-ից փոփոխություն է կատարվել, որից հետո մարդիկ ակամա հայտնվելու են դրսերում։ Սոցիալական խնդիրները, քանի գնում, ավելի են արտահայտվում․․․
-Ես միշտ էլ դեմ եմ եղել այդ աջակցությունների՝ արցախցիների կենսաբանական գոյությունն ապահովող ողորմելի միջոցներին… Մեր սխալը առաջին հերթին կայանում էր նրանում, որ, կառչելով այդ չնչին միջոցներից, մենք քաղաքական լուծում չենք տվել մեր կարգավիճակին։ Հենց սկզբից էլ մեր բողոքի ցույցերով պետության ուշադրությունը պետք է սևեռեինք մեր ցավոտ խնդիրների վրա։ Հիմա իշխանությունները կայուն իմունիտետ են ձեռք բերել մեզ տանջող ցավի նկատմամբ, և ժամանակն էլ մեր օգտին չի գործել։ Մենք կորցրել ենք տուն, հող, գերեզմաններ, մշակութային բազմադարյա արժեքներ, բայց չենք կորցրել մեր արժանապատվությունը։ Արցախցին իր վերջին կոպեկը դրել է արժանապատիվ կյանքի, իր երեխաների ուսուցման, իր բնակարանների բարենորոգման վրա։ Նրանք արժանի են արժանապատիվ վերաբերմունքի։ Մեկուկես տարի է անցել, բայց արցախցիների կարգավիճակն ավելի է սրացել, բնակծրագրերը դարձել են հերթական մանիպուլյատիվ գործողությունների արգասիք, իսկ ապրիլի 1-ի փոփոխությունը, ըստ էության, ուղղակի սպառնալիք է այդ մարդկանց գոյության համար։ Պետությունը պարտավոր է ոչ թե մոռացության տալ արցախցիներին, այլ ձևավորել ամբողջական քաղաքականություն՝ վերաինտեգրման, աշխատանքի, կրթության, կացության ապահովման ուղղությամբ։ Սա ազգային անվտանգության հարց է։
Տիկին Սահակյանը ցավով է խոսում վերջին ժամանակահատվածում Հայաստանում արցախահայության դեմ սկսված ատելության, թշնամանքի, Արցախի հողը չպահելու, չկռվելու մեղադրանքների մասին․․․
-Ցանկացած երևութ դիտարկելիս, նախ պետք է ինքնահարցադրում անես՝ ու՞մ է դա ձեռնտու։ «Բաժանի՛ր, որ տիրես»։ Խարխլվում են բռնատիրության հենասյուները, մարդիկ վաղուց հասկացել են, որ «թագավորը մերկ է»․ երբեմնի պատմական Հայաստանը դարձել է մոլագարների ձեռքին խաղաքարտ, և վտանգված է ՀՀ անվտանգությունը, ու ասպարեզ է նետվում վերջին խաղաթուղթը՝ ազգային ատելության սերմանումը երկու հատվածների ժողովուրդների միջև։ Ես չեմ արդարանում, որ կռվել ենք, կամ չենք կռվել, ես խայծը կուլ չեմ տալիս և ջուր չեմ լցնում իմ ժողովրդին տարանջատողների ջրաղացին, որովհետև մեկ տարուց ավելի է ապրում էի «հայաստանցու» տան, իսկ այդ «հայաստանցին» ծառայում էր Արցախում և բնակվում էր իմ՝ «արցախցու» տանը։ Հիմա երևի կհարցնեք՝ ի՞նչն է հենց իշխանությունների կողմից իրականացվող տարանջատման նպատակը. պարզից էլ պարզ է, շուտով ընտրություններ են, մեր հայրենակիցները ևս սոցիալական ծանր պայմաններում են գտնվում, և ո՞վ է մեղավորը՝ իհա՜րկե «արցախցիները», ովքեր ձեր հարկերի հաշվին են ապրում հեչ հերիք, դեռ իշխանափոխություն էլ են ուզում իրականացնել։ Արդյունքում այդ մանիպուլյատորները հայտնվում են «զոհի» կարգավիճակում և կարիք ունեն հանրային աջակցության։ Սա ամենավտանգվոր քայլն է, հենց դա էլ հաղթեց 2018, 2021 թվականներին։ Չեմ ուզում նախօրոք կանխատեսումներ անել, բայց մանիպուլյացիայի իններորդ ալիքը լինելու է ընտրությունների նախօրյակին… Իմ ժողովրդին կամք ու համբերություն…
Արցախցին պետք է համախմբված լինի, ապրի արժանապատիվ կյանքով
-Արցախահայությանը համախմբված տեսնելու համար նախ սոցիալական ցանցերից պետք է իջնենք իրականություն, պետք է կերտենք մեր ներքին միասնականությունը՝ հիմնելով այն կրթության, մշակույթի և ազգային արժեքների վրա։ Մեր ժողովդին անհրաժեշտ է է արժանավոր ու նվիրյալ առաջնորդ, որը հենց մեր, «Աքիլլեսյան գարշապարն» է։ Մենք պետք է քանդենք մեր և մեր հայրենակիցների միջև ծառացած ատելության և թշնամանքի անջրպետը և ստեղծենք հզոր ու կազմակերպված համայնք։ Այսօր մեր խնդիրը ոչ միայն վերադառնալը, այլ նաև ներկայումս արժանապատիվ կյանքով ապրելն է, որովհետև երբ սոցիալական խնդիրները դռնով ներս են մտնում, հոգևորն ու գաղափարայինը պատուհանով դուրս են գալիս։ Պիտի լեթարգիական քնից արթնացնել սփյուռքահայ մեր հայրենակիցներին և ամրապնդելով Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնությունը՝ ստեղծել միասնական ուսումնական ծրագրեր, սոցիալական փոխօգնություն և զարգացնող մշակութային նախագծեր։ Այդժամ արցախցիները չեն արժանանա ավելորդության, բեռ լինելու հանդիմանանքին, և կվերանան դրանից բխող տհաճ երևույթները…
Նելլի Սահակյանը հավատում է, որ վերադարձ Արցախ անպայման լինելու է․․․
-Այո, հավատում եմ…
Ճիշտ է, շատ եմ հիասթափություններ ու դառնություններ ապրել, բայց դա երբեք չի խարխլել իմ հավատը։ Ու երբ տեսնում եմ՝ թշնամին ինչպես է ավերում մեր քաղաքներն ու գյուղերը, ավելի եմ համոզվում, որ մեր վերադարձն անխուսափելի է, այլապես ինչու է ավերում, երբ նրա բնակչության զգալի մասը կեցության խնդիր ունի. Աստծո գործերն անքննելի են։
Պարզապես միայն երազելով Հայրենիք հետ չես բերի, պիտի ունենանք համազգային տեսլական, և մեր արժանապատվությունը, մշակույթն ու պատմությունը բարոյական հենարան են դառնալու Արցախ աշխարհիս վերակերտման համար, պարզապես համախմբվել ու գործել է պետք։ Արցախը հող չէ միայն, այն հոգի է ու սիրտ, որ կարոտով սպասում է մեզ։ Թող Աստված իրականացնի մեր տառապած հայրենակիցների երազանքը…
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ